Սիրիայի հետագա ճակատագրի մասին բանակցությունները կընթանան մոտ օրերս, սակայն դեռևս անհնար կլինի խաղաղ ծրագիր մշակել, որը կբավարարի բոլոր կողմերին. գրում է The Independent պարբերականը:
Պարբերականը նշում է, որ կողմերը, որոնք ներկա կլինեն Վիեննայում հանդիպման ժամանակ, բաժանվում են 3 տեսակի. երկրի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները, որոնց թվում՝ Ռուսաստանն ու Իրանը, նրա հակառակորդները՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, և նրանք, ովքեր գտնվում են 2 բևեռների միջև, օրինակ` Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն:
Ինչպես գրում է պարբերականը, հարցն այն է, թե բանակցություններում որքան ճկուն կլինի Ռուսաստանի դիրքորոշումը: Նշվում է, որ Մոսկվայի ծրագիրը ներառում է 18 ամսվա ընթացքում սիրիական սահմանադրության ստեղծումը, ընդ որում, ոչինչ չի ասվում Ասադի հրաժարականի մասին:
Հոդվածի հեղինակը նշում է, որ բարդ կլինի ընտրություններ անցկացնել Սիրիայում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին: Այնուամենայնիվ, Ռուսաստանը հույս ունի, որ Վիեննայի բանակցությունները թույլ կտան ընդդիմության հետ կլոր սեղանի շուրջ նստել: Ընդ որում, նշվում է, որ Սիրիայում մի շարք ընդդիմադիր խմբավորումներ Ռուսաստանը որակում են որպես ահաբեկչական:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական ընդդիմությունը հրաժարվել է Սիրիայում կոնֆլիկտի կարգավորման հարցում ռուսական խաղաղ ծրագրից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան