Խնամակալության եւ հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Հայտարարությունում ասվում է.
“Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները եւ նրանց կից հանձնաժողովները Հայաստանում միակն են, որոնք համայնքներում իրականացնում են անմիջական աշխատանք ընտանիքների, մասնավորապես՝ երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանության ուղղությամբ: Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ` Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով՝ իր կողմից հաստատված աշխատակարգին համապատասխան: Սա նշանակում է, որ հանձնաժողովի գործունեությունը եւ հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները պատշաճ կերպով չեն վերահսկվում, որի արդյունքում հանձնաժողովը կարող է կամայական մոտեցում ցուցաբերել երեխաների համար բախտորոշ հարցերին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումներում դիմումատուների կողմից բազմիցս բարձրացվել է հատկապես Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կողմից երեխայի կյանքի հետազոտության ոչ պատշաճ իրականացման վերաբերյալ հարցը: Խնդիրն այն է, որ Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի եւ այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը: Անհրաժեշտ է պարբերաբար տնայցեր կազմակերպել երեխաների բնակության վայր, ինչպես նաեւ շարունակական կերպով հետազոտել երեխաների կյանքի պայմանները, մասնավորապես՝ այն ծնողի վերաբերմունքը դեպի երեխաները, որի հետ բնակվում են, երեխաների հոգեբանական վիճակը, նրանց առաջադիմությունը եւ այլն:
Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից պետք է հաշվի առնվեն երեխաների հիվանդությունները եւ այդ հիվանդությունների դեպքում երեխաների համար նախատեսված անհրաժեշտ հատուկ խնամքը: Գործնականում, սակայն, հաճախ տրվում են եզրակացություններ մեկ տնային այցելությունից հետո, քանի որ սուբյեկտիվ գնահատմամբ մեկ տնայցը համարվում է բավարար: Պատճառը կյանքի պայմանների մանրամասն հետազոտություն իրականացնելու համար չափորոշիչների բացակայությունն է, ինչը այս ոլորտում առկա բազմաթիվ այլ օրենսդրական բացերի հետ մեկտեղ Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների աշխատանքի թերությունների պատճառ է հանդիսանում:
Պաշտպանի կողմից առաջարկ էր ներկայացվել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին քննարկել համապատասխան իրավական ակտերում լրացումներ կատարելու հարցը` կյանքի հետազոտման գործընթացը համապատասխան մարմնի կողմից գործնականում հստակ կարգավորելու եւ իրականացնելու համար: Ի պատասխան՝ նախարարը հայտնել է, որ ներկայում իրականացվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիր, որի արդյունքում մշակվում են ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծեր:
Համակարգի ամբողջական ներդրմամբ կկարգավորվեն նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ բարձրացված` երեխայի (ընտանիքի) կենսապայմանների հետազոտության, անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրման ողջ գործընթացի, դրա մոնիթորինգի եւ գնահատման հետ կապված հարաբերությունները: Հույս ենք հայտնում, որ հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հետեւողական կլինի հետազոտման գործընթացի իրականացման հստակ կարգավորումներ նախատեսելու հարցում եւ ինտեգրված սոցիալական ծառայությունների ծրագրի իրականացման արդյունքում իրապես վեր կհանվեն երեխաների պաշտպանության համակարգի առկա թերությունները”: