ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔԻ ՆՈՐ ՍԻԹՔՈՄԸ ԱՐՄԵՆԻԱ TV-Ի «ԴՈՄԻՆՈ» ՍԻԹՔՈՄԻ ՆՄԱ՞Ն Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին ալիքն օրերս հեռուստադիտողների դատին ներկայացրեց նոր` «Ընտանյոք հանդերձ» սիթքոմը: Լուիզա Ներսիսյանի, Սամվել Թոփալյանի, Լեւոն Հարությունյանի, Լալա Մնացականյանի եւ մյուսների մասնակցությամբ հումորային սերիալը արդեն հասցրել է հետաքրքրություն առաջացնել, միեւնույն ժամանակ որոշ քննադատությունների տեղիք տալ: Սոցցանցերի օգտատերերը սկսել են նմանություններ գտնել «Ընտանյոք հանդերձ»-ի եւ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դոմինո» սիթքոմի միջեւ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ընտանյոք հանդերձ» սիթքոմի ռեժիսոր Հրաչյա Զաքարյանի հետ:

-Հանրային հեռուստաընկերությունը նոր սիթքոմը ներկայացնելով` ի՞նչ խնդիր է իր առջեւ դրել: Այսօր, երբ սիթքոմների թիվը գնալով աճում է, ինչո՞վ է այն տարբերվելու:
-Հանրային հեռուստաընկերության կողմից առաջին խնդիրը, որ դրվել է իմ առջեւ, բարձր որակ ապահովելն է. մեզ համար գլխավորը դա է: Իսկ ընդհանուր առմամբ, իրավիճակային կատակերգության ժանրին հավատարիմ մնալով՝ մենք փորձել ենք հետաքրքիր, հումորային բազմասերիանոց ֆիլմ ներկայացնել, որը հնարավոր կլինի դիտել ողջ ընտանիքով:
-Հպանցիկ կպատմե՞ք՝ ինչ իրադարձությունների շուրջ են ծավալվելու սիթքոմի գործողությունները: Փոքրիկ սյուժետային գծեր կբացահայտե՞ք:
-Սիթքոմի սցենարը կառուցված է երիտասարդ, հաջողակ տղամարդու շուրջ, ով կնամեծար է, բայց ոչ կնահպատակ: Կյանքի բերումով նա ապրում է կանանցով շրջապաված եւ փորձում է այդ միջավայրում մնալ իսկական տղամարդ:
-Համացանցում արդեն սկսել են քննարկումներ, որոնցում նշվում է, որ «Ընտանյոք հանդերձ»-ի թրեյլերն անչափ նման է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դոմինո» սիթքոմի թրեյլերին թե՛ դեկորացիաների, թե՛ դերասանների զգեստների եւ խաղի առումով: Ի՞նչ կասեք:
-Վստահեցնում եմ` բոլոր հեռուստադիտողներին եւ լրագրողներին, որ սցենարային որեւէ նմանություն չկա, միակ նմանությունը թիզերի բազմոցն է, իսկ դա ոչ «Դոմինո»-ի ստեղծագործական խմբի, ոչ էլ «Ընտանյոք հանդերձ»-ի հայտնագործությունը չէ: Բավական է համացանցում փնտրել, եւ կկարողանաք գտնել նման մոտեցմամբ նկարահանված բազմաթիվ համաշխարհային եւ ռուսական ֆիլմեր ու սերիալներ: «Ընտանյոք հանդերձ»-ի պարագայում ընտրված բազմոցը խորհրդանշում է այն ընտանիքը եւ տունը, որտեղ տեղի է ունենում սիթքոմի գործողությունների մեծ մասը:
Ի դեպ, ցանկանում եմ ֆիքսել, որ սիթքոմի նախապատրաստական եւ նկարահանման աշխատանքները մեկնարկել ենք ամիսներ առաջ: Իսկ Նոր տարվա գիշերը Հանրայինի տոնական եթերում հեռուստադիտողներին ներկայացվել է այս սիթքոմի նախատիպային ֆիլմը, որտեղ ներկայացվում էր Արամյանների ընտանիքը:
-Իսկ ինչպե՞ս են անցնում նկարահանման օրերը կադրից դուրս, արդյո՞ք գրանցվում են հետաքրքիր, զվարճալի դեպքեր: Գուցե հիշե՞ք մեկը:
-Անխոս, զավեշտալի դեպքեր շատ են եղել, առանց դրանց անհնար կլիներ: Այդ պատմություններով կկիսվենք նաեւ մեր հանդիսատեսի հետ: Շատ դեպքեր տեսագրված են, եւ ժամանակ առ ժամանակ դրանք կհայտնվեն համացանցում:
-Կան կարծիքներ, որ Հանրային հեռուստաընկերությունը միշտ նույն դերասաններին է ընդգրկում սերիալներում…
-Դերասաններն ընտրվել են սցենարին համապատասխան: Հեռուստադիտողները սիթքոմում կտեսնեն ինչպես հայտնի եւ մեծ վաստակ ունեցող դերասանների, այնպես էլ նոր դեմքերի:
Հ.Գ. Նշենք, որ «Ընտանյոք հանդերձ» սիթքոմը Առաջին ալիքի եթերում կլինի յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի՝ ժամը 20:30-ին:

 

 

 

 
ՍԵԶՈՆԻ ՀԱԿԱԹՐԵՆԴՆԵՐԸ` ԸՍՏ ՈՃԱԲԱՆԻ

Աշնանային նորաձեւությունը թելադրում է իր կանոնները` հիշեցնելով ոչ միայն այն մասին, թե ինչ է հարկավոր հագնել այս սեզոնին, այլեւ թե ինչն է հակացուցված: «Ժողովուրդ»-ը զրուցել է ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ` պարզելու համար, թե որոնք են այս տարվա աշնանային սեզոնի հակաթրենդները:

Նրա խոսքով` սեզոնի գլխավոր հակաթրենդներից մեկը համարվում են լեգգինսները, այն էլ գունավոր պրինտներով. «Սրանք այլեւս նորաձեւ չեն եւ համարվում են անտիթրենդ, դրանք ընդգծում են մարմինը եւ տգեղ կերպով են ցույց տալիս ոտքերի կառուցվածքը»,-ասաց նա:
Ի դեպ, ի տարբերություն նախորդ տարիների՝ այլեւս մոդայիկ չեն նաեւ ոտքերը կիպ գրկող ջինսե տաբատները:
Սեզոնի հաջորդ հակաթրենդը, ըստ ոճաբանի, բարձրակրունկ կոշիկներն են. «Խոսքը, հատկապես, չափից ավելի բարձր կոշիկների մասին է, որոնք նորաձեւությունից ամբողջովին դուրս են մղվել: Արդեն անտիթրենդ են համարվում նաեւ հատուկ պլատֆորմով բոթասները»:
Ըստ Ա. Կոշտոյանի` սեզոնի հակաթրենդներից են մարմինը կիպ գրկող զգեստները` տարբեր բացվածքներով. «Մինի զգեստները եւս դուրս են մղվել նորաձեւությունից. թրենդային է համարվում միդի եւ մաքսի չափը»:
Ոճաբանի խոսքով՝ այլեւս ակտուալ չէ նաեւ պայուսակի եւ կոշիկի միանման համադրությունը: «Որքան տարբեր, այնքան հետաքրքիր»,-խորհուրդ տվեց նա:
Ա. Կոշտոյանը շեշտեց նաեւ, որ արհեստական եղունգներ ունենալն այլեւս մոդայիկ չէ: Նրաձեւ չեն նաեւ ձեւավոր, զարդանախշ եղունգները. «Ողջ աշխարհն այսօր ձգտում է բնական վիճակի, արհեստական ոչինչ այլեւս նորաձեւ չէ, այդ թվում` մազերի հարդարումը օմբրե էֆեկտով»,-նկատեց նա:
Անտիթրենդ է համարվում նաեւ ամբողջական հավաքածուի տեսքով զարդերի տեսականու կրումը: Չի կարելի համադրել հատկապես նույն հավաքածուի վզնոցը, բազկակալը, մատանին եւ այլ զարդեր:
Ինչ վերաբերում է շպարին, ապա այս տարի կարմիր շրթներկը, ի տարբերություն նախորդ տարիների, երբ այն չափազանց նորաձեւ էր, դարձել է հակաթրենդ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգ կկազմակերպվի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը՝ կամերային երաժշտության համերգը կկայանա հոկտեմբերի 13-ին:
Տիգրան Մանսուրյանի, ինչպես նաեւ Էդգար Հովհաննիսյանի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Հենրիկ Վենյավսկու ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան Աննա Մարգարյանն ու Անի Արաբյանը (ջութակ), Գոռ Հովհաննիսյանն ու Արփինե Մարկոսյանը (ալտ), Արմինե Պետրոսյանը (թավջութակ), Տաթեւիկ Մարտիրոսյանը (դաշնամուր): Համերգի մուտքն ազատ է:

 

ՄԵՆՔ ԷԼ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՆԵՆՔ
Լեգենդար ամերիկյան The Headhunters ֆյուժն¬ջազ խումբը եւ աշխարհի 15 երկրներից ջազի աստղերը կդառնան Կալուգայում բացվող «Ջազային մարզ» 20-րդ հոբելյանական փառատոնի մասնակիցները: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մասնակիցների թվում են երաժիշտներ Անգլիայից, Գերմանիայից, Հայաստանից, Հոլանդիայից, Շոտլանդիայից, Լիտվայից, Իսրայելից, Բրազիլիայից, Կամերունից եւ այլ երկրներից: «Ջազային մարզ» միջազգային փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել 1996 թվականին, իսկ 1998 թվականից այն սկսել է անցկացվել ոչ միայն Կուրսկում, այլեւ մարզային այլ քաղաքներում: Համերգներից զատ՝ ջազմենները վարպետության դասեր կտան երիտասարդ երաժիշտներին:

 

ՀԱՅՈՒՀՈՒ ՏԻՏՂՈՍԸ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Անթալիայում կայացած «Little Miss World» համաշխարհային մանկական գեղեցկության մրցույթին առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանը:
11-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանը միջազգային հեղինակություն ունեցող ժյուրիի կողմից արժանացել է «Little Top Model of the World» տիտղոսին: «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր Գեւորգ Ասատրյանը News.am style-ի հետ զրույցում նշել է, որ մրցույթին նախապատրաստվել են 3 օր: «Մրցույթին մասնակցում էին չորս տարիքային խմբի մասնակիցներ` «Tiny Miss», «Mini Miss», «Little Miss» եւ «Teen Miss»: Յուրաքանչյուր խումբ ուներ իր հաղթողը: Սյուզաննան մասնակցում էր «Little Miss» խմբում, որտեղ ներկայանում էին 9-12 տարեկան երեխաները: Այդ խմբում հաղթող է ճանաչվել Ղազախստանը ներկայացնող Ակմեիր Ալին»,-նշել է «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիրը: Ինչ վերաբերում է մեր ներկայացուցչին` Սյուզաննային, ամռանը նա մասնակցել է «Թոփ մոդել Երեւան 2015» մանկական մրցույթին եւ արժանացել «Հանդիսատեսի համակրանք» հատուկ անվանակարգին: Սա հնարավորություն է տվել նրան նվաճել «Little Miss World 2015» համաշխարհային մանկական գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնելու ուղեգիր: «Little Miss World» համաշխարհային մանկական գեղեցկության Հայաստանի ազգային տնօրենը «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան է:




Լրահոս