“Հրապարակը” “Արմավիայի” գրասենյակի աշխատակիցներից մեկից տեղեկացավ, որ իրենց մոտ ներկայումս վաճառված տոմսերի հաշվառում է ընթանում: Այս պահի դրությամբ դեռ ստույգ հայտնի չէ, թե քանի քաղաքացի պետք է հետ ստանա գնված տոմսերը, քանի որ հաշվառման գործընթացը տեխնիկական խնդիրների հետ է կապված:
Մինչ “Արմավիայի” սնանկանալուց տուժած քաղաքացիները ցույցեր են անում, վերջինիս սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը գտնվում է արտերկրում: “Արմավիայի” մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան ասաց, որ նա այսօր վերադառնալու է Երեւան: Քաղաքում նաեւ տեղեկություններ են շրջանառվում Բաղդասարովին պատկանող բենզագազալցման կայանների վաճառքի մասին, որոնցից Ավետիսովան տեղյակ չէր, քանի որ, ինչպես ինքն ասաց, կապ չունի այդ բիզնեսի հետ:
Մեր տեղեկություններով, ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել նաեւ “Միկա” ֆուտբոլային ակումբը: Ֆուտբոլիստներին արդեն երկու ամիս է՝ աշխատավարձ չեն վճարել, եւ նրանք մտավախություն ունեն, որ “Արմավիայի” սնանկացումը կանդրադառնա թիմի ճակատագրի վրա: “Միկա Արմենիա” ֆուտբոլային թիմի բարձրագույն լիգայի մարզիչ Արամ Ոսկանյանից փորձեցինք ճշտել այս տեղեկությունը: Նա պատասխանեց, որ թիմը նորմալ հունով պարապմունքներ է անցկացնում: “Կան խնդիրներ, բայց դրանք չեն ազդում մեր մարզական առօրյայի վրա”,- ասաց նա: