Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, վարչության անդամ Վազգեն Կալթակճյանին եւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանին: Հիշեցնենք, որ սա այն ՍԴՀԿ-ն է, որի ղեկավարը դեռեւս լույսը չբացված հենց փետրվարի 18-ի գիշերը շտապել էր շնորհավորել Սերժ Սարգսյանին վերընտրության կապակցությամբ: Երեկ էլ, ահա, նույն պարոնը երկրորդել է իր շնորհավորանքը` հարկ համարելով նաեւ գնահատել Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության գործունեությունը: Ընդ որում, ուշագրավ է, որ Հայաստանի քաղաքական կյանքում որեւէ դերակատարություն չունեցող այս կուսակցության ղեկավարության հետ հանդիպման մասին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հարկ է համարել պետք եղածից ավելի ծավալուն հաղորդագրություն տարածել, այն դեպքում, երբ շատ ավելի կարեւոր հանդիպումների վերաբերյալ նույն այդ ծառայությունը սահմանափակվում է երկու նախադասությունից կազմված հաղորդագրություններով: Այնպես, ինչպես, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Սերժ Սարգսյանի հայտնի հանդիպումից հետո: Մինչդեռ Հայաստանում հիմնականում իր բիզնես պրոյեկտներով եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ավելի քան ջերմ հարաբերություններով, բայց ոչ երբեք իր քաղաքական գործունեությամբ հայտնի Սեդրակ Աճեմյանի դեպքում ՀՀ նախագահականի լրատվականը մեջբերել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետի «ծանրակշիռ» քծնանքագնահատականն առ այն, որ. «փետրվարի 18-ի ընտրությունները նախորդների համեմատությամբ մի քանի քայլով առաջընթաց է, կամ էլ` որ. «չնայած դեռեւս առկա բազմաթիվ խնդիրներին, որոնց Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում, Հայաստանը հաջողությամբ ընթանում է բարեփոխումների ուղիով, եւ անցած ժամանակահատվածում զգալի աշխատանք է արձանագրվել»: Այն, որ ՀՀ նախագահի նստավայրում այդչափ կարեւորում են քաղաքական լուրջ կշիռ չունեցող, Հայաստանում տեւական ժամանակ տարբեր միավորումների, լուծարումների ու դատական քաշքշուկների միջով անցած քաղաքական ուժի ղեկավարի գնահատականը, արդեն իսկ ցույց է տալիս, թե որքան տխուր վիճակում է հայտնվել Սերժ Սարգսյանը, որին ՀՀ ազդեցիկ քաղաքական ուժերից որեւէ մեկը չի շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ:
Ինքնին հասկանալի է, որ այդչափ կարեւորելով ՍԴՀԿ առաջնորդի գնահատականները (ի դեպ, վերջինիս ամենամեծ արժանիքը բազմամիլիոնանոց հարստությունն է)` Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող «Հայ հեղափոխական դաշնակցության», հայկական ավանդական կուսակցություններից հնչակներն էլ իր կողքին են: Սակայն դա բավականին թույլ փաստարկ է, քանի որ բոլորին էլ հայտնի է ՍԴՀԿ` սփյուռքում ունեցած իրական ազդեցության չափը: