ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՕՐԸ
Նախընտրական քարոզարշավի նախավերջին օրը «Առաքելություն» կուսակցությունը վերջապես հրավիրեց իր առաջին նախընտրական հանրահավաքը, որին մասնակցում էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը: «Թող ոչ ոք կուսակցության հասցեին անհիմն չարախոսություններ չանի, մենք գործելու ենք ընդդիմադիր դաշտում  եւ որեւէ մեկին խանգարելու խնդիր չունենք։ «Առաքելություն» կուսակցությունն իր ընթացքը չի կասեցնելու, եւ թող ոչ ոք չկասկածի դրանում»,-իր ելույթում նշեց կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը:

ԼՅՈՒԴՄԻԼԱՅԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է Գեւորգ Պերկուպերկյանի հայցն ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի եւ մերժել Լյուդմիլա Սարգսյանի հակընդդեմ հայցը:

ԳՅՈՒՄՐՈՒ ՀԵՏ` ՉԿԱՏԱԿԵԼ
Նախախորհրդարանի կողմից առաջին հանրահավաքը Գյումրիում անցկացնելու որոշումը ռեժիսոր Տիգրան Խզմալյանը բացատրել է հետեւյալ կերպ. «Դա այն քաղաքն է, որտեղ գործող կեղեքիչ, օկուպացիոն ռեժիմի ղեկավարը հայտարարել էր, որ ինչքան կուզենք, այդքան կխփենք, դա ասվել էր հենց այստեղ` Գյումրիում: Օրեր անց Գյումրին ապացուցեց, որ արհամարհելով ժողովրդին, ձեռ առնելով ժողովրդին, նվաստացնելով ժողովրդին՝ իրենք  ոչ մի տեղ չեն հասնի: Ինքը ստացավ այնքան, ինչքան ցանկացավ խփել Գյումրին»:

ՀԻՄԱ ԷԼ` ԴԱՇՆԱԿՆԵՐԻՆ
«ԳԱԼԱ»-ի տեղեկություններով` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին սատարելու է «Դաշնակցությանը»` իրենց համակիրներին ուղղորդելով դեպի ՀՅԴ: «Դաշնակցության» վերնախավին նման հավաստիացում է տվել  ԱԴԿ անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

ՆՈՒՅՆ ՁԵՎՈՎ ԿԴԻՄԻ
«Պարո՛ն Օսիկյան, այդ երբվանի՞ց է, որ ոստիկանապետը պատգամավորների հետ խոսում է «արա»-ով: Մանավանդ, երբ նա չի շեշտում, թե կոնկրետ որ պատգամավորներին է դիմում, նշանակում է՝ նաեւ պատգամավորների կարգավիճակին է ուղղել իր խոսքը՝ «արա» ասելով: Եթե նա հաջորդ անգամ նման տոնով ու «արա»-ով խոսի պատգամավորների մասին, ապա կարող եք նրան փոխանցել, որ ես էլ նույն կերպ կդիմեմ նրան»,-անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի` «Արա՛, դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողականներ» արտահայտությանը՝ երեկ ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ՄԻԱՅՆ ԲՆԱԿԱՆ ԿՐԾՔԵՐ
Հակադարձելով Տարոն Մարգարյանի այն հայտարարությանը, թե Վոլոչկովային հրավիրելու համար իրեն քննադատողներն ավելի շատ նախանձում են, այդ քննադատողներից մեկը` «Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը, «Առավոտ»-ին ասել է. «Ես Տարոն Մարգարյանին, բնականաբար, չեմ կարող նախանձել, որովհետեւ ես, կներեք, բայց սիլիկոնե կրծքերի սիրահար չեմ»:

ՄԱՐԶԱԴԱՇՏ` ՇՈՒՇԻՈՒՄ
Այսօր Շուշիում կկայանա ֆուտբոլային նոր մարզադաշտի բացման արարողությունը: Մարզադաշտը կառուցվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի միջոցներով:

ԳԻՐՔ Է ԳՐԵԼ
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գժանոց թեժ աշուն» գրքի շնորհանդեսի  ընթացքում կատարված հանգանակության արդյունքում հավաքվել է 361.000 դրամ, որը ուղղվելու է գյուղական անապահով ընտանիքների կարիքներին: Հեղինակը մակագրում էր գրքերի վրա, իսկ դրանք ձեռք բերողները մասնակցում էին հանգանակությանը:




Լրահոս