ԻՆՉՈ՞Ւ ԱԶԱՏՎԵՑ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայության արդեն նախկին պետն իր առաջին հրամանն արձակել է 2007-ի դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը՝ հաստատելով ՀՔԾ կանոնադրությունն ու կառուցվածքը: Սակայն այդ կառույցի ձեւավորումից 6 տարի անց է միայն Սերժ Սարգսյանը հասկացել, որ ՀՔԾ-ն կամակատար է եղել:
Ըստ ՀՔԾ պետի ստորագրած առաջին փաստաթղթի՝ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ինքնուրույն պետական մարմին է եւ լիազորություններն իրականացնելիս՝ անկախ»: Սակայն ՀՀ-ում բնակվող գրեթե յուրաքանչյուր քաղաքացու հայտնի էր, որ ՀՔԾ-ն գործում է բացառապես ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանու ներքո՝ հենց գլխավոր դատախազության շենքում: Եվ խոսել այդ մարմնի անկախության մասին պարզապես ծիծաղելի է: Թե ինչու է միայն հիմա Ս. Սարգսյանը եկել այն եզրակացության, որ Ա. Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջեւ դրված խնդիրը, պաշտոնապես անհայտ է: Երեկ ՀՔԾ-ում Սարգսյանն ասել է. «Ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջեւ, որպեսզի մեծ ջանքեր գործադրի ՀՔԾ կայացման դժվարին գործում: Այն պետք է կայանար որպես ինստիտուցիոնալ անկախ եւ քրեական արդարադատության իրականացման գործում ինքնուրույն մասնակից: Ցավոք, մինչեւ հիմա այդպես չէ: Սա այն ծառայությունն է, որտեղ պետք է աշխատեն բացառապես գործին նվիրված ինքնուրույն, պրոֆեսիոնալ եւ հնարավորինս օբյեկտիվ մտածողություն ունեցող մարդիկ: Այս ծառայությունը չի կարող լինել կամակատար»:
ՀՀԿ առաջնորդը խոսել է Ա. Միրզոյանի ազատման պատճառների ու ծառայության առջեւ դրված խնդիրների մասին. «Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր» (վերեւում նշվածը):
«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ գլխավոր դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ մայիսի 2-ի առավոտյան Ս. Սարգսյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ ՀՔԾ ղեկավարը ներկայացրել է Արցախի զորամասերից մեկում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած մի զինվորի քրեական գործի մանրամասները, որին ինքնասպանության են հասցրել զինվորականները: Սակայն նիստի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գեւորգ Կոստանյանը մանրամասն զեկուցել է, թե ինչպես է ՀՔԾ ղեկավարը ստում՝ ներկայացնելով ապացույցներ: Զինդատախազի ասածներին արժանահավատություն է հաղորդել ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանի խոսքը, որը, բնականաբար, հանդես է եկել Կոստանյանի դիրքերից: Ըստ ամենայնի, ՀՀ նախագահի նստավայրի երիտասարդները մինչ խորհրդակցությունն արդեն Ս. Սարգսյանին ներկայացրել են խնդիրը՝ արդարացնելով Կոստանյանին: Սարգսյանն էլ բարկացել է, նաեւ կշտամբել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ որոշել ազատել Ա. Միրզոյանին զբաղեցրած պաշտոնից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս քրգործին խառնվել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:  
Սակայն, ինչպես վերը նշվեց, այս քրգործը եղել է ընդամենը առիթ. ՀՔԾ ղեկավարին պաշտոնանկ անելու պատճառն ուղղակիորեն առնչվում է նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված բուրգի հայտնի գործին, որին կանդրադառնանք առաջիկայում:
Հ.Գ. Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացրել է օրերս իր հրամանագրով նշանակված ՀՔԾ նոր պետ Վահրամ Շահինյանին՝ հայտարարելով, որ նա եւ ՀՔԾ-ն կարող են ակնկալել իր եւ ՀՀ կառավարության աջակցությունը: Շահինյանը, ի դեպ, ըստ լուրերի՝ ՀՀ գլխավոր դատախազի մտերիմն ու վստահելին է:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս