ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԲԱԽՏԸ ԺՊՏԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Սահմանադրությունը, որը դեկտեմբերի 6-ին հանրաքվեի էր դրվել, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 22-ին: Ինչու, որովհետեւ արդեն իսկ ակնհայտ է, որ ոչ-ի ճակատին, իսկ ավելի կոնկրետ՝ ՀԱԿ խմբակցությանը չի հաջողվի անհրաժեշտ թվով՝ 27 պատգամավորների ստորագրություն հավաքել` ՀՀ Սահմանադրական դատարան բողոք ներկայացնելու համար: Երեկվա դրությամբ ՀԱԿ նախաձեռնությանը միացել էին 11 պատգամավորներ՝ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Հեղինե Բիշարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Ստեփան Դեմիրճյանը: Փաստացի բոլոր այն պատգամավորները, որոնք սահմադրական փոփոխություններին խորհրդարանում դեմ էին քվեարկել, բացառությամբ Հրանտ Բագրատյանի, ՍԴ դիմումի տակ ստորագրել են: Ի դեպ, Բագրատյանը երկուշաբթի մեկնարկած ԱԺ արտահերթ նիստին չի մասնակցում:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի ինն անդամներն այս անգամ պարտադրված չեն լինի իրենց ստորագրությամբ ընտրակեղծիքները վավերացնել: Եւ այս իրավիճակում ամենաշատը կշահի ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Եթե հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում բողոքարկվեին, ապա նա ստիպված կլիներ, որպես փաստաթղթի համահեղինակ, ինքնաբացարկ ներկայացնել:
Այսպիսով, եթե հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում չեն բողոքարկվում, ապա համաձայն «Հանրաքվեի մասին» օրենքի 36-րդ հոդվածի՝ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը հրապարակելուց հետո` ութերորդ օրը, այսինքն՝ դեկտեմբերի 21-ին, սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է հրապարակվի «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» եւ հաջորդ օրվանից՝ դեկտեմբերի 22-ից, այն ուժի մեջ կմտնի:

 

 
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ պետք է ստանձնի իշխանական համակարգի պահպանմանն ուղղված կազմակերպված հանցագործությունները, այն է՝ ընտրակեղծիքները կոծկելու պաշտոնական պատասխանատվությունը: Բանն այն է, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ, ինչպես միշտ, լրագրողների եւ ընդդիմության կողմից ընտրակեղծարարության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Իրավապահները, բնականաբար, արձանագրված ընտրակեղծիքներին արձագանքեցին` մի չնչին մասով քրգործեր հարուցելով: Բայց նույնիսկ հաշված այդ գործերի «գլխավոր դերակատար» ընտրակեղծարարների հովանավոր պաշտոնյաներն արդեն դժգոհում են իրավիճակից, եւ քննիչներն ու հետաքննիչները ստիպված են լինում ի պատասխան խորհուրդ տալ բոլոր «հարցերով» դիմել Կոստանյանին: Ավելին` «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ շատ քննիչներ դատախազներից գրավոր ցուցումներ են պահանջում` պատասխանատվությունը հետագայում իրենց վրայից գցելու համար:

 

 

 
«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ 350 պայմանագրային զինծառայողներ սպասում են իրենց վերջնահաշվարկների վճարումներին: Տեղեկացնենք, որ պայմանագրային զինծառայողներն իրենց վերջնահաշվարկը ստանում են պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, անկախ այն բանից` նրանք պատրաստվո՞ւմ են նոր պայմանագիր կնքել, թե՞ ոչ: «Ժողովուրդ»-ը դեռեւս դեկտեմբերի 2-ի համարում գրել էր, որ բյուջետային միջոցների սղության պատճառով ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կարողանում ժամանակին վճարել պայմանագրային զինծառայողների վերջնահաշվարկները: Եւ հիմա ՊՆ-ից մեզ տրված պատասխանում թեեւ նշվում է, որ նոյեմբերի 1-ի դրությամբ չվճարված գումարներ չեն եղել, այնուամենայնիվ, հաջորդիվ հայտնում են, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ առկա է վերջնահաշվարկի 350 դիմում: Ըստ ՊՆ-ի՝ այդ դիմումներով գումարների վճարումները կիրականացվեն մեկ շաբաթվա ընթացքում: Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետայինի վարչության հաշվարկային բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը փորձել էր հերքել խնդրի գոյությունը:

 

 

 
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 1992 թվականից մինչեւ 2014 թվականը ներառյալ, ըստ միգրացիոն հոսքերի, Հայաստանից հեռացել է 1 մլն 10 հազար 500 մարդ: Ըստ ԱՎԾ-ի՝ նշված տարիների ընթացքում ՀՀ բնակչության բնական հավելաճը, այսինքն՝ ծնվածների եւ մահացածների թվերի դրական տարբերությունը, կազմել է 387 հազար 800 մարդ: Նշենք, որ այդ 13 տարիներին նշված թվի չափով ավելի շատ մարդ է ծնվել քան մահացել է: Չնայած ըստ այդ թվերի՝ 1 մլն մարդ է արտագաղթել, բայց բնակչության թիվը նվազել է 622 հազար 700-ով: Ի դեպ, նշված հաշվարկներում ներառված չեն այս տարվա արտագաղթի տվյալները: Բայց առավել ուշագրավ է, որ արտագաղթի, այն է՝ Հայաստանից մեկնած եւ ժամանած ուղեւորների թիվը, չգիտես ինչու, սահմանահատումների պաշտոնական թվերի կեսն է միայն կազմում: Այլ կերպ ասած՝ իրականում ստացվում է, որ արտագաղթի թիվը կազմում է մոտ 2 մլն, բնակչության թիվն էլ նշված 13 տարիներին նվազել է մոտ 1 մլն 600 հազարով:

 

 

 

ԱՆՊԱՏՇԱՃ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով ԱՄՆ դեսպանատան վերջին հայտարարությանը, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքներ թույլ տված անձանց մասին տեղեկատվությունը կարող է օգտագործվել «Հայաստանում ԱՄՆ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս», երեկ հայտարարել է, թե իրենք սպառնալիքով սպառնալիքին չեն պատասխանում: Ասել է թե` քաջն Գալուստ Գրիգորիչը կարող է սպառնալ ԱՄՆ-ին, բայց «մեծահոգաբար» դա չի անում: «Լռում ենք ոչ թե նրա համար, որ խոսք չունենք հակադարձելու, այլ պատշաճության համար: Բնականաբար՝ մենք էլ ենք շահագրգիռ, որպեսզի եթե խախտումներ կան, ըստ արժանվույն, օրենքի շրջանակներում պատժվեն»,- հավելել է պատշաճության կողմնակից Գ. Սահակյանը, որի մոտ, սակայն, շատ հազվագյուտ է ստացվում իր մտքերը ձեւակերպել այնպես, որ չխախտվի քաղաքական, առավել եւս, ինչպես այս դեպքում, աշխարհաքաղաքական պատշաճությունը. «Գիտեք, ես չեմ ուզում կշռելի դարձնել այդ հայտարարությունը, որովհետեւ էստեղ էլ մի խնդիր կա, առանձնանալու խնդիր կա՝ ինչու՞ Ճապոնիայինը չէ, Չինաստանինը չէ: Աշխարհաքաղաքական վիճակի տրամաբանությանը տեղյակ ենք եւ յուրաքանչյուր հայտարարություն զգում ենք, թե որտեղից է գալիս եւ ինչի համար է գալիս»,- ասել է Աժ նախագահը, ով, փաստորեն, մինչ օրս չի տարբերակում, թե աշխարհում ընդհանրապես եւ Հայաստանում մասնավորապես ինչպիսի ազդեցություն եւ դերակատարություն ունեն ԱՄՆ-ն եւ Ճապոնիան:
«Այսինքն՝ եթե դեսպանությունները հայտարարում են՝ դա Հռոմի պապը չի, որպեսզի սրբության տեղ դնենք»,- եզրափակել է Գրիգորիչը` այդպիսով երկրորդելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կողմից ավելի վաղ արված հայտարարությունը, որով նա «անլուրջ» էր որակել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի քննադատությունը Հայաստանում առկա կոռուպցիայի մասին: Ըստ մամուլի հրապարակումների` Բաղդասարյանի այդ հայտարարությունը լուրջ արձագանք էր ունեցել Պետդեպում, եւ ամերիկացիները ՀՀ իշխանություններին «հորդորել էին դաստիարակչական» աշխատանք տանել Բաղդասարյանի հետ, որպեսզի նա այսուհետ ավելի զգույշ լինի իր գնահատականներում: Դրանից հետո տարբեր ՀՀԿ-ականները փորձում էին սրբագրել Բաղդասարյանի ասածը` հանդես գալով ԱՄՆ տեսակետը կարեւորող հայտարարություններով:
Եվ եթե հիմա Գալուստ Սահակյանը ԱՄՆ դեսպանատան հայտարարության առիթով առավել ծաղրական եւ հեգնանքով լի մեկնաբանություն է անում, դա կարող է երկու բացատրություն ունենալ՝ կա՛մ ՀՀ իշխանությունները Ռուսաստանից եկող ինչ-ինչ հրահանգների արդյունքում այլեւս որոշել են գնալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման եւ սահմանադրական հանրաքվեն ընդամենը դրա համար պատրվակ է, կա՛մ Գ. Սահակյանին մոռացել են հրահանգել, որ նման լուրջ թեմաներով քիչ խոսի: Երկու դեպքում էլ, կարծում ենք, ԱՄՆ-ի բացասական արձագանքը չի ուշանա:




Լրահոս