Ինքնահռչակ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելու հարցում ամենակարեւոր խնդիրը, որը մինչ օրս իր պաշտոնական պատասխանը չի ստացել, այն է, թե քրեական գործով մեղադրյալը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությունը, ինչպես է կարողացել անարգել հատել Հայաստանի սահմանը: Այս խնդիրը պարզելու համար «Ժողովուրդ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, քանի որ սահմանահատումների համար այս գերատեսչությունն է պատասխանատու: ԱԱԾ-ից տրված պատասխանը առավել քան ուշագրավ է: Պարզվում է, եթե մեղադրյալի նկատմամբ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոց է ընտրված, ապա նա անարգել կարող է Հայաստանից հեռանալ, քանի որ նրան դրանում արգելող օրենսդրություն գոյություն չունի: Ավելին՝ տվյալ խափանման միջոցի տակ գտնվող մեղադրյալների տվյալները ԱԱԾ-ին չեն հաղորդվում: Ուստի, ըստ ԱԱԾ-ի պատասխանի, սահմանը հատելիս, եթե մարդու ձեռքին կա անձնագիր եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չէ, ապա նրան ոչ ոք չի կարող արգելել Հայաստանից հեռանալ: ԱԱԾ-ից «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված պատասխանում հենց այդպես էլ նշված է. «Վ. Մարտիրոսյանի կողմից հայ-վրացական սահմանը հատելու պահին սահմանահատումն արգելելու իրավական հիմքեր չեն եղել»:
«Ժողովուրդ»-ը դեռեւս հուլիսի 28-ի համարում կանխատեսել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի միջոցով լուծվելու է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված մարզպետի որդուն «ազատելու» հարցը: Ինչպես հայտնի է՝ մահափորձի գործով կալանավորվածների մեջ է նաեւ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը: Վերջինս ծեծի գործով տուժող Զաքարյան եղբայրների մտերիմն է: Հենց այս փաստը հաշվի առնելով էլ «Ժողովուրդ»-ը երկու ամիս առաջ կանխատեսել էր, որ կողմերն, ի վերջո, «փոխանակում» են անելու՝ Տիգրան Խաչատրյանի ազատությունն ընդդեմ Արա Բուդաղյանի: Տիգրան Խաչատրյանին ազատելու համար անհրաժեշտ էր, որպեսզի տուժողները չբողոքեին: Այս խնդիրը լուծվեց, եւ մարզպետի որդին արդեն ազատության մեջ է: Ուստի, ենթադրվում է, որ այժմ հերթը հասել է Արա Բուդաղյանին ազատելուն, եւ իսկապես խնդիրը կփակվի «ոչ ոքի» արդյունքով՝ Ավետիք Բուդաղյանի կյանքի գնով:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած Մարալիկի քաղաքապետի ընտրությունների ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բնակիչներին էլէներգիայի վճարման կտրոններ է բաժանել: Պատգամավորն ասել էր, որ կարող է նաեւ համապատասխան կտրոններից ներկայացնել: Պարզվում է՝ Ա. Մանուկյանը մինչ օրս որեւէ փաստ չի ներկայացրել, չնայած արդեն 15 օր է անցել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը երեկ ասաց. «Ես ինչ ասել եմ, ճիշտ էր»: Մեր այն դիտարկմանը, թե փաստերն ումն է ներկայացրել, նա պատասխանեց, որ մանրամասները չի ցանկանում մեզ հայտնել: Ակնհայտ է, որ Ա. Մանուկյանը տհաճ իրավիճակում է հայտնվել, քանի որ երկուշաբթի մեկնակող ԱԺ քառօրյայում նա կա՛մ փաստեր պետք է ներկայացնի, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրի՝ ապատեղեկություն տարածելու համար:
Այն, որ Հայաստանի տնտեսությունը խոր ճգնաժամի մեջ է գտնվում, եւ իրավիճակը գնալով ավելի է վատանում, թերեւս վաղուց հաստատված փաստ է: ՀՀ Կառավարության անդամները այդ մասին հրապարակային չեն հայտարարում, բայց նրանց բոլոր գործողությունները հենց միայն այդ մասին են վկայում: Ինչպես հայտնի է՝ եկող տարվա պետբյուջեն, այս տարվա բյուջեի համեմատ, կրճատված է լինելու: Սակայն առավել ուշագրավ է, թե ինչպես է ՀՀ Կառավարությունը ծրագրում ավելացնել պետբյուջեի եկամուտները: Սովորաբար գործադիրը պետբյուջեի նախագծին կից օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացնում ԱԺ, որոնց նպատակը պետբյուջեի տվյալ նախագծով նախատեսված մուտքերի կատարումն ապահովելն է: Ըստ այդմ, պարզվում է, որ 2016 թվականի պետբյուջեի մուտքերը նախատեսվում է հավաքագրել՝ կրկնուսույցներին, կոշկակարներին եւ դերձակներին հարկային դաշտ բերելով: Այսինքն՝ որքան ողբերգական է վիճակը, որ հույսները դրել են ժամագործների եւ դերձակների հազարական դրամները հարկելու վրա:
ՉԻ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ
Վերջին մի քանի օրերին Նյու Յորք մեկնած Սերժ Սարգսյանը հասցրեց տարբեր ամբիոններից եւ տարբեր հարցերի շուրջ բազմաթիվ ելույթներ ունենալ, ինչպես նաեւ մասնակցել տարատեսակ քննարկումների, հանդիպումների, որոնց ընթացքում եւս անդրադարձավ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների: Կարելի է ասել` վերջին մի քանի օրերին ՀՀ քաղաքացիներն իրենց հուզող հարցերի շուրջ Նյու-Յորքում Ս. Սարգսյանի դիրքորոշումը պարզելու ավելի մեծ հնարավորություն ունեցան, քան վերջին մի քանի ամիսներին Հայաստանում:
Իրականում մամուլի ազատության հարցում առավել լայնախոհ գործչի համարում ունեցող Ս. Սարգսյանը տեղական լրատվամիջոցների հետ շփումների առումով Հայաստանի ամենափակ նախագահն է: Նա երբեք իր արտասահմանյան այցերից հետո ճեպազրույցներ չի ունենում օդանավակայանում (մի բան, որ մշտապես անում էին իր նախորդները)` հանրությանը ներկայացնելու համար այցի արդյունքները, նրա մամլո խոսնակները երբեք նախագահականում բրիֆինգներ, առավել եւս` մամլո ասուլիսներ չեն հրավիրում` ներկայացնելու նախագահի տեսակետը այս կամ այն հարցում, կամ էլ տեղեկացնելու նախագահի այցերի եւ աշխատանքային առաջիկա գրաֆիկի մասին, եւ, ի վերջո, Սարգսյանը երբեք որեւէ ընդդիմադիր լրատվամիջոցի հարցազրույց չի տալիս:
Ի տարբերություն իր նախորդների՝ նա գրեթե երբեք չի կազմակերպում նաեւ լրատվական դաշտի ղեկավարների հետ մինչ այդ ավանադական դարձած հանդիպումներ, որոնց ընթացքում հնչող հարցուպատասխաններն, ի դեպ, հրապարակման համար բաց էին: Ս. Սարգսյանի` այդպիսի եզակի փորձերից վերջինը երկու տարի առաջ էր, երբ նա լրատվական դաշտին մեղադրեց երկրում «գաղջ մթնոլորտ» ստեղծելու մեջ, եւ տպավորություն էր, որ նա մեդիա դաշտի խմբագիրների հետ հանդիպումը շփոթել էր գերատեսչական խորհրդակցության հետ, որոնց ժամանակ այնքան սիրում է վրդովված դեմք ընդունելով` դաստիարակչական խրատներ տալ իր ենթականերին:
Եթե փորձենք դիտարկել անցած յոթ տարիները, ապա դժվար է հիշել, թե բացի ամանորյա ձայնագրված միապաղաղ տեքստերից, երբ է Ս. Սարգսյանն ուղիղ խոսքով դիմել իր հայրենակիցներին: Կարելի է ասել, որ Սարգսյանի եւ ՀՀ քաղաքացիների ուղիղ կապն իսպառ բացակայում է, քանի որ անգամ տարբեր քարոզչական այցերի ընթացքում էլ քչերին է բախտ վիճակվում մոտենալ Ս. Սարգսյանին (դարձյալ ի տարբերություն իր նախորդների) եւ նրան որեւէ հարց ուղղել: Եվ անգամ այնպիսի կարեւորագույն հարցերում, ինչպես սահմանադրական փոփոխություններն են կամ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը, երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սարգսյանը հարկ չի համարում իր խոհերով եւ ծրագրերով կիսվել սեփական ժողովրդի հետ` փորձելով փարատել վերջինիս մտահոգությունները:
Դժվար է միանշանակ ասել, թե որն է դրա պատճառը՝ արդյոք ժողովրդի կարծիքը չկարեւորելը, թե այն գիտակցությունը, որ այդ ժողովուրդն իրեն չի ընտրել եւ, հետեւաբար, իր խոսքի կարիքը չունի: