ՉԾԱՌԱՅԱԾ ԲԱՆԱԿԱՇԻՆԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի քաղաքապետարանի «Իջեւան» պաշտոնաթերթը 2013թ. փետրվարին լույս տեսած  անդրանիկ համարում «Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր» հոդվածում ներկայացնում է 2013թ. հունվարի 28-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում կայացած հայոց բանակի հոբելյանական տոնակատարությունը: Հոդվածում մասնավորապես գրված է. «Արժանավույնս գնահատվեցին եւ պարգեւատրման արժանացան մի շարք սպաներ, զինվորականներ: Բանակաշինության գործում ունեցած ներդրման համար պարգեւատրվեցին նաեւ Իջեւանի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու քաղաքապետ Վարդան Ղալումյանը»:
«Իջեւան» թերթի գլխավոր խմբագիր Տաթեւիկ Նազինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, Տավուշի մարզպետը ներկայացվել է որպես Իջեւանի մարզպետ, եւ հավելեց, որ մարզպետն ու Իջեւանի քաղաքապետը պարգեւատրվել են Իջեւանի գնդի հրամանատարության կողմից: Նշենք, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը չի ծառայել խորհրդային բանակում, ոչ էլ մասնակցել է ղարաբաղյան ազատամարտին: Սակայն նա պահեստազորի գնդապետ է: Երբ Տավուշի սահմանագոտում 1990-1994թթ. թեժ մարտեր էին, երբ հայրենասեր տավուշցիները սահմանագոտին էին հսկում, Արմեն Ղուլարյանը տաքուկ պաշտոններ էր զբաղեցնում. նախ՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության Իջեւանի շրջանային կոմիտեում շինարարության եւ արդյունաբերության բաժնի վարիչն էր, ապա Իջեւանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Տավուշի մարզպետարանի ղեկավարները անհարկի պարգեւատրվում են: 2011թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ Իջեւանի մշակույթի տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը ՀՀ անկախության գործում ունեցած ներդրման համար «Անանիա Շիրակացի» մեդալ հանձնեց Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանին, ՀՀ վարչապետի շնորհակալագրեր` մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանին, մարզպետարանի ֆինանսատնտեսական, սոցապ եւ առողջապահության վարչությունների պետեր Ռոբերտ Ներսիսյանին եւ Կարինե Դովլաթբեկյանին: Պարգեւներ ստացան նաեւ մարզպետարանի ենթակա հիմնարկների աշխատողները՝ բժիշկներ, ուսուցիչներ: Տավուշի մարզում դա մեծ վրդովմունք էր առաջացրել, շատերն էին խոսում այն մասին, որ Հայաստանի անկախության գործում ավանդ ունեցած մարզի ազատամարտիկներից, երկրապահներից ոչ մեկը պարգեւի չարժանացավ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս