Երգիչ-երգահան ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ կարծիքով՝ այսօրվա հանրային ըմբոստության ալիքի պատճառը հասարակության դժգոհությունն է ոչ օբյեկտիվ ընտրությունների դեմ: Լրագրողների հետ հանդիպմանը մաստակով ներկայացած Հախվերդյանը նախ մաստակը հանեց, դրեց սեղանին, ապա նորից վերցրեց ու ծամեց՝ ասելով, որ հայ մամուլի նկատմամբ իր վերաբերմունքն է արտահայտում: Ապա փոխեց խոսքը, թե սխտոր է կերել, դրա համար է ծամում: Լրագրողների հետ զրույցում երգիչ-երգահանն ասաց.
-Դրանից հետո չըմբոստանա ժողովուրդը, ի՞նչ անի: Եվ հիմնականում շահել են այն գյուղերը, որտեղ համարյա մարդ չի ապրում` մի 2-3 պառավ, մեկի բերնում էլ ձեն չկա: Գնացել լցրել ու լցրել են: Մեռյալ հոգիների հանրապետություն է սա, մեռյալ հոգիները ձայն են տալիս:
-Եթե չեմ սխալվում, Սերժ Սարգսյանը Ձեզ ձայնասկավառակների ստեղծման հարցում աջակցել է…
-Մի անգամ 30 հազար դոլար փող է տվել մանկական երգերի «0-100 տարեկանների համար» ձայնապնակի համար: Մի՞թե դա կապ ունի քաղաքացիական դիրքորոշման հետ: Դրա համար նրանից շնորհակալ են մանուկները, որ լսում են այդ երգերը:
-Ձեր ելույթներից մեկում Ս. Սարգսյանի մասին ասել եք` «ադրբեջանական հեռավոր գավառից է եկել»…
-Հիմա ասեմ: Նրանք, ովքեր հասկացել են, նրանց պետք չէ ասել երկրորդ անգամ, ովքեր չեն հասկացել, իրենց գործն է: Սակայն ես կուզենամ ավելացնել, որ Ս. Սարգսյանը՝ որպես քաղաքական գործիչ, կայացել է Սովետական Ադրբեջանում: Եվ նա օգնականն էր մի մարդու, որի անունն է Կեւորկով: Այդ Կեւորկովի պատճառով Սովետական միության ժամանակ բավական հայաթափվեց Ղարաբաղը: Այդ ժամանակ Ս. Սարգսյանը նրա աջ ձեռքն էր: Եվ որպես քաղաքական գործիչ՝ նա գործում էր որպես կոմսոմոլի քարտուղար: Նրանք, ովքեր չեն հասկացել, գոնե իմ այս համառոտ բացատրությունից հետո, կարծում եմ, բավարարված կլինեն:
-Դուք կարծում եք՝ Սերժ Սարգսյանը ներդրում չի՞ ունեցել Արցախի ազատամարտում:
-Ներդրում ունեցել է մեր ամբողջ ժողովուրդը: Ինքը ներդրում է ունեցել կոռուպցիայի մեջ: Իմ ասածն այն է, որ նա գավառամիտ մարդ է, լայնախոհ չէ: Կարծում եմ՝ հատկապես նրա գալուց հետո կոնկրետ քաղաքային մշակույթը մեզ մոտ գորշացավ: Մարդիկ կային, որոնք կոչումներ ստացան, որ կապ չունեն կոչումների հետ, ռեկտորներ առաջ եկան, հենց նույն Մազմանյան Արմենը, որ որեւէ հայտնի ներկայացում չի արել, դարձավ Թատերական ինստիտուտի ռեկտոր: Գիտե՞ք` ինչու է նա այդպես դոշով պաշտպանում Ս. Սարգսյանին, որովհետեւ Ս. Սարգսյանը թույլ տվեց, որ նա 2.5 միլիոն դոլարով վաճառի «Ադրի»-ն: Եթե ես էլ այդքան փող աշխատած լինեի Ս. Սարգսյանի շնորհիվ, ես էլ կգովերգեի նրան:
-Որքանո՞վ է Ձեր կողմից ճիշտ նախ նույն այդ իշխանությունների աջակցությունն ընդունել, ապա նրանց քննադատել:
-Ասեմ` ես Լեւոն Տեր-Պետրոսյանից ոչինչ չեմ վերցրել: Նա ասում է, որ ես 300.000 դոլար փող եմ վերցրել, որպեսզի բուժվեմ այնտեղ: Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակ գործում էր մի օրենք, որ այստեղ եթե մի հայտնի արվեստագետ հիվանդանար, իրենք բուժում են որպես ֆրանսիական քաղաքացի, ասել է թե` ձրի: Ես բուժվել եմ այնտեղ ձրի: Ռոբերտ Քոչարյանն ինձ 3-սենյականոց բնակարանի փոխարեն 4-սենյականոց տվեց: Դուք դա օգնությո՞ւն եք համարում: Եթե տալիս են ու տալիս են տեղին, ինչի՞ պիտի չվերցնես: Բայց եթե մարդը սխալ բան է անում, ո՞նց դիտողություն չանես, օրինակ` մարտի 1-ը կուլ տալու բա՞ն է:
-Ի՞նչ կասեք Ձեր կոլեգա, պատգամավոր Շուշան Պետրոսյանի վերջին ելույթների մասին, որտեղ երգչուհին քննադատում է ընդդիմությանը: Վարդան Պետրոսյանի մասին էլ ասել է. «Այսպես է լինում, երբ մշակույթի գործիչը զբաղվում է քաղաքականությամբ»:
-Կարծեմ Շուշանը բավականին փողեր է ստանում պաշտպանության նախարարությունից, այնպես որ նա չի կարող չգովերգել Սերժ Սարգսյանին: Վարդան Պետրոսյանը շատ հայտնի մարդ է, շատ սրամիտ եւ նույնիսկ արվեստի արժեք է ներկայացնում իրենից: Ո՜ւր է Շուշան Պետրոսյանը՝ որպես արվեստի գործիչ, ո՜ւր է Վարդան Պետրոսյանը: Նա նույնիսկ իրավունք չունի նրա անունը տալ, այդքան բան:
-Ինչո՞վ կավարտվեն այս հանրահավաքները:
-Չգիտեմ, մենակ մի բան գիտեմ, որ մեր քաղաքական վայ-գործիչներից մեկն ասաց. «Փորձված թանը անփորձ մածունից լավ է»: Եթե այդ փորձված թանից գարշահոտություն է գալիս, եւ դու սովորել ես այդ գարշահոտությանը, սովետի ժամանակ կոմունիստ ես եղել, ՀՀՇ-ի ժամանակ` ՀՀՇ, Ռոբերտի ժամանակ Ռոբերտին ես ծափահարել, հիմա էլ գովերգում ես Ս. Սարգսյանին… Եթե էդ թանից, այսինքն՝ մեր իրավիճակից գարշահոտություն է գալիս, ձեռդ չգցե՞ս մի հատ տնական, անարատ մածունի: Մոռանում եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախեւառաջ մի քանի լեզու իմացող է, լայնախոհ, կրթված, ամենակարեւորը՝ կեղտոտված չէ, գործարքների մեջ չի մտել օլիգարխների հետ: Իսկ Ս. Սարգսյանը կամ իրա ախպերն ամեն տեղ փայի մեջ են մտնում: Ես գիտեմ, որ Ս. Սարգսյանն ԱՄՆ-ում առանձնատուն ունի եւ ոչ միայն առանձնատուն, բիզնեսներ էլ ունի: Էդ աշխատավարձո՞վ: Օլիգարխ պրեզիդենտ ունենալը նորմա՞լ երեւույթ է: Նա օլիգարխ դարձել է պրեզիդենտ դառնալուց հետո:
Ես չգիտեմ, թե ինչով կավարտվի այս ամեն ինչը: Ասում են` Րաֆֆին թիմ չունի: Թիմը կարծեմ ֆուտբոլում է լինում: Թիմը ընտրում են հետո, երբ ընտրում են պրեզիդենտ: Ընտրվել է Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց պրեզիդենտը Սերժ Սարգսյանն է: Մի՞թե դա բավական չէ, որպեսզի ցույցեր արվեն:
Հ.Գ. Ի դեպ, երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ավարտին, պարոն Հախվերդյանը, դիմելով աղջիկ լրագրողներին, ասաց. «Շա՛շ անտերներ, գնացե՛ք պսակվեք բոլորդ, բայց ո՞ւմ հետ, փեսացուները սաղ խոպան են գնացել»:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ