Կառավարական վարչական նոր համալիրը (Երևանի Վազգեն Սարգսյան փողոց, թիվ 3) կառուցվել է Արդարադատության նախարարության նախկին այրված շենքի և շուրջ 25 տարի չգործող, վերականգնման ոչ ենթակա, կենտրոնական շրջանային կաթսայատան հողատարածքի վրա։ Համալիրի կառուցապատված և բարեկարգված տարածքն ընդգրկում է նախկին «Սևան» հյուրանոցի սահմանագծից մինչև ՀՀ գլխավոր դատախազության շենք և Վ. Սարգսյան փողոցից մինչև Զաքյան փողոց հատվածը։
Համալիրն իր մեջ ներառում է Վ. Սարգսյան փողոցի երկայնքով տեղադրված գլխավոր վարչական մասնաշենքը, որտեղ տեղակայված են արտաքին գործերի, այդ թվում և դիվանգիտական ակադեմիայի, կրթության և գիտության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների տարածքները, առանձնացված Արդարադատության նախարարության մասնաշենքը, որը տեղադրված է դեպի Զաքյան փողոց նայող հատվածում, ինչպես նաև՝ տեխնիկական մասնաշենքը:
Վարչական երկու մասնաշենքերը միմյանց հետ կապված են ստորգետնյա ավտոկայանատեղով։ Տրանսպորտային միջոցների և հետիոտնի շարժը առավելագույնս հարմար կազմակերպելու նպատակով գլխավոր հատակագծով նախատեսվել և իրականացվել են երկու նոր փողոցներ, որոնցից մեկը զուգահեռ է Վազգեն Սարգսյան փողոցին, անցնում է գլխավոր վարչական կառույցների ետնամասով, կապվելով դեպի «Մարիոթ Արմենիա» բակային մասնաշենք տանող ճանապարհահատվածին և որը հետագայում նախատեսվում է կապել Խորենացի փողոցի հետ։ Իսկ մյուսն ուղղահայաց է Վազգեն Սարգսյան – Զաքյան փողոցներին և կապ է ստեղծում նշված երկու փողոցների միջև, առանձնացնելով հարևանությամբ գոյություն ունեցող բնակելի շենքի սպասարկման ճանապարհը։
Գլխավոր մասնաշենքի ետնամասում կազմակերպված է վարչական հրապարակ, որտեղից իրականացվում է հետիոտնի շարժը դեպի տարբեր նախարարություններ, բացի Արտաքին գործերի նախարարությունից, որի համար նախատեսված է պաշտոնական պատվիրակությունների ավտոմեքենաներով մուտքը ներքին բակ՝ լուծելով ԱԳՆ այցելող պատվիրակությունների և հետիոտնի հոսքերի հատումից առաջացող անհարմարությունների խնդիրը։
Գլխավոր վարչական մասնաշենքի հորինվածքը հնարավորություն է ընձեռնել տարբեր գերատեսչությունների համար ստեղծել առանձնացված մուտքերով, նախասրահներով, վերելակներով և աստիճանավանդակներով ապահովված գործունեության պայմաններ։ Համալիրն ապահովված է ճաշարաններով, հանդիսությունների և մամուլի դահլիճներով։
Շենքի ճարտարապետական լուծումները մշակվել են քաղաքաշինական և ազգային ճարտարապետական մոտեցումներին համահունչ, կառավարական վարչական համալիրին հաղորդելով մոնումենտալ կերպար։
Նախագծի մշակման ճարտարապետական հայեցակարգի համար հիմք է ծառայել նախկինում այս հատվածում գտնվող ՀՀ Արդարադատության նախարարության շենքի ծավալատարածական հորինվածքը (ճարտարապետ՝ Ն. Բունիաթյան): Նոր նախագծում վերամշակված ձևով կրկնվել է ոչ միայն ճակատների կոր պլաստիկան և կարմիր գծի նկատմամբ տարածական կուրդոներային լուծումները, այլև վերաշեշտադրված է նախկինում գույություն ունեցող աշտարակը՝ դարձնելով այն կոմպոզիցիոն առանցք Շահումյանի հրապարակի նկատմամբ։ Պահպանված են նաև նախկին շենքի պարագծային լուծումները և անմիջապես հարևանությամբ գտնվող շենքի մասշտաբային հարաբերությունները՝ ստանալով առաջին պլանում մինչև 24 մ բարձրությամբ 6 հարկանի շինություն։
Վազգեն Սարգսյան փողոցի կողմից կամարակապ շքամուտքը՝ որն ունի 12.5 մ լայնություն և 16.5 մ բարձրություն, գլխավոր հատակագծում տեղադրված է հանդիպակաց ուղղությամբ գտնվող Դեղատան փողոցի առանցքի վրա, որով և տարածական կապ է ստեղծվում Շահումյանի արձանի ետևում գտնվող ջրավազանի հետ։
Մինչև երկրորդ հարկ ճակատները երեսպատված են բազալտե սալերով, երկրորդ հարկից վերև, Վազգեն Սարգսյան փողոցի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղի Սզնեկի հանքավայրի սպիտակ գույնի բնական քարով, իսկ մնացած ճակատները տրավերտինե սալիկներով։
Սակավաշարժ խմբերի համար Վ. Սարգսյան փողոցից իրականացված են թեքահարթակներ։
Նախագծի շրջանակներում մշակվել և էներգախնայող լուսատուներով իրականացվել է նաև համալիրի ճակատների արտաքին գեղարվեստական լուսավորությունը, որի միջոցով գիշերային և երեկոյան ժամերին առավել ցայտուն ընդգծվում է շենքի արտաքին պլաստիկան՝ ինչը ընդգծված հանդիսավորությամբ ինտեգրվում է Երևանի քաղաքապետարանից մինչև Հանրապետության հրապարակ ձգվող վարչահասարակական շենքերի համալիրներին։
Համալիրի վարչական և տեխնիկական մասնաշենքերն ապահովված են ժամանակակից ինժեներական համակարգերով և սարքավորումներով։
Նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նախագծի գլխավոր կոնստրուկտորը Պոլ Չաթալբաշյանն է, գլխավոր ինժեները՝ Հրաչ Սարգսյանը, կապալառուն՝ «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Ստեփան Ախոյան)։
Պատվիրատուի գործառույթները Սալսա դիվելոփմենթ ՓԲԸ-ի կողմից իրականացվել են ՀՀ Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման պետական հիմնարկի կողմից։
Համալիրի մասնաշենքերի ընդհանուր մակերեսը կազմում է 33460 քմ։ Կառավարական վարչական նոր համալիրի շինարարությունն սկսվել է 2013 թվականին։