Խաղաղապահները կլինեն, երբ Արցախի հարցն ամբողջությամբ լուծվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը ադրբեջանական «Ապպա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Խաղաղապահների տեղակայումը կիրականացվի այն բանից հետո, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կողմերը համաձայնության հասնեն»:

«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում լարվածության աճ է նկատվում: Երկու կողմերը կորուստներ են կրում: Դրա հետ կապված՝ համանախագահները հայտարարությամբ են հանդես գալիս: Սակայն վերջիններս չեն նշում, թե ով է պատասխանատու այդ ամենի համար»,-իր հարցազրույցում նշել է Պոպովը: Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտման համար կողմերն ավանդաբար միմյանց են մեղադրում. «Ո՛չ համանախագահները, ո՛չ ԵԱՀԿ մոնիտորինգային խումբը, որը գտնվում է կոնֆլիկտի գոտում, հնարավորություն չունեն մեղավորների սահմանել՝ առանց համապատասխան հետաքննությունների անցկացման»:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են ԼՂՀ իշխանությունները վերաբերվում խաղաղապահների ներգրավման հարցին:

-Պոպովը խոսել է ընդհանրապես խաղաղապահների գաղափարի մասին, ինքը չի նշել, որ իրենք պետք է վաղը կամ մյուս օրը գան կամ ընդհանրապես չպետք է գան: Պետք է նշեմ, որ բոլոր բանակցությունների ընթացքում խաղաղապահները եղել են խաղաղ կարգավորման տարրերից մեկը: Բայց կրկնում եմ՝ դա չի նշանակում, որ նրանք պետք է տեղակայվեն այսօր, վաղը, կամ առանց դրա անհնար է կարգավորել հակամարտությունը, արդեն 21 տարի է՝ խաղաղությունն ու կայունությունը պահպանվում է առանց խաղաղապահների: Սա է մեր պատկերացումը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք ու մենք դեմ չենք այդ գաղափարին:

Բայց խաղաղապահները միայն վերջակետն է լինելու հակամարտության կարգավորման մեջ, երբ որ արդեն ամեն ինչ կարգավորված լինի, երբ որ արդեն Արցախի Հանրապետությունը ճանաչվի Ադրբեջանի կողմից ու հակառակը՝ Ադրբեջանը՝ Արցախի Հանրապետության կողմից, կլուծվեն սահմանների հարցը, քաղաքական, մարդասիրական բոլոր խնդիրները, մենք դրանից հետո որպես միջազգային հանրությանը տուրք մատուցելու… միգուցե ինչ-որ ուժեր սիմվոլիկ ձեւով սահմանի երկայնքով կարող են լինել տեղակայված: Բայց այն ժամանակ դրա կարիքը ընդհանրապես չի լինի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս