ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը Գյումրիում նախատեսված այսօրվա համերգը հետաձգել է: Երեկ Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը նշել է. «Սա իմ խնդիրը չէ, պարզապես չէի ցանկանա, որ իմ համերգին ինչ-որ մարդիկ բախվեն՝ անկախ նրանից՝ տասը հոգի կլինեն, թե ավել»:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախատեսված էր Շուշան Պետրոսյանի համերգը: Երգչուհին «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ հայտարարել էր, թե Գյումրիում ընտրությունների ժամանակ փողը վերցրել են, բայց անազնիվ են գտնվել ու ընտրել են Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչը գյումրեցիների վրդովմունքն էր առաջացրել: Այդ պատճառով գյումրեցիները որոշել էին բողոքի ակցիա կազմակերպել «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց (համերգը պետք է այնտեղ կայանար)՝ դժգոհելով Շուշանի խոսքերից: Նույնիսկ խոսակցություններ կային, որ պատրաստվում են վարունգներով դիմավորել երգչուհուն՝ ծաղրելով Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը «խիարի թարս բուսնելու» վերաբերյալ:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, Շ. Պետրոսյանի հորաքույր Ալվարդ Պետրոսյանի հետ, որն իր միակ որդու մահից հետո քաղաքականությունից կարծես հեռացած լիներ:
-Տիկի՛ն Պետրոսյան, այսօր Հայաստանում շատ անկայուն իրավիճակ է ստեղծվել, ժողովուրդը դուրս է եկել Ազատության հրապարակ եւ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ նախագահի ընտրությունները: Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին:
-Գիտեք ինչ, նախ ես դեմ եմ բոլոր այն մարդկանց, որոնք այս ժողովրդին բաժանել են երկու մասի: Մի մասը անճաշակ ձեւով պաշտպանում է Սերժ Սարգսյանին, մյուս մասն էլ անճաշակ ձեւով՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ ջրբաժան են դրել ժողովրդի մեջ: Ես գտնում եմ, որ այսօր այն մարդկանց խոսելու ժամանակն է, որոնք կարող են արժանապատիվ ձեւով վերլուծություններ անել եւ փորձել այս երկու եզրերը միացնել իրար: Որովհետեւ մենք այնքան վտանգավոր ժամանակներում ենք ապրում… ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը մենակ հրապարակում հավաքվածը չէ:
-Բայց այն մարդիկ, որոնք հավաքվել են Ազատության հրապարակում, համոզված են, որ ՀՀ նախագահի ընտրությունները կեղծված են: Դուք այդ կարծիքի՞ն չեք:
-Ես այդ կարծիքին չեմ: Բայց ես չեմ կարծում, որ ընտրություններն անցել են անթերի: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է նախագահ: Շատ հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա կողմնակիցներին: Ես դեռ երկու կամ ավելի ամիս առաջ ասել էի, որ ուզում եմ իմ երկրի նախագահ ընտրվի մարդ, որից վառոդի հոտ է գալիս, որովհետեւ մենք պատերազմ սուզվող եւ վառվող ազգ ունենք մեր շուրջը: Այդ գեղեցկախոս բառերը ոչինչ են այսօրվա համեմատ, մի հատ նայե՛ք, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Նախագահին ընտրում է ժողովուրդը, Հանրապետական կուսակցությունը չէ, որ ընտրում է նախագահին:
-Լավ, որպես դաշնակցական՝ Ձեր կարծիքով՝ ճի՞շտ է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այս պահվածքը, որ հայտարարեց, թե հացադուլ է անում, ու միայն իր դիակի վրայով Սերժ Սարգսյանի երդմնակալությունը տեղի կունենա:
-Ճակատագրական բան է, հետո դրա տակից ո՞նց պետք է դուրս գա, եթե պետք է մեռնի՝ նախագահ չդառնալու համար, թող մեռնի, որովհետեւ դա այնքան փոքրիկ բան է:
-Իսկ Դուք ո՞ւմ եք տվել Ձեր քվեն:
-Ինքս ձայնս տվել եմ Սերժ Սարգսյանին, չեմ թաքցնում, բայց դա չի նշանակում, որ կույր եմ կամ խուլ, չգիտեմ՝ ինչ թերություններ կան, ամեն ինչ էլ գիտեմ: Ես իմ ձայնը տվել եմ այն մարդուն, որը ճանապարհ է անցել, փորձառու է, եւ Աստված մի արասցե, եթե վաղը մի բան պատահի, խուճապի չի մատնվելու:
-Ժողովուրդը, հատկապես գյումրեցիները, բուռն քննադատության ենթարկեցին Ձեր եղբոր դստերը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանին այն բանի համար, որ նա հայտարարել էր, թե ազնիվ չէ, «երբ Գյումրին փող վերցրեց, բայց ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին»…
-Խնդրում եմ, այդ թեմայով ինձ հարցեր մի՛ տվեք, բարոյական բաներ կան, որ ես երբեք չեմ ուզում խախտել: Ես ի սկզբանե նշեցի, որ ես չեմ ընդունում ո՛չ այս կողմի եւ ո՛չ էլ այն կողմի կռապաշտներին: Երբ որ առաջնորդի մասին է խոսվում ամպագոռգոռ բառերով, եւ ժողովրդի ջրբաժանն ավելի է խորացվում, ինձ համար ընդունելի չէ, ով ուզում է լինի:
-Երգչուհու խոսքերն այնքան են վրդովեցրել գյումրեցիներին, որ վերջիններս որոշել էին Գյումրիում համերգի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպել ու անգամ հայտարարել էին, թե նրան վարունգներով են դիմավորելու, ինչի պատճառով Շուշան Պետրոսյանը հետաձգեց իր համերգը…
-Ես օրորոցային եմ երգել, որ Շուշանը քնի, մեծանա: Ես ինձ թույլ չեմ տա պատասխանել այդ հարցերին: Ես չեմ կարծում, թե ճիշտ մարդ եք գտել, որը կպատասխանի այդ հարցերին:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ