Կիրակի օրը կայացած ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ն իր ստացած 3.73 տոկոս ձայներով ըստ էության հեղինակազրկեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Երիցյանին: Չե՞ք փոշմանել, որ համաձայնեցիք գլխավորել ՕԵԿ ընտրացուցակը, որը մեծամասնական ընտրակարգով ընտրված մի պատգամավորի չափ ձայն չկարողացավ հավաքել (ընդամենը 15.733 քվե). «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին պարոն Երիցյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորի համար էլ հասկանալի է, որ ժողովուրդն ինքն է իր ընտրությունը կատարում, ու մենք արդեն շնորհավորել ենք այն ուժերին, որոնք Երեւանի ավագանու ընտրություններում հաղթել են: Կարծում եմ՝ ցանկացած դեպքում պետք չէ հիասթափվել, սա էլ փորձություն էր: Ես շատ ծրագրեր ունեմ ու շարունակելու եմ դրանք կյանքի կոչել: Այնպես չէ, որ եթե ՕԵԿ-ն ավագանիում չլինի, չի աշխատելու: Ես ավելի մեծ եռանդով եմ աշխատելու: ՀՀ-ում շատ անելիքներ կան բոլոր ոլորտներում, ու ես ժողովրդին խոստացել եմ, որ ինչ կկարողանամ՝ կանեմ»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ