ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԱՎ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի «Հանցագործություն կատարելու մասին» հաղորդումը:  Դրա հեղինակները ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին խնդրում են պարզել «Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների, մասնավորապես «ատկատների» կամ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների իրականացման հետ»:

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրու բաժնում 1989թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ ապրիլի 23-ին ինքն է կրակել Հարություն Խաչատրյանին եւ Արտյոմ Կարապետյանին: Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են շուրջ 60 վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ:

ՊԵԿ-Ը ԿՏՐՈՀՎԻ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեն բաժանվելու է: Հարկային ծառայությունը կմտնի ՀՀ ֆինանսների նախարարության կազմ, եւ նախարարի պաշտոնում կնշանակվի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Այդպիսով հարկային ծառայությունը ֆինանսների նախարարության հետ միասին իր գործունեությամբ հաշվետու կլինի Ազգային ժողովին, եւ Գ. Խաչատրյանը մյուս նախարարների պես ստիպված կլինի վերջապես պատասխանել պատգամավորների հարցերին: Իսկ մաքսային ծառայությունը մնալու է որպես առանձին կառույց, որի ղեկավար կնշանակվի ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը:

ԾԵԾԿՌՏՈՒՔ «ՀՐԱԶԴԱՆ»-Ի ՄՈՏ
Ապրիլի 29-ին՝ ժամը 03:20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ «Հրազդան» տոնավաճառի մոտ կռիվ է տեղի ունենում: Նույն օրը՝ ժամը 03:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 28-ամյա Եփրեմ Գ.-ն` հայտնելով, որ «Հրազդան» տոնավաճառի մոտ իրեն ծեծի են ենթարկել: Պարզվել է, որ Եփրեմ Գ.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել 20-ամյա Ռոլանդ Ի.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոլանդ Ի.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

ՔԱՂԱՔԱԿԱՆ Է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կալանքն ու ազատազրկումն ապօրինի եւ քաղաքական է որակել: Բողոքը, որ քննարկել է ՄԻԵԴ-ը, վերաբերում է «գազի գործով» 2011թ. նրա կալանավորմանը, որի արդյունքում նախկին վարչապետը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել:




Լրահոս