ՏԱՎՈՒՇՑԻՆ ՀԱՍԿԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 10-ին Իջեւանում նախատեսված էր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ հանրահավաքի մասին տեղեկացնող մարտի 2-ին թվագրված նամակն ինքը ստացել է մարտի 4-ին: Դրանով իրազեկում էր կատարվում մարտի 10-ին՝ ժամը 12-ից մինչեւ 21-ը, Իջեւան քաղաքի Շատրվանների հրապարակում կայանալիք հանրահավաքի վերաբերյալ: Քաղաքապետն ասաց, որ այդ իրազեկումն ինքն ի գիտություն է ընդունել, եւ  հայտը բավարարվել է: Սակայն մարտի 10-ին Ր. Հովհաննիսյանի մասնակցությամբ հանրահավաք կայացավ Երեւանի Ազատության հրապարակում, իսկ Իջեւանում՝ ոչ: Տավուշի մարզպետի օգնական, ՄԻԱԿ կուսակցության ակտիվիստ Միքայել Մարտիրոսյանը (շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հորեղբոր որդին) Իջեւանում չկայացած հանրահավաքի մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ինչպես եւ սպասվում էր՝ հանրահավաքը տեղի չունեցավ, քանի որ մարդ չէր հավաքվել: Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ այն քաղաքում, որտեղ Հովհաննիսյանը հաղթել էր, մարդիկ հոգնեցին փուչ խոստումներից, հոգնեցին անիմաստ հանրահավաքներից: Տավուշեցին հասկացավ, որ ապահով Հայաստան տանող ճանապարհը մեկն է»: Համացանցում Մ. Մարտիրոսյանի գրառումները մեկնաբանությունների տեղիք են տվել: «Ֆեյսբուք»-ի օգտատերերից մի քանիսը գրել են, թե ինչպես կարող էր մարտի 10-ին Իջեւանում հանրահավաք լինել, եթե այդ օրը Երեւանում էր հանրահավաք նախատեսված, իսկ Ր. Հովհաննիսյանը մինչ այդ՝ մարտի 6-ին, Իջեւանում հանրահավաք էր անցկացրել: Օգտատեր Թաթուլ Աթաբեկյանն էլ, նկատի ունենալով Իջեւանում Ր. Հովհաննիսյանի ստացած ձայների թիվը, գրել է. «Տավուշցին փետրվարի 18-ին ասաց, թե ապահով Հայաստան տանող ճանապարհը որն է»:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս