ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Աղջիկս գտնվում է երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի 3-րդ տարում: Հուլիսին պետք է 2-րդ երեխան ունենա: Հիմա ի՞նչ պետք է անի, որպեսզի կարողանա օրինական ճանապարհով երկարացնել 2-րդ երեխայի համար հատկացվող արձակուրդը:
Սուսաննա Ավետիսյան (61 տարեկան, ք. Արտաշատ) 
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Ավետիսյանի դիմումի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի:
Վարձու աշխատողին հղիության եւ ծննդաբերության նպաստ տրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 
«1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ՝ 
1) 140 օր (70 օր՝ հղիության, 70 օր՝ ծննդաբերության), 
2) 155 օր (70 օր՝ հղիության, 85 օր՝ ծննդաբերության)՝ բարդ ծննդաբերության դեպքում, 
3) 180 օր (70 օր՝ հղիության, 110 օր՝ ծննդաբերության)՝ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: 
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին»:
ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 2-րդ հավելվածի համաձայն՝ վարձու աշխատողին տրվող հղիության եւ ծննդաբերության նպաստը վճարվում է գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա:
շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի 
նախարարության աշխատանքի 
եւ զբաղվածության վարչություն 
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք, որ նախարարության պատասխանի շարունակությունը վերջնականապես կբավարարի մեր ընթերցողին:




Լրահոս