Armlur.am-ը երեկ ներկայացրել էր Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանի նոր հակադարձումները Մշակույթի նախարարությանը: Նյութի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ` Ներկայացնում ենք երկրորդ մասը:
«Իսկ անժխտելի փաստերի ներկայացման մոտեցումը լինելու է այսպես. լուսանկար, նախագիծ (ուր կարմիր ուրվագծով սահմանազատված են չկատարված աշխատանքների սահմանները) և հաստատված նախահաշվի համապատասխան կետերը:
1. Չի բացված թմբուկի և աղոթարանի արևելյան պատուհանների հետագայում շարված պատային զանգվածները, որի արդյունքում կունենայինք վերջիններիս իրական ուղղաձիգ չափերը (տես լուսանկար – 12, գծագիր – 6, նախահաշվում համապատասխան կետը);
2. Հյուսիսային սրահի բաց խորանի կախված գմբեթարդի և կամարի քարերը քանդված վերաշարված չեն (տես լուսանկար – 13, գծագիր – 7, նախահաշվում համապատասխան կետերը):
3. Հարավային սրահի մկրտարանի մուտքային հատվածում նախատեսված վերակագնման աշխատանքները կատարված չեն (տես լուսանկար – 14, գծագիր – 8, նախահաշվում համապատասխան կետերը ընդգրկված են հարավային սրահի միասնական ցուցակում):
4. Տաճարի հյուսիսային և հարավային մուտքերի շեմքի աստիճանների տեղադրումը իրականացված չեն (տես լուսանկար – 15, գծագիր – 9, նախահաշվում համապատասխան կետերը):
5. Չեն տեղադրվել տաճարում նախատեսված մուտքերի նոր դռներն ու պատուհանները (տես գծագիր – 10, նախահաշվում համապատասխան կետերը):
6. Արևելյան ճակատի երկաստիճան գետնախարիսխների վերականգնողական աշխատանքները կատարված չեն (քարե բլոկները թափված են շրջակայքում) (տես լուսանկար – 16, գծագիր – 11, նախահաշվում համապատասխան կետերը):
7. Արևմտյան սրահի քիվերի, հարթ սրբատաշ քարերի վերաշարման, այնպես էլ նոր տաշ ու շարի աշխատանքները կատարված չեն (տես լուսանկար – 17, գծագիր – 12, նախահաշվում համապատասխան կետերը):
8. Իրականացված չեն արևմտյան և հարավային սրահներում զույգ թաղատակ կամարները, ամբողջ սրահների երկայնքով տեղադրվելիք մեկ շարք թաղի քարերը (տես լուսանկարներ – 18, 19, գծագրեր – 13, 14, 15, 16, նախահաշվում համապատասխան կետերը):
9. Ընդհանրապես հյուսիսային սրահում կատարվեծ չեն որևէ վերականգնողական աշխատանքներ (տես լուսանկարներ – 20, 21, գծագիր – 17, 18, նախահաշվում համապատասխան կետերը):
10. Հարավային սրահի կամարաշարի սյուների ստորին քարերի, ինչպես նաև ամբողջ երկայնքով (21 մ) ժապավենաձև գետնախարիսխների նոր տաշ ու շարի աշխատանքները կատարված չեն (տես լուսանկար – 22, 23, գծագիր – 19, նախահաշվում համապատասխան կետերը):
11. Սրահների սալահատակումը իրականացված չէ (տես լուսանկարներ – 24, 25, 26, գծագիր – 20, նախահաշվում համապատասխան կետերը):
12. Հարավային սրահի ավանդատան սալահատակումը իրականացված չէ (տես լուսանկար գծագիր – 20, նախահաշվում համապատասխան կետերը):
13. Իրականացված չէ եկեղեցու սալահատակի մասնակի քանդման-վերաշարման աշխատանքները (տես լուսանկար գծագիր – 20, նախահաշվում համապատասխան կետը):
14. Պատերի հողմանահարված քարերի, զարդաքանդակների ու կոթող-մահարձանի օբելիսկների մակերեսների երեսապատումը հիդրոֆոբ նյութով իրականացված չէ (տես նախահաշվում համապատասխան կետը):
15. Սրահների մասնակի վալիկավոր ծածկասալերի նոր տաշ ու շարի աշխատանքները կատարված չեն (տես գծագրեր – 12, 17, 19, նախահաշվում համապատասխան կետերը):
16. Իրականացված չէ թմբուկի ամրակայման աշխատանքները (տես գծագրեր – 1, 2, 3):
17. Կոթող մահարձանում կատարված է միայն վերին հատվածներում մասնակի վերանորոգումներ (տես լուսանկարներ – 27, 28, նախահաշվում համապատասխան կետերը): Կոթողի վերականգնման նախագծի մանրամասները չի ներառվել, հոդվածը չծանրաբեռնելու առումով:
Այս չկատարված աշխատանքների արժեքը կազմում է մոտ 40-45 մլն դրամ: Իմ կողմից ներկայացված այս փաստերից հետո, կարծում եմ, որ հարցը միանշանակ կարելի համարել փակված, ինչը վերջ կդնի նախարարի և նախարարության կողմից հետևողականորեն տարածվող ապատեղեկատվություններին:
Առիթից օգտվելով ցանկանում եմ մի երկու խոսքով անդրադառնալ փոխնախարար Ա. Սամուելյանի «Առավոտ.ամ» կայքում 31.08.2015թ. Օձունի համալիրի վերականգնողական աշխատանքների, տիրող իրավիճակի, լրագրողների կողմից բարձրացված հարցերի մեկնաբանությունների վերաբերյալ: Առաջին հայացքից զգացնել էր տալիս լրագրողների կողմից բարձրացված բուն հարցերին փոխնախարարի անվստահ ու խուսափողական պատասխաններ տալը, միայն իր «խորին համոզմունքին» վերականգնողական աշխատանքները «բարձր մակարդակի» գնահատեց, բայց այս անգամ ոչ իր կողմից, այլ` մասնագետների կողմից: Դեռ ավելին, բազմաթիվ մասնագետներ տվել են իրենց մեկնաբանությունները, այդ գնահատականին արժանանալու կապակցությամբ: Ցանկալի կլիներ այդ մասնագետներից գոնե մեկին մատնանշեր, առավել ևս մեկնաբանությունը: Իսկ սա ոչ այն ինչ է, քան հերթական իր ասածներին իսկություն և հնչեղություն տալն է, սակայն իրականում` հերթական ապատեղեկատվություն տարածելն է: Չեմ կարծում, որ իրեն հարգող մասնագետը իրազեկված լինելով այն կոպիտ խախտումներին, որոնք առկա են Օձունի համալիրում վերականգողական աշխատանքների արդյունքում և ինչի մասին 2013թ.-ից ահազանգում եմ, տար նման գնահատական: Եվ վերջապես ըստ փոխնախարարի, ծրագրով նախատեսված, նախագծա-նախահաշվային փաստաթղթերով առաջնորդված բոլոր աշխատանքները` 300 մլն. դրամի, կատարվել են: Դե իսկ «բոլոր աշխատանքների» մասին ես վերը նշել էի, որոնք նախագծում 17 անվանացանկով կան, սակայն չեն կատարվել: Վերջում ակնարկում է, որ բարերարն էլ է հավանել կատարված աշխատանքները: Կարծում եմ այս մեկնաբանությունը իր տված գնահատականին, հանրությանը ավելի «հավաստիացնելու» շատ թույլ «դաշնակից ընտրելու» օրինակ է: Ստիպված եմ նորից կրկնել, որ բարերարը մասնագետ չէ և նրա գնահատական տալը զուտ իր ընկալման չափորոշիչով է արտահայտված: Վերջում ևս մի փաստ, որն ուզում եմ ներկայացնել հանրությանը. երբ 168.ամ կայքի լրագրող Ն. Մանվելյանը 29.08.2015թ.-ին տպագրեց «Ում է հիմարի տեղ դնում Մշակույթի նախարարությունը. Օձունի սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքները կասկածի տակ» հոդվածը, որտեղ կար մի դրվագ, ուր ասվում էր, որ խմբագրության կողմից հարցում է արվել նախարարություն Օձունի համալիրի վերականգնողական աշխատանքների նախահաշվի պատճենը ստանալուն, սակայն վերջիններս չեն տրամադրել: Դա շատ բնական եմ համարում, որովհետև տրամադրման դեպքում նախարարությունը առարկայական ու բացահայտ կերպով կհաստատեր իմ կողմից մատնանշված 17 անվանացանկով չկատարված աշխատանքների իսկությունը: Բայց այստեղ առավել հետաքրքրականը լրագրողի կողմից ձեռք բերված և տպագրված նախահաշիվն է, որը վավերացված է (23.05.2012թ. թիվ 1-4 պայմանագիր) «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վ. Շերմազանյանի և շինարարի` «ԼԵՎԳՈՒԳ» ՓԲԸ-ի տնօրեն Լ. Ղուկասյանի համապատասխան կնիքներով և ստորագրություններով (տես թերթ – 1, 2 ):
Իսկ նախահաշվային արժեքը կազմում է 320.864.260 դրամ: Տեղեկացնեմ հանրությանը, որ հաստաված, փորձաքննությամբ անցած նախագծի (19.09.2011թ.) նախահաշվային արժեքը կազմում է 291.106.220 դրամ: Այսինքն տպագրված նախահաշիվը մոտ 30 մլն դրամով ավել է: Ասեմ, որ 23.05.2012թ. կնքված նմանատիպ օրինական նախահաշիվ, առանց փորձաքննության, որը վավերացված լիներ «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի կողմից, գոյություն չունի, այն էլ չհիմնավորված ուռճացված այսպիսի գնարժեքով, առավել ևս, որ 2012թ. հոկտեմբերի 16-ին Մշակույթի նախարարությանը տրվեց «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի կողմից կատարված «Ի լրումն 15.09.2011թ. հաստատված» լրամշակված նոր նախագծա-նախահաշվային փաթեթը, որն այդպես էլ չհաստատվեց, ինչի մասին ես վերը անդրադարձել էի: Մեկ անգամ ևս նշեմ, որ չնայած նախագիծը չհաստատվեց, սակայն բոլոր աշխատանքները կատարվեցին, բացառությամբ թմբուկի ամրակայումից, ինչպես նաև ընդունվեց ի գիտություն իմ կողմից նախագծում վերանայված ու հանված 263.4 քմ քանդում-վերաշարում աշխատանքը (որի նախահաշվային արժեքը կազմում է մոտ 22 մլն դրամ): Վերջինիս նախահաշվային արժեքը կազմում էր 319.077.370 մլն դրամ: Ուշագրավն այստեղ այն է, որ նախահաշվային այս արժեքը մոտ է լրագրողի կողմից ներկայացված նախահաշվի արժեքին, տարբերությունը ընդամենը կազմում է 786.089 դրամ: Զուգադիպություն է թե ոչ չեմ կարող ասել:
Երբ համեմատում ես հաստատված նախահաշվի և լրագրողի կողմից ներկայացված նախահաշվի կետերը, ապա վերջինիս մեջ աչքի են զարնվում կատարված աշխատանքների միևնույն ծավալների առկայության դեպքում գնարժեքի բացահայտ ավելացումը: Համեմատենք միայն երկու նախահաշիվների 1-ին 4 կետերը և պատկերը պարզ կլինի (տես թերթ – 1,3 ):
Եվ եթե երկու իրավաբանական կազմակերպությունների միջև (բարեգործական հիմնադրամի և շինարարարական կազմակերպության) գոյություն ունի վավերացված այս «երկրորդ» չհաստատված նախահաշիվը, ապա չեմ կարծում, որ բարերարը իրազեկված չլիներ այս վերափոխված նախահաշվի գոյության մասին, բայց միաժամանակ պետք է մատնանշեմ, որ բարերարը իր վերջին հարցազրույցի ժամանակ ակնարկել էր նաև միջոցների վատնման մասին (13.07.2015թ. Առավոտ. ամ «Հայաստանի մշակույթի նախարարությունը խոչընդոտներ էր ստեղծում Օձունի վերականգնման համար. բարերար»): Եթե այս նախահաշիվն է իրականում որպես գործող նախահաշիվ հանդիսացել, ապա Մշակույթի նախարարությունը ևս տեղյակ է այս ամենի մասին, քանզի փոխնախարար Ա. Սամուելյանը ինչպես ինքն է նշում, անձամբ է վավերացրել շինարարի կողմից ներկայացված կատարողական ակտերը (10.08.2015թ. 168 ժամ. ամ «Եթե ես այս պաշտոնը չզբաղեցնեի, ապա բանի տեղ չէի դնի` ով ինչ է խոսում»): Հետևություն անելը թողնում եմ ընթերցողին:
Կարծում եմ բերված անժխտելի փաստերը բավարար են լույս սփռելու Օձունի համալիրի վերականգնողական աշխատանքների իրական պատկերի վրա»