Օրեր առաջ «Արմենիա» մրցանակաբաշխությանը «Լավագույն ժողովրդական երգիչ» կոչմանն արժանացած ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆՆ արդեն վերադարձել է Հայաստան, բայց մի քանի օրից նորից պատրաստվում է մեկնել ՌԴ, քանի որ այնտեղ մի շարք համերգներ ունի:
-Ի՞նչ են տալիս մրցանակները:
-Ե՛վ պարտավորեցնում են, ե՛ւ ոգեւորում: Ուրախացնում է այն փաստը, որ քո արած աշխատանքը գնահատել են, պարտավորեցնում է այնքանով, որ դու պետք է շարունակես արդարացնել քեզ, նոր գործեր անես, եղածով չբավարարվես:
-Մրցանակից բացի, ուրիշ էլ ի՞նչ եք ստացել` գումար, նվերներ:
-Ոչ մի ուրիշ բան: Բոլոր երգիչներն էլ նույն պայմաններով են եղել: Մենք մնացել ենք հյուրանոցում, բարձր մակարդակով կազմակերպված էր ամեն ինչ: Ուրիշների մասին չեմ կարող ասել, բայց իմ մասին կասեմ, որ նախօրոք չեմ իմացել մրցանակի մասին: Հենց համերգի օրն եմ իմացել, որ պետք է բացումը ես անեմ, ու ինձ Ռուբեն Մաթեւոսյանը հանձնելու է «Լավագույն ժողովրդական երգիչ» մրցանակը:
-Ինչպե՞ս են ընկալում հայ ժողովրդական երգը դրսում:
-Շատ լավ, դրսում կարոտի զգացողությունն ավելի մեծ է, Հայաստանում ապրողի մոտ այդ կարոտը չկա: Երբ մենք գնում ենք համերգների, կարծես Հայաստանից մի մաս, մի համ տարած լինենք մեզ հետ: Համերգները շատ ջերմ են անցնում, ընդհանուր մթնոլորտը, ժողովրդի ընդունելությունն այլ կերպ է:
Հանդիսատեսը հիմնականում հայեր են՝ չնայած եղել են որոշ համերգներ, երբ մեծամասնությունն օտարազգի էր՝ եվրոպացիներ, ռուսներ, սակայն հիմնականում հայ համայնքի համար եմ ելույթ ունենում:
-Հայերը դրսում նույնչա՞փ հյուրասեր են, ինչպես այստեղ:
-Այո՛, շատ-շատ հյուրասեր են, տուն են հրավիրում, հարգանք, պատիվ, նվերներ, այդ ամեն ինչը շատ կա, հատկապես Ռուսաստանում բնակվող հայերի մեջ, որովհետեւ մեծ մասը հենց Հայաստանից գնացած հայեր են, իրենց մոտ ամեն ինչ պահպանված է:
-Կհիշե՞ք ամենաթանկ նվերը, որ ստացել եք երկրպագուների կողմից:
-Չեմ կարող ասել, շատ տարբեր նվերներ են եղել` սկսած դրամականից, ոսկեղեն, հեռախոս, իրեր, մինչեւ հասարակ այլ բաներ:
-Որպես երիտասարդ՝ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է ավելի շատ երիտասարդների ներգրավել դեպի ժողովրդական, ազգային երգարվեստ:
-Այն, ինչ ես հիմա անում եմ՝ նոր գործիքավորում, ժամանակակից տեսք, հագուստ, ժամանակակից տեսահոլովակներ, կարծում եմ՝ այդ ճանապարհն է: Պետք է կոտրել այն կարծրատիպը, որ ժողովրդական երգը միայն տարազով են երգում:
-Հիշում եմ, որ նախկինում Ձեր հորեղբայրն էր զբաղվում Ձեր գործերով, հիմա ո՞վ է Ձեզ օգնում:
-Ոչ ոք, անձամբ ես: Կան որոշ մարդիկ, որ համերգային նախագծերով են զբաղվում, բայց մասամբ: Ես կոնկրետ պրոդյուսեր չունեմ, բոլոր հարցերով էլ ինքս եմ զբաղվում:
-Գիտեմ, որ շատ արտիստներ խուսափում են ֆինանսական հարցեր քննարկելուց, Ձեզ մոտ ստացվո՞ւմ է:
-Այո՛, իհարկե, սովորել ենք արդեն:
-Ունե՞ք հստակ սահմանված հոնորարի չափ, թե՞ նաեւ զիջումների եք գնում:
-Ամեն ձեւ էլ լինում է:
-Կորպորատիվ միջոցառումների, խնջույքների մասնակցո՞ւմ եք:
-Իհարկե, անպայման, եւ շատ հաճախ: Հայաստանում հրավերներն այդքան շատ չեն, ավելի շատ դրսից է լինում:
-Իսկ այստեղ որեւէ ակումբում, ռեստորանում ամենօրյա աշխատանք ունե՞ք:
-«Ջոս» ժամանցային կենտրոնում շաբաթը 2-3 օր ելույթ եմ ունենում, բայց ոչ մշտական:
-Մեր նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ Դուք ասացիք, որ չէիք ցանկանա ամեն օր աշխատել ռեստորանում:
-Մի՞թե նման բան եմ ասել: Դե ուրեմն իմ կյանքում ինչ-որ բան փոխվել է, լավ է:
-Երկու տարի է՝ ավարտել եք Կոնսերվատորիան, այնտեղ աշխատելու առաջարկ չեղա՞վ:
-Իհարկե եղել է, բայց ես հիմա ինձ չեմ պատկերացնում, իմ ծանրաբեռնվածությունը որպես երգիչ շատ է, ես ուղղակի չեմ հասցնի:
-Ի՞նչ նոր նախագծեր ունեք:
-Ունեմ ձայնագրված մի քանի նոր երգ, նախատեսում են նաեւ տեսահոլովակ նկարել, բայց շրջագայություններս հիմա շատ են, ժամանակ չունեմ: Դեռ մի շաբաթ Հայաստանում կմնամ, հետո 20 օրով կմեկնեմ Ռուսաստան. 13 քաղաքներում համերգային շրջագայություններ ունենք մի քանի երգիչներով:
-Մի ժամանակ արշավների էիք գնում, հիմա ի՞նչ հետաքրքրություններ ունեք:
-Էլի գնում եմ, սպորտ, լող, արշավներ` դրանք իմ հոբբիներից են, ուղղակի չեմ կարողանում շատ ժամանակ հատկացնել իմ նախասիրություններին:
-Անձնականում ի՞նչ փոփոխություններ կան:
-Ոչ մի նորություն, ամեն ինչ նույնն է, ինչպես կար:
«ՀԱՄԵՐԳԻ ՕՐՆ ԵՄ ԻՄԱՑԵԼ ՄՐՑԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ