ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 5-ի գիշերը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի գիշերային ակումբի մոտ տեղի է ունեցել  վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ: 
Այդ ակումբը Ագարակում միակն է եւ անուն չունի, այն պարզապես կոչվում է գիշերային ակումբ: Ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց ակումբի տնօրեն Արմենը, 7 ամիս առաջ բացված ակումբում ոչ մի միջադեպ չի եղել, եւ նախօրեին տեղի ունեցած դանակահարությունն իր համար էլ է զարմանալի ու անսպասելի:
«Մեր ակումբը ջրի խողովակների հետ կապված խնդիր ունի,  ես դեպքից 20 րոպե առաջ դուրս էի եկել ու գնացել ջուր բերելու, եւ երբ վերադարձա, իմացա, որ դանակահարություն է տեղի ունեցել,  տղաներին տեղափոխել են հիվանդանոց»,-պատմեց ակումբի տնօրենը:
Տեղեկացանք, որ վիճաբանողներից երկուսը՝ Հովհաննես Միսակյանը եւ Բորիս Անդրեասյանը, Ագարակ քաղաքի բնակիչներ են, իսկ վերջիններիս դանակահարող Արթուր Մանուչարյանը բնակվում է Մեղրի քաղաքում: 
Դանակահարվածներին՝ Հովհաննեսին եւ Բորիսին, տեղափոխել են Ագարակի հիվանդանոց, իսկ դանակահարողը` 22-ամյա Ա. Մանուչարյանը, ձերբակալվել է: Նշենք, որ Հովհաննես Միսակյանն ամուսնացած չէ, իսկ Բորիս Անդրեասյանն ամուսնացած է եւ ունի մեկ աղջիկ:
Արմենի խոսքով` դանակահարված Բորիսը իր քենակալն  է եւ լավ անձնավորություն: «Սուտ չեմ ուզում խոսել, հարբած մարդիկ չեն մտնում իմ ակումբ, քանի որ ես դա թույլ չեմ տալիս, եթե իմ ակումբ հարբած մարդ է մտնում, մենք նրան շատ բարեկիրթ ձեւով ասում ենք ցտեսություն: Այդ օրը, չգիտեմ, երեւի երբ ես դուրս եմ եկել, եւ իմ հետեւից Բորիսն է մտել, արդյունքում այսպիսի պատմություն է եղել»,-նշեց տնօրենը:
Վերջինիս խոսքով` Բորիսը հաճախակի չի այցելում իր ակումբ, իսկ դանակահարող երիտասարդին ինքը մի քանի անգամ տեսել է ակումբում. «Անձամբ չեմ ճանաչում այդ տղային եւ ցանկություն էլ չունեմ գնալ ու հետաքրքրվել, թե ինչու են դանակահարել իմ բաջանաղին: Դրանով թող զբաղվեն համապատասխան մարմինները: Հիմա բաջանաղս հիվանդանոցում է, սպասում եմ՝ առողջանա, մի քիչ վիճակը կարգավորվի, գնամ իմանամ, թե ինչ է կատարվել իրականում, ինչի համար են կռվել»:
Նշենք նաեւ, որ ակումբն այս ամենից չի տուժել եւ շարունակում է իր աշխատանքը: «Իմ ակումբն Ագարակ քաղաքում միակն է, եւ ոչ մի խնդիր մինչ այժմ չի եղել՝ ակումբի հաճախորդների հետ կապված, եւ ես ինչ կերպ ցանկացել եմ, այդ կերպ էլ ակումբն իր աշխատանքը արել է, ու մինչ այս դեպքը, կրկնում եմ, որեւէ խնդրի առաջ չենք կանգնել»,-ընդգծեց ակումբի տնօրենը:
Փորձեցինք զրուցել դանակահարված Բորիս Անդրեասյանի հոր հետ, սակայն նա չցանկացավ խոսել մեզ հետ` նշելով. «Կարեւորը՝ տղաս լավ է, իր կյանքին վտանգ չի սպառնում, ես էլ Ձեզ ավելացնելու ու ասելու բան չունեմ»: Այնուամենայնիվ, նա  տեղեկացրեց, որ ներկա պահին միայն  իր որդին  է հիվանդանոցում, իսկ մյուս դանակահարվածը` Հովհաննես Միսակյանը, հիվանդանոցից արդեն  դուրս  է գրվել:
Կատարվածի շուրջ զրուցեցինք Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ: Վերջինս տեղյակ էր միջադեպից եւ ասաց, որ իր տեղեկություններով՝  տղաները շատ հարբած վիճակում են եղել: «Գիշերային ակումբ հաճախող մարդուն էլ կասե՞ն, թե ինչի համար ես կռիվ արել: Չպետք է զարմանալ, թե ինչու են ակումբ հաճախողները կռվում, ուղղակի բանը չպետք է հասներ նրան, որ դանակահարությամբ ավարտվեր, եւ հետո էլ` մեր ակումբը մի՛ համեմատեք Երեւանի ակումբների հետ, դրանք տարբեր են: Կարեւորը տղաների կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց քաղաքապետը: 
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կատարվում է քննություն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ 




Լրահոս