Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում մեր ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին եւ վաստակելով 5.5 միավոր՝ նվաճեց չեմպիոնի կոչումը։ Նույնքան միավոր վաստակեց նաեւ իսրայելցի Բորիս Գելֆանդը, սակայն լրացուցիչ միավորներով զիջեց Լեւոնին, որը չի թաքցրել, որ այս հաջողությունն իր համար շատ կարեւոր էր. «Հասկանում էի, որ Լոնդոնից հետո հոգնած կլինեմ: Սակայն նման հրաշալի վայրերում խաղալու հրավերներ ամեն օր չես ստանում: Նման ուժեղ մրցաշարում հաղթանակն ինձ համար մեծ պատիվ է: Առավել եւս՝ Ալյոխինն իմ սիրելի շախմատիստն է: Ես շատ շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին, որոնք Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում գալիս էին մրցաշարին` աջակցելու ինձ»:
Լեւոնի խաղի մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը:
-Եթե հաղթում են, ապա, բնականաբար, խաղը լավ են գնահատում: Կարծում եմ, որ այդպիսի հզոր մրցաշարերում ամեն մի շախմատիստ շատ ուրախ կլիներ, որ կարողացավ հաղթել:
-Ո՞ր պահին զգացիք, որ Լեւոնը կարող է հաղթել, ո՞ր պարտիաները կառանձնացնեիք:
-Կառանձնացնեի երկրորդ պարտիան, երբ հաղթեց Կրամնիկին, եւ չորրորդը, երբ հաղթեց Սվիդլերին: Պարտիաները որակով էին, ինչը վկայում էր այն մասին, որ Լեւոնն այս մրցաշարում ավելի ազատ էր խաղում, քան Լոնդոնում: Վերջին պարտիաները նույնպես խաղում էր շատ հավասար եւ շատ լավ ու կարեւոր հաղթանակով կարողացավ դուրս գալ առաջին տեղ: Իսկ առաջին տեղի համար պայքարը լարված էր. ե՛ւ Գելֆանդը, ե՛ւ Ադամսը, ե՛ւ Վաշիե-Լագրավն առաջին տեղը գրավելու հնարավորություն ունեին:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչը խանգարեց Լեւոնին Լոնդոնի հավակնորդների մրցաշարում գրավել առաջին տեղը:
-Պատասխանատվությունը. մրցաշարի կարեւորությունն այնքան մեծ էր, որ այդ լարվածությունը խիստ բացասական ազդեցություն թողեց ե՛ւ Լեւոնի, ե՛ւ Կառլսենի խաղի վրա: Երկուսի մոտ էլ խաղի խիստ անկում էր զգացվում` հատկապես մրցաշարի երկրորդ կեսում:
«ԼԵՎՈՆՆ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԷՐ ԽԱՂՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ