Ղրղզստանի Օշ քաղաքի օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով վթարային վայրէջք է կատարել Boeing 737 օդանավը, ինչի հետևանքով կոտրվել է օդանավի թևը և շասսին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով օդանավակայանի աղբյուրին։
Նախնական տեղեկություններով՝ Կրասնոյարսկից օդ բարձրացած Boeing 737 օդանավի թևն է կոտրվել և վնասվել շասսին։ Օդանավում եղել է 159 մարդ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր՝ նոյեմբերի 22-ին, ղրղզական Avia Traffic Company ավիաընկերությանը պատկանող օդանավը խիտ մառախուղի պատճառով վթարային վայրէջք է կատարել երկրի հարավում գտնվող Օշ քաղաքի օդանավակայանում։ Օդանավը վայրէջք է կատարել թռիչքուղու կողքին, ուղեւորներին տարհանել են փքվող շարժասանդուղքի օգնությամբ։ Նախնական տեղեկություններով, տուժել է երկու մարդ։ Օդանավակայանը ներկայումս փակ է։