Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ կրկին Վանաձորում էր: Արցախ պուրակն այս անգամ մարդաշատ չէր, բայց չէր էլ կարելի ասել, թե դատարկ էր:
«Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների խոսքով` սա հավաք չէր, Րաֆֆին եկել էր ուղղակի ժողովրդին բարեւելու: Չնայած դրան` ոստիկանությունը կրկին բարձրախոսով հայտարարում էր, որ հավաքն արտոնված չէ, եւ դարձյալ հավաքը նկարահանում էին տեսախցիկներով: Ինչեւէ, իր ելույթի ընթացքում Րաֆֆին կրկին կոչ արեց ժողովրդին չնահանջել, գնալ մինչեւ վերջ` տեր կանգնելով իրենց ձայներին, իսկ ժողովուրդն էլ, ի պատասխան, բացականչում էր՝ «միացում», «Րաֆֆի՛, նախագա՛հ»: Ր. Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ Վանաձորի քաղաքապետին եւ քննադատելով վերջինիս խոսքերը՝ ուղղված ժողովրդին (քաղաքապետը ժողովրդին անգիտակից էր անվանել), ասաց. «Ամո՛թ քեզ քաղաքապետ, ամո՛թ Դարբինյան»: Լսելով քիչ հեռու կանգնած ոստիկանների՝ բարձրախոսով արված հայտարարությունները՝ Րաֆֆին մոտեցավ նրանց եւ բացատրություն պահանջեց: Ի պատասխան՝ ոստիկանների «գլխավորը» նշեց, որ իրենք օրենքի սահմաններում են գործում: Դրանից հետո Րաֆֆին հայտարարեց. «Դե ուրեմն ինձ ձերբակալե՛ք, եթե օրենքի շրջանակներում եք գործում»: Այս խոսքերը լսելով՝ ոստիկանը հեռացավ:
Հավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Ռուբեն Հախվերդյանը, որը ողջունեց վանաձորցիներին. «Բարե՛ւ, Վանաձո՛ր, բարե՛ւ, Կիրովակա՛ն: Պատերազմը դեռ չի ավարտվել, մենք այժմ պայքարում ենք ներքին թուրքի դեմ, եւ մեզ հետ են մեր քաջ ֆիդայիները` Մոնթեն, Լեոնիդ Ազգալդյանը, մեր բոլոր տղերքը, նրանց հոգիները հիմա թեւածում են մեր գլխավերեւում»: Հախվերդյանը նաեւ վանաձորցիներին համերգ խոստացավ:
Հավաքից հետո Ր. Հովհաննիսյանը շարժվեց Հայքի հրապարակ` քայլելով Տիգրան Մեծի պողոտայով ու բարեւելով ժողովրդին:
ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Վանաձոր