Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է խիստ ուշադրություն դարձնել հաղորդուղիների անցկացումից հետո ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքների որակի ապահովմանն ու հայտնաբերված թերությունները վերացնել կապալառու կազմակերպության միջոցներով:
“Ձեզ համար, կանայք” անվճար բուժօգնության առողջապահական ակցիայի մասով զեկուցվել է, որ շարունակվում է նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը և, քաղաքապետի հանձնարարության համաձայն, կավարտվի միայն բոլոր հերթագրվածներին համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո:
Տրանսպորտի վարչության պետին հանձնարարվել է խստորեն հետևել հասարակական տրանսպորտի երթևեկության ժամանակացույցի պահպանմանը հատկապես երեկոյան ժամերին:
Հստակ հանձնարարականներ են տրվել նաև մայրաքաղաքում ընթացող լայնածավալ շինբարեկարգման և ասֆալտապատման աշխատանքների ինչպես սահմանված ժամանակացույցի պահպանման, այնպես էլ աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողության ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաև նախորդ տարվա ընթացքում թույլ տված թերությունների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Զեկուցվել է, որ մեկշաբաթյա ժամկետում կավարտվեն բազմաբնակարան շենքերում հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Արդյունքում նման ցուցատախտակների թիվը մայարաքաղաքում կավելանա ևս երկու հարյուրով:
Համապաասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է շարունակել հսկողությունը հարակից տարածքների բարեկարգման պարտադիր նորմերի կատարման ուղղությամբ:
Կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է առավելագույն սեղմ ժամկետում վերացնել որոշ բակային տարածքներում վերագործարկված ցայտաղբյուրների առկա թերությունները:
Զեկուցվել է, որ համաքաղաքային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում ընդհանուր առմամբ ավելի քան 30 հազար ծառ ու 10 հազար թուփ է տնկվել: Հանձնարարվել է պարբերաբար ոռոգել ու տնկիների համար համապատասխան խնամք ապահովել:
Մայրաքաղաքում մեկնարկել են կամարանցումների նկարազարդման աշխատանքները:
Հասարակական տրանսպորտի երթուղիներն սպասարկող ևս 65 ավտոբուս համալրվել է GPS համակարգի սարքավորումներով:
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի թեժ գծով ստացվել է 310 հեռախոսազանգ, որոնցից 244-ը պատասխան է ստացել, իսկ մնացածի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են: Սահմանված ժամանակացույցով կատարվել է նաև քաղաքացիների ընդունելությունը:
Համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է հավուր պատշաճի նախապատրաստվել և անցկացնել ապրիլի 24-ին նախատեսվող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Հանձնարավել է ըստ ամենայնի նախապատրաստվել և անցկացնել նաև Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տարվա ամփոփիչ, ինչպես նաև պարի համաշխարհային օրվան նվիրված ու ջազի միջազգային փառատոնի միջոցառումները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն