ՕԹԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՎԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Արագածոտնի մարզի Օթեւան համայնքի միջնակարգ դպրոցն աշակերտների թվաքանակի պատճառով դեռեւս անցյալ տարի փակվել է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ համայնքի ղեկավար Բրո Ֆատոյանից. «Չորս աշակերտ ունեինք, դրա համար էլ փակվեց: Իսկ երեխաները հիմա վեցն են եւ հաճախում են հարեւան գյուղերի դպրոցներ»: Իրավիճակի պատճառը գյուղում առկա արտագաղթն է: Նրա խոսքով՝ գյուղում այժմ 70 մարդ է ապրում, սակայն նախորդ տարիներին բնակիչների թիվը եղել է 360: Օթեւանի բնակիչները ընտանիքի կարիքները հոգալու համար հիմնականում մեկնում են Ռուսաստանի Դաշնություն: «Դե մյուսներն էլ անասնագործությամբ են զբաղվում, բայց դրանով ի՞նչ ընտանիք պահեն: Դժվար է: Գնում են: Ի՞նչ անեմ, որ կանխեմ: Ասում ենք՝ մի՛ գնացեք, ձեր պապերի գյուղն է, էստեղ սրբություն ունեք, մնացե՛ք, բայց դե մարդիկ պետք է երեխա պահեն»,-նկատեց գյուղապետը: Հիշեցնենք, որ այս համայնքում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցել էր ընդամենը 29 հոգի, որից 28-ն ընտրել էր Սերժ Սարգսյանին, իսկ 1-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:




Լրահոս