ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԵՂՃ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԳԱԼԱ»-ի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ՝ ստորագրված ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից, որով ՀՀ իշխանությունները` ի դեմս Ս. Կարապետյանի, իրենց ձեռքն են պարզում եւ օժանդակություն խնդրում այն քաղաքացիներից, որոնք ցանկություն ունեն օգնելու եւ հանգանակություն կատարելու փաստաթղթում նշված հաշվեհամարով: Հանգանակված գումարը, ըստ փաստաթղթի, ԳՆ-ն փոխանցելու է օրերս կարկտահարությունից տուժած տնտեսություններին՝ փոխհատուցելու վնասը: Ըստ երեւույթին, այս փաստաթուղթն ավելի շատ միտված է ազդելու սփյուռքի մեր հայրենակիցների վրա:

ՍԵՐԳԵՅԻՉԻ ԳՈՐԾԵՐԸ ԿՎԱՏԱՆԱՆ
Վրաստանում ձերբակալել են ՆԳ նախկին նախարար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն: Նրա դեմ ներկայացվել է երեք մեղադրանք՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 164-րդ, 182-րդ եւ 332-րդ հոդվածներով: Հարցաքննումից հետո դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ գործն առնչվում է Մերաբիշվիլու կոռուպցիոն գործունեության երկու դրվագի: Դրանցից մեկը գրանցվել է 2012թ., երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վրաստանի վարչապետն ավելի քան հազար ակտիվիստների ապօրինի ձեւակերպել է որպես աշխատողներ եւ դրա դիմաց պետբյուջեից ստացել 5,2 միլիոն լարի: Երկրորդ միջադեպն առնչվում է Կվարիատի գյուղում «Միջազգային ինվեստիցիոն ընկերությանը» պատկանող ամառանոցի խլմանը: Մեղադրանքների հաստատման դեպքում Մերաբիշվիլուն սպառնում է 7-12 տարվա ազատազրկում: Ի դեպ, Վանո Մերաբիշվիլին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մտերիմն էր, որի հետ համատեղ բազմաթիվ բիզնեսներ ունի Վրաստանում: Վստահաբար, այս ձերբակալությունը վատ կանդրադառնա նաեւ Սերգեյիչի բիզնեսի վրա:

ԱՊՐԻ ՄԱՊ-Ի ԱԼԻԿԸ
Մեծամասնական ընտրակարգով Արմավիրի մարզից ընտրված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) երեկ ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում անդրադարձել է մայիսի 12-ի կարկտահարությանը. «Որպես գյուղատնտեսությանը մոտ կանգնած մարդ՝ ասեմ, որ այդ վնասը չի վերականգնվի եկող 2-3 տարիների ընթացքում: Պարզ լինելու համար ասեմ, որ այդ տարածքներում կորել է մոտ 20 հազար տոննա խաղող: 2-3 տարվա մեծ ծախսերի արդյունքում նոր կանցնեն լիարժեք բերքի»: Պատգամավորը պատրաստվում է դիմել ԿԳ, ինչպես նաեւ առողջապահության նախարարներին, որպեսզի կարկտահարությունից տուժած տարածքների ուսանողների ուսման վարձերը զեղչվեն, իսկ հիվանդները ստանան անվճար բուժօգնություն:

ԺԱՄԱՆԱԿԻ՛Ն ՎՃԱՐԵՔ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ միանում է Ալեքսանդր Պետրոսյանի` կարկտահարությունից տուժածներին օգնության հաշվեհամար բացելու նախաձեռնությանը եւ պատրաստ է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել: ԱԺ նախագահը կոչ է արել պատգամավորներին «գոնե այս վիճակում սատար կանգնել գյուղացիներին»: Նշենք, որ եթե Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանները ժամանակին գյուղացիներին վճարեն մթերած բերքի դիմաց, դա արդեն իսկ մեծ օգնություն կլինի:

ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արկադի Վարդանյանը երկու ամսով կալանավորվել է:




Լրահոս