Մայիսի 5-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ամփոփվեցին կարճամետրաժ ֆիլմերի “Հայացք” երիտասարդական փառատոնի արդյունքները, տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։ Փառատոնի փակման արարողությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով. ելույթ ունեցավ “Միքայել Ոսկանյան և ընկերներ” խումբը։
“Հայացք” երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ Մայիսի 1-5-ը տևած կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել են 25 կարճամետրաժ ֆիլմեր, մասնակցության համար դիմել էին շուրջ 70 երիտասարդներ։
Ֆիլմերի ընտրությունը կատարել է պրոֆեսիոնալ ժյուրին՝ ի դեմս ռեժիսոր Վ. Գևորգովի, կինոռեժիսոր Ա. Գևորգյանի, օպերատոր Ս. Բաբասյանի, կինոքննադատ Ր. Մովսիսյանի: Ժյուրիի նախագահն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Անետա Երզնկյանը:
“Հայացք” երիտասարդական կինոփառատոնի ժյուրին մրցանակներ շնորհեց 4 անվանակարգում։ Լավագույն խաղարկային ֆիլմ՚ անվանակարգում հաղթող ճանաչվեց Յուրի Մուղդուսյանի ,Իրականության պաթոսե ֆիլմը։ ՙԼավագույն վավերագրական ֆիլմ՚ անվանակարգի հաղթողն էր Խանե Պողոսյանի “Մեծ աշխարհի իմ անկյունը” ֆիլմը։ Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ ստացավ Ալբերտ Սարգսյանի “Վաղ գարուն” ֆիլմը։ Իսկ ահա “ՙՀանդիսատեսի համակրանք” անվանակարգում առաջինն Արտյոմ Բարխուդարյանի Արթնացիր, Մար կինոնկարն էր։ Մրցանակներ շնորհեցին նաև կինոփառատոնի հատուկ գործընկերներ Լաբարնա (Labarna) հուշանվերների, Արվեստի աշխարհ (Art World) խանութ սրահները։ Հայաստանի երիտասարդական հինմնադրամը կինոփառատոնի բոլոր հաղթողներին Ծաղկաձորում հանգստանալու ուղեգրեր նվիրեց։
Ժյուրիի նախագահ Անետա Երզնկյանը բարձր գնահատեց երիտասարդական այս նախաձեռնությունը։ “Փառատոները ոչ միայն տոն են, այլև որոշակի հաշվետվություն, հնարավորություն շփվելու միմյանց հետ, ստեղծագործական մթնոլորտ ստեղծելու։ Փառատոնը ստացվեց, ինչի համար շնորհավորում եմ թե′ կազմակերպիչներին, թե′ մասնակիցներին”,-ասաց Անեստա Երզնկյանը։