ՍԱԼԻԿԱՊԱՏՈՒՄ ԵՆ, ՀԵՏՈ ՆՈՐԻՑ ՔԱՆԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից անմիջապես հետո “Մոսկվա” կինոթատրոնի տարածքն ամբողջությամբ քանդվեց վերանորոգելու նպատակով: “Ժողովուրդ”-ը պարզեց, որ կինոթատրոնի բակում՝ աստիճանների ներքեւի հատվածում, 4 ռեժիսորների՝ Սերգեյ Փարաջանովի, Անրի Վեռնոյի, Համո Բեկնազարյանի եւ Ռուբեն Մամուլյանի պատվին տեղադրված աստղերն այդ աշխատանքների պատճառով հանվել են, եւ տեղում նոր սալիկներ են “տեղադրվել”: Որտե՞ղ են հոլիվուդյան աստղերին նմանվող մեր “գետնային” աստղերը: 
Դեռեւս 2010թ. “Ոսկե ծիրան” կինոփառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ “Մոսկվա” կինոթատրոնի բակում ռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի, Անրի Վեռնոյի, Համո Բեկնազարյանի եւ Ռուբեն Մամուլյանի պատվին գետնի վրա ոսկեգույն աստղեր տեղադրվեցին: Իսկ օրերս, երբ նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվեց, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը որոշեց կինոթատրոնի բակն ամբողջությամբ սալիկապատել: Արդյունքում՝ Աբովյան փողոցի մայթեզրերի հետ միասին կինոթատրոնի բակն ամբողջությամբ քանդվեց: Որոշ ժամանակ հետո շատ “օպերատիվ” ձեւով կինոթարտոնի բակը եւ մայթեզրերը սալիկապատվեցին, սակայն այն աստղերը, որոնք տեղադրվել էին ռեժիսորների պատվին, անհետացան: 
“Ժողովուրդ”-ը զրուցեց “Ոսկ” ծիրանե փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե որն է եղել այդ աստղերը հանելու պատճառը: Վերջինս մեզ հավաստիացրեց, որ աստղերը կրկին կտեղադրվեն փառատոնի մեկնարկից առաջ՝ հունիսի վերջին: Դրանց կավելանա նաեւ 5-րդ աստղը` Շառլ Ազնավուրի պատվին, որի բացումը կլինի հուլիսի 7-ին:
Մեր հավասատի տեղեկություններով, սակայն, այդ աստղերը հանվել են վատ որակ ունենալու պատճառով. գունաթափվել եւ մաշվել էին անցուդարձի հետեւանքով: Սակայն Խաչատրյանը նշեց, որ պատճառը միայն վերանորոգումն է. “Աստղերի որակը վատը չէր, դե մի քիչ մաշվել էին, մի քիչ տառերը ծռվել էին, բայց դա շատ ավելի գեղեցիկ էր: Մեկ-մեկ էլ փչացնում են: Երբ առաջին տարին նոր էինք դրել, մեկը փչացրեցին, կտրատեցին ինչ-որ բաներով, մենք ստիպված եղանք նորից սարքել: Բայց դա խնդիր չէ, որովհետեւ այդ աստղերը ոտքերի տակ են, անընդհատ քայլում, անցնում են”:
“Ժողովուրդ”-ը եղավ նաեւ “Մոսկվա” կինոթատրոնի տարածքում, որտեղ բանվորներից տեղեկացանք, որ այդ աստղերը ,քայքայվելե էին, ինչի պատճառով էլ իրենց ասել են, որ դրանք տարածքից հեռացնեն: ,Մեզ ասել են՝ հանե՛ք,  մենք էլ հանել, դրել ենք մի կողմի վրա: Ինչքան գիտենք, տարել տվել են, որ նորը սարքեն, հետո բերեն, նորից տեղադրեն”,-նշեցին մեր զրուցակիցները: Բանվորներից  տեղեկացանք նաեւ, որ աստղերը կրկին տեղադրելու համար իրենք պետք է նոր տեղադրված սալիկները քանդեն, կտրեն: Այս իրավիճակը հիշեցնում է Երեւանի ասֆալտապատման գործընթացը: Երեւանի քաղաքապետարանը ասֆալտ է փռում, մի քանի օր անց պարզվում է, որ դրա տակի խողովակները “ծակ են”, ինչի արդյունքում “Հայջրմուղ”-ը քանդում է նոր ասֆալտն ու կարկատան անում:
Զրուցեցինք նաեւ “Մոսկվա” կինոթատրոնի տնտեսվարի հետ: Վերջինս ասաց, որ այդ աստղերը մաշվել էին ու այժմ վերականգնման փուլում են գտնվում: Մեր հարցին, թե երբ են դրանք վերականգնելու, տնտեսվարը պատասխանեց. “Մինչեւ մայիսի վերջ, կարող է դրանից շուտ էլ լինի, ինչքան գիտեմ՝ նույն տեղում կտեղադրվեն: Դե պիտի բալգարկով կտրեն էդ նոր սալիկները, տեղադրեն, հեշտ բան է, մի՛ անհանգստացեք, էլի նույն տեղում կդնեն”:
Փաստորեն, մեր երկրում ամեն մեկն անում է այն, ինչ իր սիրտն է կամենում: Համակարգված մտածողություն չկա: Եվ, ինչպես ասում են, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Իրարից անտեղյակ` ինչ-որ բան են սարքում, իսկ որոշ ժամանակ հետո քանդում` հիշելով, որ այդ հատվածում ժամանակին այլ բան է տեղադրված եղել: Սա է Հայաստանի իրական պատկերը: Դրա համար էլ մինչեւ այսօր ոչ մի բան իր տեղում չէ, ու, հետեւաբար, սիրուն չէ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 525 համար




Լրահոս