Դեռեւս 2012թ. դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովն ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որը լուրջ խնդիրներ է առաջացրել փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար: Օրերս այդ մասին ահազանգել էին «Հրապարակ» եւ «Ժողովուրդ» օրաթերթերի խմբագիրները, որոնք իրենց օրինակով նշեցին, որ դա լուրջ ազդեցություն է ունենալու իրենց հետագա գործունեության վրա:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այդ օրինագծին կողմ են քվեարկել 70 պատգամավոր, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 17:
Դեմ են քվեարկել՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներ Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանը, Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Թեւան Պողոսյանը, Ռուբիկ Հակոբյանը: Ձեռնպահ քվեարկողներն են՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը, Մարտուն Գրիգորյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Էնֆիաջյանը, Ռուբեն Գեւորգյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Գրիգոր Գրիգորյանը, Վահան Կարապետյանը, Բազմասեր Առաքելյանը, Վահագն Մախսուդյանը, Արայիկ Աղաբաբյանը, Էլինար Վարդանյանը, Մուրադ Գուլոյանը, Հրանտ Դավթյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Բացակա են եղել՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Քոքոբելյանը, ՀՅԴ-ից Արմեն Բաբայանը, ՀԱԿ-ից Ստեփան Դեմիրճյանը, ԲՀԿ-ից Տիգրան Ստեփանյանը, Արագած Ախոյանը, Աբրահամ Մանուկյան, Հարություն Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանը, Միքայել Մելքումյանը, Վարդան Օսկանյանը, Գրիգորի Մարգարյանը, Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ-ից Նահապետ Գեւորգյանը, Դավիթ Հարությունյանը, Մարինե Մարաբյանը, Մուշեղ Պետոյանը, Սամվել Ֆարմանյանը:
Եղել են նաեւ չքվեարկողներ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սեդրակ Սարոյանը, Դավիթ Քոչարյանը, Մելիք Մանուկյանը, Աշոտ Արսենյանը, Սպարտակ Մելիքյանը, Արտակ Դավթյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Մերուժան Սիմոնյանը, Արշակ Մխիթարյանը, Հայկ Խաչատրյանը, Արա Արամյանը, Արմեն Ավետիսյանը եւ ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը: Մնացած պատգամավորները կողմ են քվեարկել այդ չարաբաստիկ նախագծին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (Կիլիկիայի Հակոբ)
-Պարո՛ն Հակոբյան, «Շրջանառության հարկի մասին» օրենքից տեղյա՞կ եք:
-Իհարկե տեղյակ եմ:
-Իսկ մինչեւ այդ օրենքի քվեարկությունը, տեղյա՞կ էիք, որ օրինագիծը լուրջ խնդիրներ է առաջացնելու փոքր եւ միջին բիզնեսի համար: Ինչո՞ւ եք կողմ քվեարկել:
-Բայց ես ասեցի, որ կո՞ղմ եմ քվեարկել:
-Իսկ ինչպե՞ս եք քվեարկել:
-Ձեռնպահ: (ԱԺ պաշտոնական կայքում բոլոր Հակոբ Հակոբյանների անվան դիմաց գրված է կողմ)
-Այսինքն՝ տեղյա՞կ եք եղել, որ այդ օրենքը վնաս է հասցնելու:
-Դե գիտեք ինչ, վնաս ասվածը մի քիչ հարաբերական է, նայած թե ով ոնց է աշխատում: Իհարկե խնդիր կա այդ տոկոսի մեջ, ես էլ եմ տեսնում, որ խնդիր կա:
-Այդ դեպքում ինչո՞ւ որեւէ բան չեք նախաձեռնում օրենքում փոփոխություններ անելու համար:
-Ճիշտն ասած՝ ինձ չեն դիմել, եթե դիմեն, կփորձեմ օգտակար լինել: Երբ որ դիմեն, ես էլ կտեսնեմ, թե ինչ են գրում, կնայեմ ու որոշում կկայացնեմ: Հաստատ վատ որոշում չեմ կայացնի:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ՄԱՊ-ի Ալիկ)
-Պարո՛ն Պետրոսյան, «Շրջանառության հարկի մասին» օրենքին Դուք կողմ եք քվեարկել, որը լուրջ խնդիրներ է առաջացրել փոքր եւ միջին բիզնես ունեցող մարդկանց համար:
-(Մի քանի րոպե լռում է ու մտածում-Ս.Գ.) Ո՞ր բիզնեսին է վերաբերում:
-Փոքր եւ միջին:
-Ե՞րբ է ընդունվել, ընդունվե՞լ է արդեն:
-Այո՛, ու Դուք էլ կողմ եք քվեարկել այդ օրենքին:
-(Շփոթվում է-Ս.Գ.) Հա՜… (Գլուխն է քորում-Ս.Գ.), հա՛, ուզում եմ հիշեմ, դրա համար չեմ կարողանում հիմա պատասխանել: Վաղը չէ մյուս օրն էդ օրենքը կնայեմ, մի հատ իրար հետ կզրուցենք, հա՞, մանրամասն: Որովհետեւ ընդեղ բաներ կար, որ խթանում էր, ինչ-որ բաներ կար, որ խանգարում էր:
-Հիմա այդ օրենքը լուրջ խնդիր է առաջացրել…
-Հա՛, հասկանում եմ, ես հասկանում եմ Ձեզ, այնտեղ՝ օրենքի մեջ, ինչ-որ բան կար, որ ինքը ինչ-որ մասով խթանում է, բայց ընդհանուր գաղափարն այն էր, որ օգնում էր:
-Դուք չե՞ք կարդացել օրենքը քվեարկելուց առաջ, չե՞ք հասկացել, որ վնասելու է մանր ու միջին ձեռնարկատերերին:
-Դե ես էդ միջին բիզնեսի մեջ… ո՛չ մեծում կամ, ո՛չ փոքրում, դրա համար Ձեր ասածը հիմա ուզում եմ հիշել, անընդհատ էնքան են էս օրենքները սենց անընդհատ փոփոխում, որ չեմ կարողանում հիմա բան ասել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆ (Թոխմախի Մհեր)
-Պարո՛ն Սեդրակյան, 2012թ. օրենք է ընդունվել «Շրջանառության հարկի մասին», որը լուրջ խոչընդոտ է միջին եւ փոքր բիզնեսների համար:
-Ես չեմ կարծում, որ տենց օրենք դուրս գա:
-Բայց արդեն ընդունվել է:
-Ընդունվե՞լ է: Եթե տենց բան կա, ինձ թվում է՝ մենք պատգամավորներով եթե քվեարկել ենք, ես չգիտեմ՝ ես քվեարկել եմ, թե ոչ, կաշխատենք վերանայել: Որովհետեւ դա վնասելու ենք… Ես չգիտեմ՝ ոնց կարելի է տենց օրենք ընդունել… մենք միշտ խոսել ենք, որ պետք է զարգացնել փոքր ու միջին բիզնեսը, երբ որ տենց օրենք ենք ընդունում, դա հակասում է մեր մտածելակերպն ու օրենք ընդունելը: Դրա համար կմիանամ այն մարդկանց, նաեւ նախաձեռնություն կարելի է վերցնել մեզ վրա, որ շտկվի, թյուրիմացություն կարող է լինել:
Հ.Գ. Հիմա հասկացա՞ք, թե ինչ պայմաններում եւ ինչպիսի անհատների երեսից է տուժում ՀՀ շարքային քաղաքացին: Միայն այս օրենքի անունը՝ «Շրջանառության հարկ», բավական է, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ չարիք է փոքր ու միջին ձեռնարկատերերի համար: Տրամաբանական է, որ շրջանառությունից գանձվող հարկատեսակն ավելի շատ կլինի, քան զուտ եկամտից վճարված հարկը, քանի որ շրջանառությունը կարող է մեծ լինել, իսկ եկամուտը՝ փոքր: Ինչպե՞ս կարող էին պատգամավորները չգիտակցել այս տարրական խնդիրը: Հիմա՝ հետին խելքով, լրագրողների բարձրացրած աղմուկից հետո նոր փորձում են մտածել իրավիճակը շտկելու մասին: Համաձայնե՛ք՝ խայտառակություն է: