Պետական դավաճանության մեջ մեղադրվող զինվորականը մոտ մեկ տարի առաջ է թոշակի անցել. հարազատները նրան այլ կերպ են նկարագրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը, ընթացիկ տարվա դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է պահեստազորի մայոր 38-ամյա Գարիկ Մարությանը: Նա, երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

Հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Գ. Մարությանին առաջադրվել է մեղադրանք պետական դավաճանության համար: Կատարվում է նախաքննություն:

ArmLur.am-ի հետ զրույցում զինվորականի քույրը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, վստահեցրեց, որ Գարիկ Մարությանի տեսակը չի կարող պետական դավաճանի պիտակավորում ստանալ: Քրոջ խոսքով՝ Գ. Մարությանն արդեն 10 տարի է՝ բնակվում է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքում՝ կնոջ և երկու որդիների հետ: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ նա մոտ մեկ տարի առաջ է զինվորական թոշակի անցել, իր կյանքի լավագույն տարիները հայրենիքին և հայոց բանակին է նվիրել:

«Նախորդ տարի, երբ սահմանին իրադրությունը կտրուկ վատացավ, նա առաջին գծից չէր իջնում: Ինչպե՞ս կարող է թուրքի դեմ դուրս եկած հայը թուրքի համար աշխատի: Մարդ, ով երկու որդի ունի ու ոչ մեկի ծնունդն անգամ չի տեսել ու մշտապես դիրքերում է եղել, ինչպե՞ս կարող է թուրքի հետ համագործակցել»,- շարունակեց պետական դավաճանության մեջ մեղադրվող զինվորականի քույրը:

Վերջինս հայտնեց նաև, որ մշտապես ծառայության մեջ գտնվելու պատճառով Գարիկ Մարությանը որդիներին ու կնոջը վերջինիս հայրական տուն է տեղափոխել, որպեսզի մենակ չլինեն:

Այդուհանդերձ, ԱԱԾ-ում նախաքննություն է ընթանում: Մնում է սպասել քննությամբ բացահայտված հանգամանքներին և փաստերին:

Տաթև Հարությունյան




Լրահոս