Ապրիլի 16-ի երեկոյան Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 33 բնակարանում շուրջ մեկ ժամ վիճաբանություն է տեղի ունեցել, իսկ ավելի ուշ՝ պայթյուն: Նշված բնակարանից երեք հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երկուսին վիրահատել են:
«Նոր Անի» համատիրության նախագահ Մկրտիչ Էլբակյանից «Ժողովուրդ»-ը ճշտեց, որ վթարված տանն ապրում էին երեք երիտասարդներ՝ 2 եղբայր, մեկ քույր. Հասմիկ, Հովհաննես ու Վարդան Եղիազարյանները: «Դեպքի մասին ես իմացել եմ առավոտյան եւ նրանց հետ ոչ մի կապ չունեմ ու, առհասարակ, շփում էլ չունեմ: Գիտեմ, որ նրանք մայր չունեն, իսկ հայրն էլ՝ Կարապետ Եղիազարյանը, նոր է մահացել: Երեքն էլ չեն աշխատում ու անգամ ամուսնացած չեն»,-տեղեկացրեց համատիրության նախագահը:
Նրա խոսքով` չնայած հզոր պայթյուն է եղել, սակայն, բարեբախտաբար, շենքին ոչ մի վնաս չի հասցվել. «Բնակարանը եւս այդքան մեծ չափերի վնաս չի կրել: Ուղղակի պայթյունից բետոններն էին թափվել»: Այլ մանրամասների համատիրության նախագահը չէր տիրապետում:
Եվ այսպես, ի՞նչ է կատարվել ապրիլի 16-ի ուշ երեկոյան Եղիազարյանների ընտանիքում: Հարեւանների հետ զրույցից պարզեցինք, որ նշված օրը՝ երեկոյան, 54-ամյա Եղիշե Թորոսյանը գնացել է իր սիրուհու՝ այժմ արդեն վթարված տուն եւ փորձել հաշիվներ մաքրել նրա հետ: «Մենք գիտենք, որ մեր շենքի Հասմիկը Եղիշեի սիրուհին է: Բայց ինչ-որ պատճառով այլեւս չի ցանկացել նրա հետ հանդիպել: Եղիշեն էլ փորձել է ամեն ինչ անել, որպեսզի համոզի սիրած աղջկան: Տեսնելով, որ չի ստացվում, գիշերը՝ ուշ ժամի, զինվել ու գնացել է նրանց տուն»,-պատմեցին հարեւանները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում:
Այդ ժամին տանը եղել են Հովհաննեսն ու Հասմիկը: Նրանց ու Եղիշեի միջեւ վեճ է սկսվել, որին հաջորդել է քաշքշուկը: Ու քանի որ քույրն ու եղբայրը չեն կարողացել Եղիշեի հետ համաձայնության գալ, վերջինս, հարմար պահը բաց չթողնելով, գրպանից հանել է նռնակը եւ պայթեցրել: «Լսել ենք, որ իր մոտ նույնիսկ երկու նռնակ է եղել, սակայն երկրորդը չի հասցրել պայթեցնել: Նրան կարողացել են կանխել»,-ասացին հարեւանները:
Պայթյունից հետո երեքն էլ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիվանդանոցի հերթապահ բժիշկ Վարդան Վանթյանը տեղեկացրեց, որ Հովհաննես Եղիազարյանին եւ Եղիշե Թորոսյանին վիրահատել են, իսկ Հասմիկ Եղիազարյանին վիրահատելու կարիք չի եղել. «Այս պահին Եղիշե Թորոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը միջին ծանրության է, իսկ Հասմիկ եւ Հովհաննես Եղիազարյանների վիճակը բավարարին մոտ է»:
Հավելենք, որ ըստ Գյումրիում պտտվող խոսակցությունների՝ Եղիշե Թորոսյանը որսորդ է, եւ չի բացառվում՝ նռնակները որսորդական աղբյուրներով է ձեռք բերել: Իսկ ինչ վերաբերում է պայթած բնակարանի երեք բնակիչներին, որոնք թեեւ շատ երիտասարդ չեն, բայց նրանցից որեւէ մեկն ամուսնացած չէ, ապա այստեղ այլ վարկած է պտտվում. գուցե նրանք աղանդավորական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ են, դրա համար էլ չեն ամուսնացել:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը) հատկանիշներով: Կալանավորումն այս դեպքում անխուսափելի է:
Ի դեպ, Եղիշե Թորոսյանը նախկինում դատապարտված է եղել:
ՑԱՆԿԱՑԵԼ Է ՍԻՐՈՒՀՈՒՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ