Մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են պաշտպանական հարցերի վերաբերյալ մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ ՀՀ գործադիր իշխանության, պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

Հավաք-պարապմունքների շրջանակներում դասախոսություններով հանդես են գալու պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմիների ներկայացուցիչներ: Կներկայացվեն պետությունը և պետության միասնական կառավարման համակարգը ռազմական դրության փոխադրելու հիմնադրույթներին, ժամանակակից պատերազմների բնույթին ու զորահավաքային խնդիրներին առնչվող դասախոսություներ:
Ողջունելով հավաք-պարապմունքների մասնակիցներին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքներն ամրապնդում են պետության պաշտպանունակությունը, նպաստում հնարավոր թերացումների բացառմանը: Անդրադառնալով սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում անցկացված «Շանթ 2015» զորավարժությանը՝ Յուրի Խաչատուրովը բարձր է գնահատել ներգրավված կառույցների գործողություններն ու զորավարժության արդյունքները: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հավաքի մասնակիցներին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական սահմանագոտում առկա իրադրությունն ու տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը:

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա հավաք-պարապմունքների նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական բոլոր կառույցների փոխգործակցությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման գործում պաշտոնական պարտականությունների և իրավասությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:




Լրահոս