Հայաստանից զենք չի մատակարարվել Լիբիա. ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հերքել է մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, թե Լիբիայի դեմ պատժամիջոցների հարցով աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել է զեկույց, որում նշվում է, թե Հայաստանը զենք է մատակարարել Լիբիա` չնայած գործող պատժամիջոցներին:
“Լիբիային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձևի համաձայն ստեղծված փորձագետների խմբի փետրվարի 15-ի զեկույցում չկա նման ձևակերպում, թե իբրև Հայաստանից զենք է մատակարարվել Լիբիա և ընդհանրապես որևիցե մեղադրանք Հայաստանի նկատմամբ բացակայում է”,- “Արմենպրես” լրատվական գործակալության հարցին ի պատասխան ասել է նա։
Տիգրան Բալայանը նշել է, որ ՄԱԿ–ի կայքում հասանելի զեկույցում, որը հասանելի է ՄԱԿ-ի կայքէջում, նշված են Լիբիա ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման հետ առնչություն ունեցող, տարբեր` այդ թվում նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներում գրանցված մի շարք մասնավոր ընկերություններ:
“Այդ շարքում հիշատակվում են նաև հայաստանյան գրանցում ունեցող երկու ընկերություն: Հայաստանն՝ ի պատասխան փորձագետների խմբի հարցման, ամբողջական և սպառիչ տեղեկատվություն է տրամադրել վերոհիշյալ ընկերությունների և նրանց գործունեության մասին”,- ավելացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։




Լրահոս