Ինչո՞ւ. հարց, որն այդպես էլ պատասխան չստացավ. Գյումրիի ոճրագործությունից մեկ տարի անց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի հունվարի 12. օր, որը ցնցեց ողջ հայությանը: Ինչո՞ւ. բոլորին հուզող հարց, որն արդեն մեկ տարի է՝ պատասխան չի ստացել: Ի՞նչ կհաջողվի բացահայտել մոտ մեկ ամիս առաջ մեկնարկած դատաքննության ընթացքում, ի՞նչ հարցերի պատասխանեց նախնական քննությունը և, ի վերջո, ո՞վ է իրականում Վալերի Պերմյակովը:

Սպանվածների հարազատները մինչ օրս չեն հավատում դեպքին՝ Պերմյակովի միայնակ մասնակցության վարկածին. նմանատիպ ոճրագործությունը միայնակ ոչ ոք անել չէր կարող:

Ինչո՞ւ առաջ քաշվեց Վալերի Պերմյակովի՝ սատանիստ լինելու վարկածը: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բերած դիտարկումների համաձայն՝ մեղադրյալ Պերմյակովը «Օդնոկլասսնիկի.ռու» սոցկայքի իր էջում սատանայի հետ պայմանագիր է կնքել՝ նրան նվիրվելու և հանուն նրա կանանց, տղամարդկանց և երեխաների զոհաբերելու մասին խոստում տվել:

Մինչդեռ «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը առաջին.ամ լրատվական ծառայությանը հայտնել է, որ Վալերի Պերմյակովը սատանայապաշտ լինել չի կարող այն պարզ պատճառով, որ ավտոմատով ծիսակարգային սպանություն չի կատարվում:

Քրեական հոգեբանի խոսքով՝ կրոնի հենքով այդպիսի սեկտաները կամ ուղղություններն ունենում են ծիսակարգայնություն, կատարում են ծիսակարգային բնույթի սպանություններ, ինչն Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքում չի երևում: «Ինչո՞ւ պետք է մարդը՝ հասկանալով, որ գնում է ցմահ ազատազրկման, լռի: Ի վերջո ե՞րբ ենք ստում: Կա՛մ պահում ենք մեր ներսի տականքին, կա՛մ պահում ենք մյուս՝ ռուսական կողմի՝ տականքին»:

Հարցերն այսքանով չեն ավարտվում: Արդյոք պե՞տք է ձեռք բերում համարել միայն այն փաստը, որ գործի քննությունը տրվել է հայկական կողմին: Միայն այն հանգամանքը, որ դատավարությունն անց է կացվում ռուսական ռազմաբազայի տարածքում, արդեն իսկ բազմաթիվ դժգոհությունների և քննադատությունների տեղիք է տվել: Եվ, որ ամենատարօրինակն է՝ Պերմյակովին հսկում են ռուս զինծառայողներ: Մինչդեռ նա հանձնվել է հայ արդարադատությանը և նրան պետք է հսկեն հայ իրավապահները: Պակաս խնդրահարույց չէ Պերմյակովին հսկողների քանակը:

Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով դատաքննությունը լարված մթնոլորոտւմ մեկնարկեց: Թե ինչպիսին կլինի ընթացքը, դժվար չէ պատկերացնել:

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս