Ստուգում եմ բացակաների քվեարկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում շատերը կասկածում են ընտրությունների ազնվությանն ու լեգիտիմությանը, քանի որ չեն վստահում ընտրողների ցուցակների ճշգրտությանը՝ համարելով դրանք քվեարկության արդյունքները կեղծելու հիմնական գործիք:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նախաձեռնում է քարոզարշավ՝ “Ստուգում եմ բացակաների քվեարկությունը” կարգախոսով, որի նպատակն է վերականգնել Հայաստանի քաղաքացիների վստահությունը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Քարոզարշավի շրջանակում կազմակերպվում է ստորագրահավաք՝ ներկայացնելու ընտրություններին մասնակցող անձանց ստորագրած ցուցակների հրապարակման հանրային պահանջ: Հաշվի առնելով դրան առնչվող օրենսդրական սահմանափակումները, պահանջը մասնավորապես ուղղվում է ՀՀ ազգային ժողովին՝ կատարելու փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքում՝ ապահովելու ստորագրված ցուցակների հրապարակայնությունը: Այս փոփոխությունները պետք է ունենան հետադարձ ուժ և ապահովեն 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները:
Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն առաջին և կարևորագույն քայլն է, որ ՀՀ իշխանությունները կարող են անել իրենց լեգիտիմությունն ապացուցելու և ընտրական գործընթացների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահությունը վերականգնելու նպատակով: Անհրաժեշտ է, որ ստորագրված ընտրական ցուցակները և լրացուցիչ ցուցակները փակցվեն տեղամասերում և հրապարակվեն ինտերնետով՝ ներբեռնման և որոնման հնարավորությամբ՝ թույլ տալով քաղաքացիներին ճշգրտել փաստացի ընտրողների անուններն ու վերահսկել գործընթացի օրինականությունը՝ բացառելով բազմակի քվեարկության կամ բացակա անձանց փոխարեն քվեարկության դեպքերը:
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մամուլի բաժին




Լրահոս