Երեկ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Նաիրա Ավետիսյան) քննվեց «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: Նշանակված էր նախնական դատական նիստ, որը տեւեց մոտ 20 րոպե: Նիստի սկզբում հայցվոր կողմը ներկայացրեց հայցի առարկան:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց էր ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի դեմ, քանի որ նա լրագրող Սոնա Գրիգորյանի հետ զրույցի ժամանակ վիրավորել էր՝ ասելով. «Գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ… ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես»:
Երեկվա նիստի ընթացքում, երբ «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչը փորձեց տեսանկարահանել նիստը, դատավոր Նաիրա Ավետիսյանը փոքր-ինչ շփոթվեց՝ պահանջելով ներկայանալ, դիմել կողմերին եւ առարկություններ չլսելու դեպքում նոր նկարահանումներ կատարել: Խ. Խաչատրյանի ներկայացուցիչ Հայկ Եգանյանն ասաց. «Մենք չենք առարկում մի պայմանով, եթե հետագայում այդ տեսանյութը չմոնտաժվի, եւ տարածվի լրատվամիջոցներում: Այլ ամբողջությամբ տեղադրվի»: Իհարկե, «Ժողովուրդ»-ը մշտապես տեսանյութն առանց մոնտաժի է տեղադրել կայքում, եւ հակառակը Եգանյանը չկարողացավ ապացուցել: Արդյունքում՝ դատավոր Ավետիսյանը թույլատրեց տեսանկարահանել դատական նիստի ամբողջ ընթացքը:
Այս խնդրի կարգավորումից հետո դատավորն անցավ հայցի առարկայի քննարկմանը: «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը ներկայացրեց հայցի առարկան՝ պատասխանելով նաեւ պատասխանող կողմի հարցերին: Իսկ այդ հարցերը հիմնականում այնպիսի բնույթ ունեին, որոնք պետք է քննության առարկա դառնային դատաքննության ընթացքում: Մասնավորապես Խ. Խաչատրյանի ներկայացուցիչը հետաքրքրվում էր, թե որն է Սոնա Գրիգորյանի գործարար համբավը կամ արդյոք Խ. Խաչատրյանն է հրապարակել վիրավորանքը եւ այլն: Տիգրան Աթանեսյանը համբերատար բացատրեց Խաչիկի պաշտպաններին, որ բոլոր հարցերի պատասխանները դատաքննության ընթացքում կտրվեն, եւ պետք չէ շտապել:
Տպավորություն էր, որ Հ. Եգանյանն ամեն գնով ցանկանում էր իր պաշտպանյալի ներկայացուցչին ցույց տալ, թե ամեն ինչ անում է՝ խուլիգանական արարքներին համազոր գործելաոճ դրսեւորած Խաչիկի խոսքերն արդարացնելու համար:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը Խ. Խաչատրյանից ոչ թե դրամական փոխհատուցում է պահանջում, այլ ընդամենը հրապարակային ներողություն:
Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 19-ին՝ ժամը 10:30-ին:
Տեսանյութը՝ armlur.am կայքում
ԽԱՉԻԿԻ ԴԱՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ