ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՐԻՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին սպանելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Խ. Պողոսյանի եւ Ս. Հարությունյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու մասին։ Հիշեցնենք, որ վերջիններս Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են փետրվարի 7-ին: Իսկ մահափորձը պատվիրելու մեջ կասկածվող ՀՀ նախագահի թեկնածու, իրեն էպոսագետ ներկայացնող Վարդան Սեդրակյանը դեռեւս ցուցմունք չի տվել:
ԲՌՆԱՑՐԵԼ Է
Սեւանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը երեկ անցել է բազմաթիվ ոստիկանների թաքնված մասնակցությամբ: «Առավոտ»-ն արձանագրել է, որ աչքի չզարնելու համար ամեն մեկը մտել է տարածքի մի օբյեկտ՝ խանութ կամ դեղատուն: Բայց հաշվի առնելով, որ Ր. Հովհաննիսյանը, սովորության համաձայն, ուղիղ հանդիպման վայր չի գնում, այլ նախ շրջում է քաղաքում, մտնում վարսավիրանոցներ եւ խանութներ, մոտ 5 ոստիկան, այսպես ասած, «բռնվել» են: Ր. Հովհաննիսյանը ոստիկաններին ամեն անգամ խանութներում հանդիպելիս հարցրել է` «գնումների՞ եք եկել»:
ԴԻԱՀԵՐՁՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նյութերը երեկ փոխանցվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով վարչությանը: Երեկ Աբովյանի դիահերձարանում ավարտվել է այնտեղ տեղափոխված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դիակի հերձումը:
ԾՐԱԳԻՐԸ ԿԱ
Երեկ նորաստեղծ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանրության դատին է ներկայացրել իր ծրագրային հիմնադրույթները: «Սույն ծրագրի հիմքում ընկած են Հայոց համազգային շարժման, Հայ ազգային կոնգրեսի, ինչպես նաեւ 2008թ. նախագահական եւ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ծրագրային փաստաթղթերը»,-նշված է ՀԱԿ-ի փաստաթղթում: Միաժամանակ ՀԱԿ-ը հռչակում է. «Որպես գաղափարախոսական ուղենիշ՝ կուսակցությունը որդեգրում է սոցիալ-ազատականությունը: Այդ գաղափարախոսության անունն իսկ ամփոփում է այն երկու հիմնական իղձերը` ազատություն եւ սոցիալական արդարություն, որոնք եղել են եւ մնում են համաշխարհային պատմության հիմնական շարժիչ ուժերը»:
ՄՆԱՑԵԼ ԷԻՆ ԴՐԱ ՀՈՒՅՍԻՆ
Պետական գույքի կառավարման վարչությունը մարտի 4-ին կդիմի կառավարություն` Սյունիքի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող 2004թ. արտադրության «ՎԱԶ 21214» մակնիշի տրանսպորտային միջոցն աճուրդով վաճառելու թույլտվություն ստանալու համար: Ավտոմեքենան գնահատվել է 854.000 դրամ: Ավտոմեքենայի վաճառքը պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը պատճառաբանել է պետբյուջեի մուտքերի ավելացմամբ:
ԶԶՎՈՒՄ ԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՑ
«Ֆեյսբուք»-ում ստեղծվել է նոր էջ՝ «Ես զզվում եմ Արմեն Աշոտյանից»։ Էջի կարգախոսն է. «Եթե դու էլ ես զզվում Արմեն Աշոտյանից, ապա միացի՛ր այս էջին` միասին արտահայտենք մեր զգացմունքներն ու մտքերը»։ Երեկ բացված էջը մի քանի ժամվա ընթացքում հասցրել է հավաքել 1155 Like։