«Եթե վատ ես, ինչի՞ չես մեռնում». 14 տարբեր հիվանդություններով տառապող դատապարտյալին 8 ամիս սխալ բուժում է տրվել, արդյունքում վիճակն ավելի է սրվել (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քիմիկոսներ» անվանումը ստացած հայտնի գործով 10 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առաքելյանի բողոքը ընդդեմ Դատապարտյալների հիվանդանոցի ընդունվել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ:

Այսօր դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ մեկնարկեց դատական քննությունը, որին ներկա էին դատապարտյալ Աշոտ Առաքելյանը, նրա շահերի պաշտպան Գագիկ Պապոյանը, դատախազ Սեյրան Մարտիրոսյանը, «Արմավիր» ՔԿՀ ներկայացուցիչ Արա Ղազարյանը, Բժշկական աշխատանքների հանձնաժողովի ներկայացուցիչ Կարո Առուստամյանը:

asot araqelyan..

Ըստ Աշոտ Առաքելյանի՝ ինքը տառապում է 14 տարբեր հիվանդություններով, որոնցից 3-ը պատժի կրման հետ անհամատեղելի են: Սակայն, Աշոտ Առաքելյանի խոսքով՝ հանձնաժողովին ներկայացվել է 2011 թվականի (այդ ժամանակ նա ազատության մեջ էր) էպիկրիզ, իսկ 2013-ին նրա վիճակն ավելի էր սրվել: Այսպիսով՝ դատապարտյալը նկատում է, որ իրեն բուժող բժիշկը՝ ոմն Մակարյան, աղավաղել է փաստերը և հանձնաժողովին գցել է թյուրիմացության մեջ. «Ես միշտ պետք է գտնվեմ բժիշկների հսկողության տակ: Ցմահ երկրորդ կարգի հաշմանդամ եմ: Եթե վիճակս սրվի, «Դատապարտյալների հիվանդանոցում» առկա պայմանները բավարար չեն լինի կյանքս փրկելու համար: Ես միջնորդում և խնդրում եմ միջգերատեսչական բուժզննում նշանակել և պարզել՝ ինչ օրինախախտումներ են արվել: Ինձ հետապնդում են և դիտավորյալ մերժում միջնորդություններս»,- հայտարարեց Աշոտ Առաքելյանը և դատախազի հարցին՝  անձնական թշնամանք ունի՞ բժիշկ Մակարյանի հետ, Առաքելյանը պատասխանեց, թե ինքը չունի, իսկ բժիշկն իր հանդեպ ունի:

ashot araqelyan..,jpg

Աշոտ Առաքելյանը նշեց, որ ինքը բազմիցս դիմել է քրեակատարողական վարչությանը, սակայն ապարդյուն: ԴՀ-ի նախկին պետ, այժմ «Սևան» ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանը և բուժծառայության պետ Միքայելյանը փաստեր են խեղաթյուրել, առանց որևէ լիազորության իրեն հայտնել հանձանաժողովի որոշման մասին, թեպետ դա պետք է ներկայացվեր ԲԱՀ-ի կողմից.

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ իմ սեփական միջոցներով ցանկանում եմ բուժում ստանալ, բայց թույլ չտվեցին: Ռենտգեն հետազոտության արդյունքները բժիշկ Մակարյանը չի ներկայացրել: Ինձ մոտ բերեցին ռևմատոլոգի, բայց պարզվեց՝ նա ինձ չի կարող օգնել, հետո բերեցին տրավմատոլոգի: Ու 7-8 ամիս ինձ սխալ բուժում տվեցին, արդյունքում առողջական վիճակս ավելի սրվեց: Ես անգամ հացադուլ հայտարարեցի, բայց ձայնս տեղ չհասավ: Ինձ Ցեբե-ից անօրինական դուրս գրեցին ու տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ: Բժիշկն ինձ դիստանցիոննի նայեց, որոշեց հիվանդությանս տեսակը առանց որևէ սարքավորման, հետազոտության: 2013-ից ի վեր որևէ հետազոտություն չի կատարվել: Ինձ ասում են՝ եթե վատ ես, ինչի՞ չես մեռնում: Իմ հիվանդությամբ տառապող դատապարտյալների 99%-ը մեռնում են, ո՞վ է պատասխան տալու»,- ներկայացրեց դատապարտյալ Աշոտ Առաքելյանը:

ՔԿՀ ներկայացուցիչ Արա Ղազարյանը հայտնեց, որ Առաքելյանի՝ ՔԿՀ տեղափոխվելու պահից նա հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել ԴՀ: Համապատասխան բացատրական աշխատանքներից հետո նա դադարեցրել է հացադուլը, ապա՝ տեղափոխվել ԴՀ: Աշոտ Առաքելյանի պահանջի հետ կապված ներկայացուցիչը որևէ դիրքորոշում չհայտնեց՝ պատճառաբանելով, որ հարցը բժշկական է, ուստի որևէ բան ասել չի կարող: Ի դեպ, Աշոտ Առաքելյանը Արա Ղազարյանին հայտնեց, որ «Արմավիր» ՔԿՀ դեմ ինքը որևէ բան չունի, իր խնդիր «Դատապարտյալների հիվանդանոցի» հետ է:

Ապա ներկայացավ բժիշկ Կարո Առուստամյանը, ով հայտնեց, որ համապատասխան բուժզննումն ու եզրակացությունները հանձնաժողովին թույլ են տվել որոշելու, որ Աշոտ Առաքելյանը պատիժը կարող է կրել ՔԿՀ-ում, և նրա հիվանդությունները ներառված չեն պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի մեջ:
Բժիշկը նաև հայտնեց, որ երբևէ չի արգելվել անազատության մեջ գտնվող անձանց կողմից հրավիրված բժիշկների անցկացրած հետազոտությունը, հետևաբար Աշոտ Առաքելյանը կարող է անձամբ բժիշկ հրավիրել: Սրան ի պատասխան՝ դատապարտյալն ասաց, որ իր կողմից բերված ցանկացած բժշկի նկատմամբ ճնշում է գործադրվել:

Ապա պաշտպան Գագիկ Պապոյանը հարց ուղղեց բժշկին, թե արդյոք սրտի իշեմիկ հիվանդության 2,3 աստիճանը չի՞ համապատասխանում կառավարության կողմից մատնանշված անհամատեղելի հիվանդություններին, բժիշկը բացասական պատասխան տվեց՝ նշելով, թե նշված աստիճանը բուժում է ենթադրում, իսկ 3-րդը՝ ոչ. «Դա տատանվում է, այսինքն՝ բուժման հավանականություն կա»,- պարզաբանեց բժիշկը:

Դատախազը ժամանակ խնդրեց փաստաթղթերին ծանոթանալու համար, և դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց նոյեմբերի 24-ին:

Հիշեցնենք, որ Աշոտ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Մերի Շաքե թատրոն ստուդիա» ՍՊ ընկերության տնօրեն, 2008թ. սկգբներին, Իրանի Իսլամական հանրապետությունից սահմանված կարգով Հայաստան Է ներկրել թմրամիջոցների պատրաստման պրեկուրսոր հանդիսացող՝ 9.520 կգ. «քացախաթթվի անհիդրիդ», որից հետագայում ապօրինի իրացնելու նպատակով, որպես իրացվելիք պրեկուրսորի նմուշ, Երեան քաղաքում, մոտ 14 լիտր ապօրինի իրացրել Է Աղվան Վանիկի Վարդանյանին։ «Քացախաթթվի անհիդրիդի» վերը նշված քանակությունը 2010թ. հունիսի 8-ին Աղվան Վարդանյանը կամովին ներկայացրել է Երևան քաղաքի Հարավ -Արևմտյան Բ-2 թաղամասի 93 շենքի թիվ 35 չբնակեցված բնակարանից։

Բացի այդ, 2009թ. դեկտեմբեր ամսին, Բուլղարիայում ծանոթանալով քննությամբ դեռևս չպարզված՝ արտերկրացիներ ոմն Խալոյի և Դայի հետ ու տեղեկանալով վերջիններիս կողմից «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի և հոգեմետ նյութ հանդիսացող «Էֆեդրինի» պարունակությամբ «կապտագոն» անվամբ հայտնի դեղահատերի առանձնապես խոշոր չափերի քանակություն ձեռք բերելու պատրաստակամության մասին, Հայաստան վերադառնալուց հետո, այդ մասին տեղեկացրել Է «Քիմտեխ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ տնօրեն Սամվել Խաչատրյանին, որին միաժամանակ ցույց Է տվել «կապտագոնի» պատրաստման բաղադրատոմսը։ 2010թ. սկգբներին, Հայաստան ժամանած Խալոյի և Մաջիթի հետ գործարքն առավել մանրամասն քննարկելուց հետո, Աշոտ Առաքելյանը, 2010թ. ապրիլ ամսին, առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց և «էֆեդրին» տեսակի հոգեմետ նյութ իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով Սամվել Խաչատրյանի և Արմեն Լեպեջյանի հետ, ընկերության օժանդակ մասնաշենքում նախապես այդ նպատակով տեղադրված հաբավորման սարքավորումներով, Արմեն Լեպեջյանի կողմից պատրաստած առանձնապես խոշոր չափի՝ 1 կգ. 500 գրամ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի և նույն քանակության հոգեմետ նյութ հանդիսացող՝ չպարզված հանգամանքներում ձեռք բերված «էֆեդրինի», ինչպես նաև այլ նյութերի օգտագործմամբ, դրանց հաբավորմամբ, ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 52 կգ, ընդհանուր՝ մոտ 150.000 «կապտագոն» դեղահատեր, որոնք քննությամբ չպարզված հանգամանքներում Սամվել Խաչատրյանն ու Արմեն Լեպեջյանը իրացրել են վերը նշված անձանց։

Դրանից բացի, 2010թ. սկգբներին, Արմեն Լեպեջյանից տեղեկանալով «ամֆետամինի» ելանյութի՝ պրեկուրսոր հանդիսացող «1-ֆենիլ-2-պրոպանոն» /կետոն, մեթիլբենզիլկետոն/ ձեռք բերելու մտադրության, նաև այն մասին, որ դրա արտադրությամբ «Բարոնի» ՍՊ ընկերությունում գբաղվում Է Աշոտ Մելիքյանը, դրա վերաբերյալ հայտնել է Աղվան Վարդանյանին, որից հետո, ապօրինի «կետոն» ձեռք բերելու և իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով Աղվան Վարդանյանի հետ, նույն ժամանակահատվածում, վերջինիս միջոցով Աշոտ Մելիքյանից մեկ կգ-ը՝ 270 ԱՄՆ դոլարով գնելու եղանակով ապօրինի ձեռք են բերել մոտ 75 կգ «կետոն», որից 55 կգ-ը՝ դրա մեկ կգ-ը՝ 400 ԱՄՆ դոլարով, Երևան քաղաքի Բագրատունյաց 14 շենքի մոտ, կրկին անգամ, իրացրել են Արմեն Լեպեջյանին, իսկ մնացած 20 կգ-ը, Աշոտ Մելիքյանի պահանջով Աղվան Վարդանյանը թափել Է։

Այնուհետև, 2010թ. մայիս ամսին, Աշոտ Առաքելյանը գործով դեռևս չպարզված նույն Մաջիթին առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելու շաբջ նախնական համաձայնության Է եկել Աղվան Վանիկի Վարդանյանի հետ։ Վերջինս, տեղյակ լինելով, որ Աշոտ Մելիքյանը կարողանում է պատրտաստել «ամֆետամին» տեսակի թմրամիջոց, իրացվելիք թմրամիջոցի նմուշը ձեռք բերելու և գնորդ Մաջիթին ցույց տալու համար դիմել է նրան։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2010 թվականի մայիսի 19-ին, Աղվան Վարդանյանը Երևան քաղաքի Բագրատանյաց 70/22 հասցեում գտնվող շենքի մոտ հանդիպել Է Աշոտ Մելիքյանի կողմից ուղարկված Հակոբ Համբարձումյանին, որից, կրկին անգամ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք Է բերել իրացվելիք թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի՝ մոտ 5 գրամ «ամֆետամինի» աղի նմուշը, որը Անգլիական այգում Աշոտ Առաքելյանի հետ միասին ցույց են տվել ոմն Մաջիթին։

Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքով հանցագործությունը՝ Աղվան Վարդանյանի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելը չեն կարողացել հասցնել ավարտին, քանի որ Մաջիթը հայտնել Է, որ իր ուզածն այդ թմրամիջոցը չէ, ինչից հետո, երբ բաժանվել են, նմուշը թափել են այգու աղբարկղներից մեկի մեջ:

Շարունակելով հանցավոր գործունեությունը, 2010 թվականի մայիսի 21-ին, Աշոտ Առաքելյանը 15 կգ. «ամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով Աղվան Վարդանյանի հետ, պայմանավորվել են այն ձեռք բերել «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերությունից։ Պայմանավորվածության համաձայն, Աշոտ Առաքելյանը Երևան քաղաքի Արեշ թաղամասում, «Քիմտեխ ԳՀԻ» ՓԲԸ տնօրեն Սամվել Խաչատրյանից և Արմեն Լեպեջյանից, որպես իրացվելիք թմրամիջոցի նմուշ, ապօրինի ձեռք Է բերել առանձնապես խոշոր չափի՝ 31,7084 գրամ «ամֆետամին», որը գնորդ Արտակ Մանուչարյանին իրացնելու համար նույն պահին հանձնել Է Աղվան Վարդանյանին։ Վերջինիս կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գործող «Մարմարի աշխարհ» խանութի մոտ իրացվելիք թմրամիջոցի նմուշը՝ առանձնապես խոշոր չափի՝ 31,7 գրամ «ամֆետամինի» քանակությունը Արտակ Մանուչարյանին կրկին անգամ իրացնելուց հետո, հանցագործությունը՝ Աղվան Վարդանյանի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի 15 կգ. «ամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելը, իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հասցնել ավարտին, քանի որ Աշոտ Առաքելյանը հասկացել Է, որ գտնվում է իրավապահ մարմինների տեսադաշտում։




Լրահոս