ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԻՎԱՆԴ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Սահմանադրության համաձայն` “Հանրապետության նախագահը Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Այս նորմը սահմանվում է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ մասով: Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում”: 
“Ժողովուրդ”-ը զրուցեց ԱԺ խմբակցությունների անդամների հետ` պարզելու, թե վարչապետի նշանակման հարցում ինչպիսի դիրքորոշում ունեն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարո՛ն Մանուկյան, Ձեր խմբակցությունն արդեն քննարկե՞լ է վարչապետի նշանակման հարցը:
-Մեր մոտեցումը շատ հստակ է, ամենեւին կարեւոր չէ, թե ով է լինելու: Համակարգն է հիվանդ, համակարգն է որոշում, թե ինչպես պետք է աշխատի, ոչ թե վարչապետը: Իսկ մեր նպատակն իշխանափոխությունն է: Այսքանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ 
Պարո՛ն Մինասյան, առավելագույնը 8 օրից նշանակվելու է նոր վարչապետ, ձեր խմբակցությունը քննարկե՞լ է այդ հարցը, ինչպիսի՞ դիրքորոշում ունեք:  
-Եթե այդ իրավունքը տրված լիներ մեզ, բնականաբար մեր խմբակցությունն ունի թե՛ վարչապետի թեկնածու, թե՛ նախարարների թեկնածուներ, բայց քանի որ այդ իրավունքը վերապահված է իշխանությանը, այսինքն՝ մեծամասնություն կազմող ուժին, այս պարագայում ինձ համար միեւնույն է, թե իրենք ում են ուզում առաջարկել: Ինձ համար կարեւորը համակարգային փոփոխությունների պատրաստակամությունն ու կամքն է: Իսկ այս վիճակում ես տեսնում եմ, որ նման կամք չկա: Այլ կերպ ասած` իշխանությունը պատրաստ չէ հիմնարար փոփոխությունների:
-Իսկ կառավարության կազմում կոնկրետ դեմքերի փոփոխության սպասո՞ւմ եք: 
-Ո՛չ, դա շատ սխալ է, դեմքերն ածանցվում են համակարգերի փոփոխությունից: Եթե մենք խոսում ենք այնպիսի մի երկրի մասին, որտեղ պառլամենտն ընդամենը դակող դերակատարություն պետք է ունենա կառավարության ծրագրերի համար, ապա այդ դեպքում պառլամենտը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացի վրա: Եթե քաղաքական մեծամասնությունը կուրորեն հետեւելու է կառավարության ցանկացած առաջարկը հաստատելու տրամաբանությանը, անիմաստ է խոսել տարբեր տեսակետները լսելու եւ արդյունավետ որոշումներ կայացնելու մեխանիզմներից:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
-Պարո՛ն Արսենյան, ԲՀԿ խմբակցությունում քննարկվե՞լ է ՀՀ վարչապետի նշանակման հարցը: ԲՀԿ-ն մշտապես աչքի է ընկել Տիգրան Սարգսյանի կառավարության քննադատությամբ, կա՞ կոնկրետ անձ, որին ԲՀԿ-ն ցանկանում է այդ պաշտոնում տեսնել:
-Առայժմ քննարկում չի եղել, որովհետեւ եթե բան ես ուզում ասել, պետք է տեղի ունենա, որ ինչ-որ բան ասես: Պետք է լինի վարչապետի նշանակում, որից հետո քաղաքական խմբակցությունն իր տեսակետն արտահայտի: Ձեզ թվում է, որ մեր վերաբերմունքն էական փոփոխությո՞ւն է կրելու: Եթե հարց եք ուղղում  ինձ, ապա իմ վերաբերմունքը որեւէ էական փոփոխություն չի կրելու, որովհետեւ ես դատում եմ պետական գործչի գործունեության արդյունքում: Ես իմ հստակ կարծիքն ունեմ, թե ով գործունեության ինչ արդյունքներ ունի:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Պարո՛ն Ավետիսյան, քանի որ Դուք իշխող կուսակցության ներկայացուցիչ եք, ասացե՛ք խնդրեմ, Ձեր կուսակցությունում քննարկվե՞լ է վարչապետի նշանակման հարցը:
-Ճիշտն ասած, ցանկացած որոշում կայացնելուց առաջ կուսակցության խորհրդում այդ հարցը քննարկվում է, բայց հիմա դեռեւս նման հարց չի քննարկվել: Կարծում եմ՝ պետք է քառօրյան վերջանա, որը պակաս կարեւոր չէ մեզ համար, որից հետո երեւի կսկսվեն խորհրդակցությունները, ու կքննարկվի այդ հարցը: Կարծում եմ՝ առանց քննարկելու չի ներկայացվի:
-Գոնե կա՞ կոնկրետ անձերի շրջանակ, որոնց թեկնածությունների շուրջ պետք է լինի այդ քննարկումը:  
-Անկեղծ ասած` այդքան ժամանակ չի եղել, կարծում եմ՝ կոնկրետ որոշում, կոնկրետ քննարկում չկա, ու վարչապետի փոփոխություն չի էլ լինելու:
-Ինչո՞ւ: ՀՀԿ-ում գո՞հ են Տ. Սարգսյանի աշխատանքից:
-Գիտեք ինչ կա, ե՛ւ գոհ են, ե՛ւ կան ծրագրեր, որոնք պետք է շարունակվեն, որպեսզի հասցվեն իրենց տրամաբանական ավարտին: Իսկ ծրագրերը կիսատ թողնելը ճիշտ չէ, առավել եւս, որ մենք լուրջ խնդիրներ ունենք:
ԱԺ  “Ժառանգություն” խմբակցության անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
-Պարո՛ն Պողոսյան, Ձեր խմբակցությունը վարչապետի նշանակման հարցը քննարկե՞լ է:
-Ճիշտն ասած` նման հարց չենք քննարկել, ու այս պահի դրությամբ ոչ մի բան չեմ կարող ասել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 519 համար




Լրահոս