Թեպետ ՀՀ կառավարության անդամների գործունեությունը գտնվում է մամուլի եւ հասարակության ուշադրության կենտրոնում, բայց եւ այնպես, նախարարների անհատական գործունեությունը, որպես կանոն, չի ներկայացվում: Ավելին, չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր գերատեսչության գործունեություն առաջին հերթին դրա ղեկավարի աշխատանքի արդյունքն է, այդուհանդերձ, կարծում ենք, հետաքրքիր կլինի մանրամասն ներկայացնել հայրենի նախարարների առօրյան` ինչով են զբաղվում աշխատանքային ժամերին, ինչ հետաքրքրություններ ունեն եւ այլն:
Այս շարքում առաջինը ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի աշխատանքը՝ նկատենք, որ օրը նրա մոտ սկսվում է առավոտ կանուխ՝ ժամը 8:30: Այդժամ նախարարը քննության է առնում նախորդ օրն իր տված հանձնարարականներն ու մատնանշած առաջնահերթությունները: Ամփոփումներից հետո Դումանյանը սկսում է իր հանդիպումները, դրանց շարքում կարեւորություն է տալիս գործավարական խորհրդակցություններին, որոնք տեղի են ունենում նախարարության ենթակայությամբ գործող հիմնարկների ղեկավարների հետ: Դումանյանը հաճախ աշխատանքային հանդիպումներ է ունենում նաեւ միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների հետ: Այդ ընթացքում քննարկվում են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը եւ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունը: Իսկ թե այդ հանդիպումները եւ քննարկումները որքանով են նպաստում ոլորտում առկա խնդիրների լուծմանը, առայժմ, ցավոք, տեսանելի չէ:
Դումանյանը հանդիպումներ է ունենում նաեւ ՀՀ քաղաքացիների հետ: Պարզվում է, որ նախապես գրանցված քաղաքացիներին առողջապահության նախարարն ընդունում է երեքշաբթի օրերին եւ լսում նրանց բարձրացրած հարցերը, ապա դրանց լուծման նպատակով հանձնարարականներ է տալիս համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Կառավարության «ազգանվեր» քաղաքականությունը շարունակվում է նաեւ այս գերատեսչության ղեկավարի կողմից, երբ նա ակտիվ հանդիպումներ է ունենում նաեւ սիրիահայերի հետ: «Խլելով» սփյուռքահայերի հետ հաղորդակցվելու Հրանուշ Հակոբյանի մենաշնորհը՝ Դումանյանը յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրն ընդունում է սիրիահայերին: Հանդիպումների ժամանակ հստակեցվում է, թե նախարարությունն ինչ հարցերի դեպքում կարող է աջակցել գաղթած բուժաշխատողներին, թե նրանցից ով ինչ մասնագիտություն ունի եւ որ ոլորտում կկամենար աշխատել: ԱՆ-ից հայտնում են, որ արդեն 35 սիրիահայ բուժաշխատողներ աշխատանք են գտել երկրի տարբեր բուժհաստատություններում եւ դեղագործական կազմակերպություններում:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են նաեւ, որ իրենց ղեկավարի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է, այն աստիճան, որ նա նույնիսկ ընդմիջում չի անում՝ բավարարվելով մեկ բաժակ թեյով կամ սուրճով: Առանց հանգստի աշխատելով՝ նախարար Դումանյանն անձամբ է մասնակցում օրենսդրական ակտերի եւ այլ փաստաթղթերի մշակման ընթացքին, կարդում նախարարության հասցեով ուղարկված նամակները, հասցեագրում համապատասխան պաշտոնյաներին եւ այլն:
Ենթադրելի է, որ այս նախարարի աշխատանքային հագեցած առօրյան անցյալ տարվա կառավարության նիստից հետո է՛լ ավելի խստացված կլինի, ինչի արդյունքում, ինչպես հաղորդում է ԱՆ-ն, «Դերենիկ Դումանյանի համար ոչ կարեւոր գործեր եւ գործառույթներ չկան»: Կասկածի տակ չդնելով անկարեւոր գործեր չունենալու մասին պնդումը՝ հարկ է լոկ նկատել, որ առնվազն տարօրինակ է, երբ նախարարի համար կարող է որեւէ անկարեւոր գործառույթ լինել:
Ինչ վերաբերում է աշխատանքային հարաբերություններից դուրս Դումանյանի վարած կենսակերպին, այստեղ նախարարության լրատվականը խիստ սակավախոս է գտնվել: Տեղեկանում ենք միայն, որ նախարարը գերադասում է հանգստանալ ընտանեկան միջավայրում կիրակի օրերին: Նրա համար գեղարվեստական եւ փաստագրական գրքեր կարդալն այն հաճույքների թվում են, որոնք սահմանափակված են նախարարական գործունեության պատճառով: Դումանյանը կարողանում է վայելել միայն ֆուտբոլը, ինչը, թերեւս, բացի հաճույք լինելուց, նրա համար նաեւ հոբբի է: Այսուհանդերձ, մեզ համար անորոշ մնաց, թե ինչպես է նախարարը ֆուտբոլն իրացնում իբրեւ հոբբի՝ խաղալո՞վ, դիտելո՞վ, թե՞, ասենք, ֆուտբոլիստների նկարներ հավաքելով:
Ամփոփելով` կարող ենք կանխատեսել, որ Դումանյանը կշարունակի պաշտոնավարել նաեւ նոր կառավարությունում, թեպետ հակառակ պարագայում նա արդեն կարող է ժամանակ գտնել եւ զբաղվել, օրինակ, գրքեր կարդալով, ինչից զրկված է այդ «անտանելի» նախարարական գործունեության պատճառով:
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ