Երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժին է հրավիրվել ԲՀԿ տարածքային կառույցի անդամ Արմեն Փարսյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ ոստիկանները ԲՀԿ ակտիվիստից պահանջել են Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ չաշխատել ԲՀԿ-ի օգտին՝ սպառնալով նրա դեմ քրեական գործ հարուցել:
Ոստիկանությունը, սակայն, պարզաբանում է տարածել՝ հայտարարելով, թե Արմեն Փարսյանին բաժին հրավիրելը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի: «Այս տարվա մարտին ոմն Արմեն պայմանավորվածություն է ձեռք բերել Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող, չգործող պտուղ-բանջարեղենի կրպակներից մեկը վարձակալելու մասին: Կրպակատերը հետագայում որոշել է այն հետ վերցնել եւ դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ պատրաստ է վերադարձնել վարձավճարը: Դիմումի կապակցությամբ պարզաբանումներ տալու նպատակով վարձակալը հրավիրվել է ոստիկանություն»,-ասված է հաղորդագրության մեջ: Ահազանգից հետո երեկ ոստիկանություն էին այցելել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ՝ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանը, որոնք հանդիպել են ոստիկանության բաժնի պետի հետ:
Հանդիպումից հետո «Ժողովուրդ»-ը զրուցեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ:
-ԲՀԿ ակտիվիստին ոստիկանություն հրավիրել էին ինչ-որ քաղաքացու ինչ-որ դիմումի վերաբերյալ բացատրություններ տալու համար: Մենք եղել ենք ոստիկանությունում, հանդիպել Նոր Նորքի բաժնի պետի հետ: Մենք նրանից խնդրեցինք ցույց տալ դիմումի օրինակը՝ ծանոթանալու համար, որովհետեւ ե՛ւ ոստիկանության բաժնի պետի բանավոր խոսքերից, ե՛ւ ոստիկանության տարածած հաղորդագրությունից պարզվում է՝ սա ընդամենը քաղաքացիաիրավական հարթության մեջ տեղի ունեցող հարց է: Ուստի երբ որեւէ քրեական խնդիր չկա, կատարվածն առնվազն զարմանալի է: Մենք ուշադրությամբ հետեւելու ենք իրադարձությունների զարգացմանը, ակնկալում ենք իրավաչափ, օրենքի դրույթի համապատասխան գործողություններ: Եվ ցանկացած պարագայում մեր թիմակցի հետ կապված որեւէ խնդրին արձագանքելու ենք՝ տալով համապատասխան գնահատականներ:
-Արդյոք կատարվածը որեւէ քաղաքական ենթատեքստ ունի՝ հաշվի առնելով, որ սկսվել է նախընտրական շրջանը: Դուք կատարվածը կապո՞ւմ եք Երեւանի ավագանու ընտրությունների հետ:
-Ես, բնականաբար, պաշտոնական լիազորություններից ելնելով, պետք է զերծ մնամ քաղաքական գնահատականներ տալուց:
-Այնուամենայնիվ, տեսակետ կա, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան ԲՀԿ-ականների նկատմամբ իշխանությունները, մասնավորապես իրավապահները, կսկսեն «հետաքրքրասիրություն ցուցաբերել»:
-Մենք արդեն առիթ ունեցել ենք իրավապահ մարմինների ոչ անաչառ հետաքրքրասիրության հետ առնչվելու, բայց ես հուսով եմ՝ այս անգամ գոնե նման հետաքրքրասիրություն չեն դրսեւորի:
-Իշխող ՀՀԿ-ն ԲՀԿ-ից հնչող քննադատությունները բավական ծանր է տանում, ընդ որում, ԲՀԿ-ականներին ավելի սուր են հակադարձում, քան այլ կուսակցությունների ներկայացուցիչներին: Կիսո՞ւմ եք այդ տպավորությունը:
-ԲՀԿ-ական պատգամավորների, ԲՀԿ ներկայացուցիչների կողմից թվերի լեզվով եւ իրավական ձեւակերպումներով հնչեցված հարցադրումներին ու քննադատությանը ՀՀԿ-ից արձագանքում են անմակարդակ, ցածրորակ վիրավորանքներով: Ես ուզում եմ, որ այսքանից հետո ժողովուրդն ինքը ենթադրություն անի:
-ՀՀԿ-ականները պնդում են, թե ԲՀԿ-ն, երբ իշխանության մեջ էր, չէր քննադատում, կողմ էր քվեարկում կոալիցիոն նախաձեռնություններին, իսկ հիմա, երբ դուրս է եկել կոալիցիայից, նաեւ քաղաքական շոուի համար է նման սուր գործելաոճ ընդունել:
-Նախ՝ ԲՀԿ-ն ամեն ինչին կողմ չի եղել, նաեւ նախկին գումարման խորհրդարանում բազմիցս հանդես է եկել հակադարձող, չհամաձայնող կարծիքներով, քվեարկություններով: Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն էլ իր հերթին 50-ից ավելի առաջարկություններ է ներկայացրել, սակայն դրանք չեն ընդունվել քաղաքական մեծամասնության կողմից: Ընդամենը 8-ն են նախաձեռնության տեքստ ստացել ու դարձել իրավական ակտեր: Եվ տարատեսակ անհամաձայնությունների պատճառն էր, որ ԲՀԿ-ն ԱԺ ընտրություններից հետո չմտավ կոալիցիոն կառավարման մեջ:
ԲՀԿ-Ի ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ