ՆՍՏԱՑՈՒՅՑ ԵՊՀ-Ի ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց մոտ երկու տասնյակ ուսանողներ երեկ` վաղ առավոտից, դասադուլ-նստացույց էին կազմակերպել: Նրանք պահանջում էին անհապաղ հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանին: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ դասադուլավորների եւ ԵՊՀ ադմինիստրացիայի միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպի ընթացքում Գեւորգ Մելքոնյանը ոստիկանների ներկայությամբ հայտարարել էր, թե՝ «զորքը բե՛ր առաջ, տղերքին՝ ախալքալաքցիներին, բե՛ր առաջ», ինչից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր, այդ թվում նաեւ՝ մի շարք ԵՊՀ դասախոսներ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարից եւ ԵՊՀ ռեկտորից սկսեցին պահանջել պաշտոնապես պարզաբանել միջադեպը եւ պատժել իրենց պաշտոնը չարաշահած ու լիազորությունները գերազանցած անձանց:
Ռեկտորի օգնականի հրաժարականի պահանջով նաեւ ստորագրահավաք սկսեցին ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողները: Սակայն ինչպես այդ ստորագրահավաքը, այնպես էլ դասադուլը զանգվածային ընթացք չստացան: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է դասադուլի մասնակիցների թիվն այդքան նվազել, ԵՊՀ ուսանողներից մեկը՝ Գեղամ Բարսեղյանը, պատասխանեց. «Մեր մի մասը Սահմանադրական դատարանի մոտ է, իսկ մյուս մասը՝ այստեղ: Չեմ կարող հստակ պատասխանել, թե ինչու նրանք հիմա մեզ հետ չեն: Միգուցե հուսահատվել են կամ կոտրվե՞լ: Բայց մենք շարունակելու ենք մեր պայքարը մինչեւ մեր պահանջների կատարումը»: Նշենք նաեւ, որ ուսանողները վանկարկում էին՝ «Գեւո՛րգ, հեռացի՛ր», ինչպես նաեւ կոչ էին անում մյուս ուսանողներին միանալ իրենց նստացույց-դասադուլին: Սակայն նրանց այդպես էլ  ոչ ոք չմիացավ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս