Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքում «Բավարիա»-ն կմրցի «Բարսելոնա»-ի, Դորտմունդի «Բորուսիա»-ն՝ «Ռեալ»-ի հետ: Թիմերի հնարավորությունների մասին «Ժողովուրդ»-ը շաբաթ օրը զրուցել էր մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցի շարունակությունը:
-Շատ դժվար է ինչ-որ կանխատեսում անել «Բավարիա»-«Բարսելոնա» դիմակայության մասին: Իհարկե, ֆուտբոլասերներից շատերը կուզենային եզրափակչում տեսնել հերթական էլ-կլասիկոն «Ռեալ»-ի եւ «Բարսելոնա»-ի միջեւ, որն առանձնահատուկ դիմակայություն կլիներ. նրանց հանդիպումները համաշխարհային նշանակության իրադարձություն են դառնում, ինչպես ասում են` այդ օրը, այդ ժամին պարզապես կյանքը կանգ է առնում ամբողջ աշխարհում: Բայց, իմ կարծիքով, այսօրվա դրությամբ ամենամոբիլ խաղը ցուցադրում է «Բավարիա»-ն, նկատի ունեմ առաջին հերթին նրա հուսալի պաշտպանությունը. «Բավարիա»-ին գոլ խփելն այդքան էլ հեշտ չէ:
-Ինչը այս պահի դրությամբ չե՞նք կարող ասել «Բարսելոնա»-ի պաշտպանության մասին:
-Եթե «Բարսելոնա»-ի խաղը, ինչպես ասում են, գնաց, նա կարող է ցանկացած մրցակցի ջախջախել, ասենք՝ ավելի շատ գոլ խփել, քան մրցակիցը: Բայց փորձը նաեւ ցույց է տալիս, որ վերջին երկու տարիներին, այդուհանդերձ, «Բարսելոնա»-ի պաշտպանությունն այնքան էլ ուժեղ չէ, առավել եւս, որ Պույոլը ոչ միշտ է խաղում. հաճախակի վնասվածքները խանգարում են նրան: Մի խոսքով, «Բարսելոնա»-ն խնդիրներ ունի: Բայց միանշանակ ասել, թե ֆավորիտն ով է, շատ դժվար է: Չնայած համարձակվում եմ ասել, որ «Բավարիա»-ն այսօր իր հավասարակշռված խաղով երեւի գերազանցում է ե՛ւ «Ռեալ»-ին, ե՛ւ «Բարսելոնա»-ին: Նկատի ունեմ հուսալի պաշտպանությունը, իսկ որ «Բավարիա»-ն կարողանում է նույն «Բարսելոնա»-ի եւ «Ռեալ»-ի պես արդյունավետ խաղալ, դա բոլորս էլ գիտենք. նրա կազմում էլ համաշխարհային առաջին մեծության հարձակվողներ են խաղում, եւ մենք դրանում համոզվեցինք նաեւ քառորդ եզրափակչի «Բավարիա»-«Յուվենթուս» դիմակայության ժամանակ: «Բավարիա»-ն այսօրվա դրությամբ որեւէ թույլ օղակ չունի ու շատ հանգիստ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ խաղում հաղթեց 2:0 հաշվով, ընդ որում, «Յուվենթուս»-ի պես թիմին, որը շատ դինամիկ ֆուտբոլ է ցուցադրում հատկապես սեփական հարկի տակ: Բոլոր դեպքերում, մեզ շատ հետաքրքիր հանդիպումներ են սպասվում ինչպես կիսաեզրափակիչներում, այնպես էլ եզրափակչում: Վերջում նշեմ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մայիսի 25-ին տեղի է ունենալու Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, եւ զուտ հետաքրքրության առումով կցանկանայի, որ եզրափակչում հանդիպեին «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն կամ «Բավարիա»-ն ու «Ռեալ»-ը. այդ թիմերը նաեւ ֆուտբոլասերների հսկայական բանակ ունեն:
«ԲԱՎԱՐԻԱ»-Ն ԹՈՒՅԼ ՕՂԱԿ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ