Կես միլիոն դրամանոց դատական հայց է ներկայացվել Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի դեմ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանից գանձել 500 հազար դրամ: Պարզվում է, որ ՀՀ ոստիկանությունը, դիմելով դատարան եւ գումար պահանջելով պատգամավորից, հիմք է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը: Ըստ ամենայնի, պատգամավորը երթեւեկության կանոնները խախտել է եւ չի վճարել տուգանքը: Սակայն ճանապարհային ոստիկանության տուգանքը պատգամավորը սահմանված ժամկետում չի բողոքարկել, եւ ՃՈ-ն էլ դիմելով դատարան՝ փորձել է դատարանի միջոցով գումարը գանձել պատգամավորից:
Պարզվում է` գործը նախագահող դատավոր Հրաչ Այվազյանը, ուսումնասիրելով ՃՈ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը, պարզել է, որ ՃՈ որոշման մասին Վարդան Այվազյանը չի տեղեկացվել, քանի որ «Հայփոստ» ՓԲԸ-ն հետ է վերադարձրել որոշումը տվյալ հասցեում հասցեատիրոջ չբնակվելու պատճառով: Ուստի դատարանը՝ գտնելով, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում վարչական ակտի անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը, ինչը կարեւոր պայման է գումարի բռնագանձման պահանջով դատարան դիմելու համար, որոշում է կայացրել Վարդան Այվազյանից հօգուտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 500.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումը վերադարձնել:
Սակայն ճանապարհային ոստիկանությունը չի հանձնվել: Բանն այն է, որ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին ՃՈ-ն հերթական անգամ դիմել է ՀՀ վարչական դատարան եւ հերթական անգամ նույն պահանջով, որից հետո դատավոր Հրաչ Այվազյանը նշանակել է դատաքննություն: Ստեղծված իրավիճակը հիմք է տալիս ենթադրելու, որ այս անգամ ՃՈ-ն այնպիսի հիմնավոր ապացույց է ներկայացրել, որ դատավորը ստիպված է եղել դատաքննություն սկսել. կամ էլ դատավորի հեռախոսին ինչ-որ յուրօրինակ զանգ է հնչել: Եւ ստացվում է, որ ինչ-որ պահից հետո Վարդան Այվազյանը ծանուցվել է ՃՈ որոշման մասին:
Իսկ ի՞նչ խախտում է թույլ տվել պատգամավորը, ինչի համար դատարանը պահանջում է կես միլիոն դրամ: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց Աժ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ: Պատգամավորը հայտարարեց, թե տեղյակ չէ՝ ինչ դատական հայցի մասին է խոսքը. «Դե, երեւի կարմիր գծերի, ինչպես բոլորի, այնպես էլ մեր դեպքում է եղել, Դուք տեղեկացված եք, բայց ես տեղյակ չեմ»: Այլ հարցերի տուգանված պատգամավորը չպատասխանեց:
Քնար Մանուկյան