Քվեարկությունն ակտիվորեն կեղծվում է գյուղերում, ոչ թե քաղաքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունները, որպեսզի կարողանան սահմանադրական փոփոխությունները դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեով «անցկացնել», պետք է փորձեն կրկնել 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները` մի փոքր խմբագրումներով:

Հիշեցնենք, որ ընդհանուր հանրապետության կտրվածքով իշխանությունները Սերժ Սարգսյանի օգտին նկարել էին 860 հազար քվե: Սահմանադրական փոփոխությունների ժամանակ հնարավոր է՝ այդքան քվեի անհրաժեշտություն էլ չառաջանա: Բանն այն է, որ 2013-ի նախագահական ընտրություններում Հայաստանի իշխանությունները ստիպված էին մասնակցության ցուցանիշը բարձրացնել, քանի որ արդյունքների ամփոփման առաջին րոպեներից պարզ դարձավ, որ մարզկենտրոններում եւ մեծ քաղաքներում իշխանություններին չէր հաջողվել իրենց ուզած թիվը «խփել»:

Մասնավորապես Երեւանում, որտեղ ընտրությունների մասնակցության պաշտոնական թիվը 445 հազար էր, Սերժ Սարգսյանի օգտին հաջողվել էր գրել 208 հազար քվե: Բնականաբար սահմանադրական փոփոխությունների դեպքում իշխանությունները պետք է փորձեն վերանայել այդ ցուցանիշը: Այսինքն՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարտավոր է լինելու ապահովել առնվազն 250 հազար այո: Իհարկե, նա միայնակ պատասխանատվություն չի կրի այդ թվի համար: Նրա հետ միասին պատասխանատվությունը կկիսեն նաեւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներից յուրաքանչյուրը, մեծամասնական ընտրակարգով մայրաքաղաքից մանդատ ստացած պատգամավորները, տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մնացած պատասխանատուները: Նույնը վերաբերում է նաեւ մարզերին, դրանցում եւս հիմնական պատասխանատուները մարզպետներն են, բայց հանրաքվեն «նկարելու» խնդիրը նրանք պետք է լուծեն մարզային իշխանությունների ողջ համակարգի հետ միասին:

2013 թվականի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հիման վրա կարելի է կանխատեսել, թե մարզերից յուրաքանչյուրում իշխանությունները որքան «պլան» կդնեն: Ստորեւ ցանկով ներկայացնենք մարզը, մարզպետը եւ հնարավոր «պլանի» չափը.
Երեւան, Տարոն Մարգարյան-250 հազ. քվե
Արագածոտն, Սարգիս Սահակյան- 40 հազ. քվե
Արարատ, Ռուբիկ Աբրահամյան- 100 հազ. քվե
Արմավիր, Աշոտ Ղահրամանյան- 70 հազ. քվե
Գեղարքունիք, Ռաֆիկ Գրիգորյան- 100 հազ. քվե
Լոռի, Արթուր Նալբանդյան-70 հազ. քվե
Կոտայք, Կարապետ Գուլոյան-70 հազ. քվե
Շիրակ, Ֆելիքս Ցոլակյան-70 հազ. քվե
Սյունիք, Սուրիկ Խաչատրյան-50 հազ. քվե
Վայոց ձոր, Հարություն Սարգսյան- 20 հազ. քվե
Տավուշ, Հովիկ Աբովյան-40 հազ. քվե
Ընդամենը՝ 880 հազ. քվե:

Այս բաժանումով, եթե իշխանություններին հաջողվի իրենց «պլանի» 80 տոկոսն իրագործել, ապա այդ թիվը բավարար կլինի սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար:

Իսկ արդյոք ընդդիմությունը կարող է ձախողել իշխանությունների պլանները: Այս հարցի պատասխանը գտնելու համար նախ պետք է վերհիշենք, թե 2013-ին իշխանություններին ինչպես հաջողվեց իրենց համար ցանկալի արդյունքները ստանալ:
Հիշեցնենք, որ 2013-ին Հայաստանի գրեթե բոլոր մեծ քաղաքներում Սերժ Սարգսյանը պարտվել էր: Ավելին՝ ընտրությունների ելքը իշխանությունները լուծել էին շուրջ 500` առանց վերահսկողության մնացած գյուղերի միջոցով: Դրանք հենց այն գյուղերն էին, որտեղ նախագահի թեկնածու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահված անձ եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ չի ունեցել: Արդյունքում, 144 հիմնականում գյուղական տեղամասերում ընտրողների մասնակցությունը եղել է 90 եւ ավել տոկոս, իսկ Սերժ Սարգսյանի օգտին քվեները` 80 տոկոս ու ավել: Նույն պատկերն է եղել նաեւ այն մոտ 300 գյուղական տեղամասերում, որտեղ քվեարկության մասնակցությունը 70-ից 80 տոկոս է գրվել:

Այսինքն, եթե ընդդիմությունը ցանկանում է իշխանությունների ծրագրերը խափանել, ապա ուշադրությունը քաղաքներից պետք է շրջի դեպի գյուղերը: Այս պահի դրությամբ չենք կարող ասել, որ ընդդիմությունը փոխել է իր մարտավարությունը, քանի որ, ինչպես նախորդ ընտրություններում, սահմանադրական հանրաքվեի ժամանակ եւս ընդդիմության հիմնական ուշադրությունը սեւեռված է քաղաքների վրա. հանրահավաքներ, հանդիպումներ, քարոզարշավ…

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս