«Ժողովուրդ» օրաթերթի հաշվարկները ցույց են տալիս, որ շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված յուրաքանչյուր դեղահաբի մեջ մոտավորապես 400-700 դրամ տնտեսում է արել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նա այս տարվա սկզբին հայտարարված մրցույթում գնել է առաջարկված ամենաէժան բելառուսական ինսուլինը, որը ինսուլինակախյալ գրեթե բոլոր հիվանդները մերժում են:
Մենք տարբեր առիթներով անդրադարձել ենք շաքարային դիաբետիկներին պետության կողմից հասանելիք անվճար դեղորայքի բաշխման խայտառակ գործընթացին՝ նկարագրելով, թե ինչպես են պետական ատյանները (մարզպետարաններն ու պոլիկլինիկաները) շաքարային դիաբետով հիվանդներին ուղարկում դեղատուն՝ իրենց համար կենսական նշանակություն ունեցող դեղերը գնելու համար: Բանն այն է, որ պետբյուջեի միջոցների հաշվին ձեռք բերված բելառուսական ինսուլինը շատ հիվանդների չի օգնում:
Ինչի՞ց է սկսվել այս խայտառակությունը: Նախորդ տարիներին շաքարային դիաբետիկների համար նախատեսված դեղերի մրցույթներին մասնակցել են «Էլայ-Լիլի» եւ «Նովոնորդիսկ» ընկերությունները՝ բերելով հիմնականում «Xumulin M3» տեսակի ինսուլին, որից հիվանդները մշտապես գոհ էին: Սակայն այս տարվա հունվարի 30-ին կայացած մրցույթի ժամանակ նրանք պարտվել են: Իսկ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, նշել է, թե «Նախարարությունը գրավոր դիմել էր «Էլայ-Լիլի» եւ «Նովոնորդիսկ» ընկերություններին ՀՀ գործող օրենսդրության համաձայն շրջանակային համաձայնագրերով գնման ընթացակարգի մասնակիցների ցանկում գրանցվելու եւ ինսուլինի մատակարարման մրցույթին մասնակցելու համար, սակայն վերոնշյալ կազմակերպությունները չեն արձագանքել»: Արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել «Նատալի ֆարմ» ընկերությունը, որը, 2013թ. 1-ին կիսամյակի համար կնքված պայմանագրի համաձայն, ՀՀ առողջապահության նախարարությանը պետք է մատակարարի 4800 դրամ արժողությամբ 83.512 ինսուլինային սրվակ, որի ընդհանուր արժեքը կազմում է 400,8 մլն դրամ:
Համեմատության համար նշենք, որ Երեւանի մի քանի դեղատներում արված «Ժողովուրդ»-ի հարցումները պարզեցին, որ շաքարային դիաբետով հիվանդների շրջանում մեծ պահանջարկ ունեցող «Xumulin M3» ինսուլինի 1 սրվակը կարելի է գնել 6000 դրամով (որը մի քանի ամիս է, ինչ պարզապես չկա Հայաստանում): Սա նշանակում է, որ արտերկրից մեծածախ գնման դեպքում այն հնարավոր կլիներ ձեռք բերել մոտ 5000-5500 դրամով կամ գուցե ավելի էժան:
Օրինակ՝ Մոսկվայում «Xumulin M3» ինսուլինի 1 սրվակն արժե 450-480 ռուբլի՝ մոտ 6200 դրամ: Ասել է թե՝ Հայաստանը, այնուամենայնիվ, որակյալ դեղամիջոց գնելու համար էժան տարբերակներ օգտագործել է մինչ այժմ, եւ առնվազն տարօրինակ է, թե ինչու է ՀՀ առողջապահության նախարար նշանակված Դերենիկ Դումանյանը որոշել հենց դիաբետով հիվանդների հաշվին տնտեսումներ անել եւ «Xumulin M3»-ի փոխարեն գնել մոնոինսուլին՝ «շահելով» մոտ 400-700 դրամ:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց հենց ՀՀ առողջապահության նախարարությունից պարզել՝ ճիշտ է արդյոք այն տեղեկությունը, որ մոնոինսուլինը (միջին ազդեցության ինսուլին) իր որակական հատկանիշներով, հատկապես արդյունավետությամբ զիջում է «Xumulin M3»-ին: Հարցին ի պատասխան՝ Քրմոյանն արձագանքել է. «Մոնոինսուլինը կարճատեւ ազդեցության ինսուլին է: Ազդեցությունը սկսվում է ներարկումից կես ժամ անց եւ հասնում առավելագույնին 1-3 ժամվա ընթացքում: Ընդհանուր առմամբ ազդեցությունը տեւում է 8 ժամ կիրառումից հետո: Մինչդեռ «Humulin M3»-ը ազդման միջին տեւողությամբ ինսուլին է, որի ազդեցությունը սկսվում է ներարկումից 1-2 ժամ անց, հասնում առավելագույնին 4-12 ժամվա ընթացքում եւ տեւում 16-24 ժամ: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մոնոինսուլինը լուծույթ է, «Humulin M3-ը»` դեղակախույթ (սուսպենզիա), միմյանցից տարբերվում են նաեւ իրենց բաղադրությամբ, ուստի դրանց ե՛ւ որակական հատկանիշների, ե՛ւ արդյունավետության համեմատումը հիմնավորված չէ»:
Քրմոյանի տերմինախեղդ պատասխանում հստակ երեւում է, որ իրենց առաջարկած մոնոինսուլինի ազդեցությունը տեւում է 8 ժամ, իսկ «Xumulin M3»-ի ազդեցությունը սկսվում է ներարկումից 1-2 ժամ անց, հասնում առավելագույնին 4-12 ժամվա ընթացքում եւ տեւում 16-24 ժամ: Ասել է թե՝ նախարարության պաշտոնյաներն էլ գիտեն, որ որակյալը «Xumulin M3»-ն է: Իսկ թե ինչու են հիվանդների «գլխին կապում» էժանագին եւ ազդեցությամբ ավելի թույլ դեղատեսակները, մնում է կռահել:
շարունակելի
ԴԻԱԲԵՏԻԿՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՅՈՒՋԵՆ ՏՆՏԵՍՈՒՄ ԵՆ-2
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ