ՄՈՒԿՈՒՉՅԱՆՆ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ԿԸՀ-ն ստացել էր 78 ընտրատեղամասերում վերահաշվարկ անելու դիմում: Դրանց մեծ մասը ընդդիմությունն էր ներկայացրել: Եվ, ահա, համաձայն ընտրական օրենսգրքի՝ հանրաքվեին հաջորդած 4 օրերի ընթացքում տարբեր մարզերի եւ Երեւանի ընտրատեղամասերում վերահաշվարկներ են կատարվում, որոնք արդեն այսօր կավարտվեն: Ըստ ընդդիմադիրների՝ վերահաշվարկների արդյունքում պարզ կդառնա, որ հաղթել է ոչ թե այո-ն, այլ ոչ-ը: Սակայն արդեն իսկ կատարված վերահաշվարկների արդյունքում որեւէ էական փոփոխություն չի արձանագրվել ոչ-ի օգտին:

Երեկ «Ժողովուրդ»-ը այս հարցերի շուրջ զրուցել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
-Պարո՛ն Մուկուչյան, ինչպիսի՞ արդյունքներ են բացահայտվել տարբեր ընտրատեղամասերում այս ընթացքում իրականացված վերահաշվարկների արդյունքում:
-Այս փուլում ընտրատարածքներն անում են վերահաշվարկներ, մենք վաղը՝ կեսօրին արդեն, կավարտենք հաշվարկները: Կենտրոնական հանձնաժողովում, ընտրատարածքային հանձնաժողովներում կան որոշակի դիմումների քննարկումներ, նախապատրաստումներ են իրականացվում, որպեսզի դրանք նիստերով քննարկվեն: Այսինքն՝ այս ժամանակահատվածում դեռեւս իրականացվում են վերահաշվարկումները, իսկ դրանց արդյունքները, քննարկումները մենք դեռեւս անելու ենք, որեւէ կերպ այդ հարցի վերաբերյալ խոսել, անհնար կլինի: Հիմա պրոցեսներ են ընթանում, որոնց արդյունքի մասին կարելի կլինի խոսել ավելի ուշ: Այսօրվա թվերը չենք համեմատել, դեռեւս չենք ամփոփել, տեղյակ չենք, քանի որ դա ընտրատեղամասերի գործառույթն է, օրվա ընթացքում տեղեկություններ չեն տրամադրվում, դրանք ներկայացվում են վերջում՝ ամփոփելուց հետո: Առաջին եւ երկրորդ օրերի վերահաշվարկների արդյունքներով տարբերությունները եղել են աննշան յուրաքանչյուր տեղամասի հաշվարկով: Կան տեղամասեր, որտեղ ոչ մի թվային տվյալի փոփոխություն չի լինում, այսինքն՝ ինչպես բացվում է, այնպես էլ փակվում է, կան տեղեր, որ, ասենք, անվավեր է ավելանում, երկու ձայն է պակասում, երկու ձայն է ավելանում: Եզակի դեպքեր են լինում, ոչ էական բաներ են լինում:
-Եթե որեւէ էական տարբերություն չկա նույնիսկ վերահաշվարկներում, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ ընդդիմությունը հայտարարում է, թե համատարած ընտրախախտումներ են իրականացվել, եւ ոչ-ը հաղթել է: Դուք մեղադրվում եք նաեւ նրանում, որ կարողացել եք դարձյալ «նկարչություն» իրականացնել՝ այո-ի թվերը ավելացնելով:
-Դուք հարցնում եք մի բան, որը պնդում են իրենք, այդ դեպքում ես ճիշտ եմ համարում, որ Դուք դիմեք նրանց ու պարզեք, թե ինչու են նման հայտարարություն անում: Վերահաշվարկներն այժմ կատարվում են նրանց հորդորով, ու իրենք ակնհայտորեն տեսնում են դրանց արդյունքները: Կներեք, բայց ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, քանզի այդ հարցին պատասխանելու դեպքում նրանց հարցին պատասխանած կլինեմ: Հարցն այլ հասցե ունի:
-Դուք Ձեզ մեղավոր համարո՞ւմ եք, որ կարողացաք ժողովրդի քվեն կեղծել, ինչպես հայտարարում են ոչ-ի ճամբարի ուժերը:
-Գիտեք ինչ, թե ինչ են հայտարարում իրենք, դա իրենք գիտեն, Դուք կարող եք իրենցից ճշտել, դա իրենց հայտարարությունն է, եւ ես, բնականաբար, որեւէ խնդրի հետ կապված ինձ մեղավոր չեմ համարում, որովհետեւ որեւէ արարք չեմ արել, որի համար պետք է ինձ մեղավոր համարեմ:
-Բայց հանրաքվեի ընթացքի վերաբերյալ ոչ միայն ընդդիմությունն է մեղադրանք հնչեցնում, այլեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները, որոնք եւս արձանագրել են բազմաթիվ ընտրակեղծիքներ:
-Մենք հիմա գտնվում ենք ամփոփման փուլում, երբ որ ամփոփումը կավարտենք, այդ ամենի պատասխանները կհնչեցնենք, ես խոստանում եմ:

 

 

 

 

ԴԵՂԵՐ ԿԵՂԾՈՂ ՄԱՖԻՈԶՆԵՐԻՆ ԲՈԼՈՐՆ ԷԼ ԳԻՏԵՆ. ՉԵՆ ԲՌՆՈՒՄ

Երեկ խորհրդարանում քննարկվեց բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը: ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտարարեց, որ երբ դեղերը, բժշկական սարքավորումները փաթեթավորում են այնպես, որ մոլորեցնում են մարդկանց, սպառնալիք են դառնում մարդու առողջության համար: Քննարկումն անցավ բավականին թեժ մթնոլորտում, պատգամավորները հորդորում էին ՀՀ առողջապահության նախարարությանը ուշադրություն դարձնել Հայաստանում կեղծ դեղերի շրջանառությանը:

«Տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ոչ մասնագետների համար դժվար է տարբերել կեղծ արտադրանքն իրականից: Կեղծ դեղերի շրջանառությունը 100 մլրդ եվրոյից ավել է կազմում: Դրա համար առաջ է եկել նման կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությունը»,-հայտարարեց ԱՆ փոխնախարարը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը խնդրեց վիճակագրական տվյալներ ներկայացնել, թե ինչքան կեղծ դեղ է արտադրվել ՀՀ-ում: «Ասացիք՝ կեղծ դեղերի 80 տոկոսը ներմուծվում է այստեղ, հնարավորություն ունեցե՞լ եք դրանց մի մասը առգրավել, թե՞ կոնվենցիան պետք է լիներ, որ այդ խնդիրը կարողանայիք լուծել»,-հարցրեց պատգամավորը: «Երկրում արտադրված կեղծ դեղեր չենք հայտնաբերել: 2013-2014թթ.-ին հարուցվել է 151 վարչական վարույթ չգրանցված կամ կեղծ դեղերի առումով: Կիրառվել է տույժ 59 կազմակերպության նկատմամբ: Հայտնաբերվել է շուրջ 170 անվանում չգրանցված դեղ այս 2 տարվա ընթացքում: 2014-ին կեղծ դեղի հայտնաբերում ունեցել ենք 1 անվանում 3 դեղատներում՝ Երեւանում եւ Վանաձորում, որի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները»,-հավելեց փոխնախարարը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ վրդովված հայտարարեց. «Մենք բոլորս գիտենք Հայաստանում դեղ ներմուծող մաֆիոզներին անուն առ անուն, բոլոր հանցագործներին, որոնք պիտի վաղուց նստած լինեին, որովհետեւ նրանք մանկական սնունդ են կեղծում, մանկական դեղ են կեղծում: Նրանք բերում են կեղծ դեղ, որտեղ ազդող բաղադրիչը կա՛մ ընդհանրապես չկա, կա՛մ հակառակ ազդեցությունն է ունենում: Հիմա մենք ի՞նչ երաշխիքներ ունենք, որ վավերացնելով այս կոնվենցիան, կկարողանանք քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր հայկական այն դեղագործ մաֆիոզներին, որոնց անուն առ անուն բոլորս էլ գիտենք: Խոսքը միայն չգրանցված դեղերի մասին չէ, այն մասին է, որ արտադրողները երրորդ երկրների համար արտադրում են նույնանուն դեղ, որտեղ ազդող բաղադրիչը գրեթե զրոյական է»:
Սերգեյ Խաչատրյանն էլ ասաց, որ դա ավելի շատ սահմանային հսկողության աշխատանքն է:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԻՐԱՑՆՈՒՄ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ի նիստում կհաստատի հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների՝ 2016 թվականի անվանական կազմը եւ կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը: Այսպես, եկող տարի կարգավորման պարտադիր վճարող ընկերությունները կլինեն 23-ը: Դրանց թվում է, օրինակ, «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որի իրացման շրջանառությունը կազմում է ավելի քան 204 մլրդ դրամ: ՀԷՑ-ին հաջորդում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ 5 մլրդ 847 մլն դրամ շրջանառությամբ եւ այսպես շարունակ: Իսկ գազամատակարարման համակարգից ցանկում առկա են միայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որի իրացման շրջանառությունը կազմում է մոտ 185 մլրդ դրամ, եւ «Տրանսգազ» ՍՊԸ-ն՝ 17.5 մլրդ դրամ շրջանառությամբ: Ի դեպ, ընկերությունների կարգավորման պարտադիր վճարը հաշվարկվում է՝ ըստ նրանց շրջանառության: Մասնավորապես, ամենամեծ վճարը բաժին է հասնում ՀԷՑ-ին, որը 2016-ին ՀԾԿՀ-ին պարտավորված կլինի վճարել 267 մլն դրամ:

 

ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ
Արդեն մի քանի օր շարունակ եվրոպական տարբեր կառույցներ, ինչպես նաեւ ԵԽԽՎ պատվիրակությունը քննադատում են դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Իշխող ՀՀԿ-ն շարունակում է ջանքերը, որպեսզի այդ հայտարարություններում ինչ-որ շտկումներ մտցվեն, եւ բովանդակությունը մեղմվի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ականները եւ ԵԽԽՎ պատվիրակության անդամներն այս օրերին տարբեր հանդիպումներ ու քննարկումներ են անցկացնում՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարող են անել, որպեսզի միջազգային կառույցների վերջնական եզրակացությունները ընտրակեղծիքների մասին հիշատակումներից «մաքրեն»: Երեկ այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ, սակայն վերջինս հայտարարեց, թե դեռեւս պետք չէ շտապել: «Կլինեն վերջնական եզրակացությունները, կներկայացնենք մեր դիրքորոշումը»,- հայտարարեց Թորոսյանը:

 

ՆՎԱԶՈՒՄ Է ՈՒ ՆՎԱԶՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա տասն ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գարեջրի արտադրության ծավալները նվազել են 13.7 տոկոսով: Նվազել են նաեւ հանքային ջրի արտադրության ծավալները՝ 20.7 տոկոսով: Կոնյակի արտադրության ծավալները նվազել են 9 տոկոսով: Կոնյակի, գարեջրի եւ հանքային ջրի արտադրության ծավալների նվազման փաստը հիմնականում կապվում է երկու գործոնի՝ մարդկանց գնողունակության անկման եւ դեպի Ռուսաստան քիչ արտահանելու խնդրի հետ:




Լրահոս