ԲԱԽՈՒՄ
«Հենարան»-ի փոխանցմամբ՝ երեկ՝ երեկոյան, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի պողոտայում, վթարի է ենթարկվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցների ավտոմեքենաներից մեկը: Այն բախվել է «Ֆոլկսվագեն Պասադ»-ին: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
ԽԱՂԵՐ ԵՆ ՏՎԵԼ
«Առավոտ»-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվել է. «Դուք «Եվրատեսիլ»-ից առաջ կոչ արեցիք սփյուռքին, որ քվեարկեն «Դորիանս»-ի օգտին, սակայն տեսանք արդյունքները: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում դա»: Նախարարն ասել է, թե ինքը վերլուծություն է արել ու եկել այս եզրակացության՝ մինչեւ 2011-ը, քանի դեռ ժյուրին չէր մասնակցում քվեարկությանը, մենք ավելի լավ վիճակում էինք. «Ժյուրին սկսեց խաղեր, եւ կարողացավ մեր ձայների վրա ազդել»:
ՄԵՌԵԼԻ ԹՈՇԱԿՆԵՐԸ
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը երեկ ԱԺ-ում, անդրադառնալով Տիգրան Սարգսյանի արած պնդմանը, թե իշխանությունը պատժում է չարաշահումներ կատարած անձանց, օրինակ` սոցիալական հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին, որը մեղադրվում է կենսաթոշակների յուրացման մեջ, ասաց. «Խաչիկյանն ի՞նչ է արել ի վերջո: Խաչիկյանը փորձել է արդարություն հաստատել: Նա երեւի մտածել է այսպես. եթե այս մարդիկ` մահացածներն ու արտագաղթածները, կարող են քվեարկել, ինչո՞ւ թոշակ չստանան… Եթե այդ մարդկանց կարելի է օգտագործել, որպեսզի մնան իշխանության գլուխ, ինչո՞ւ չի կարելի այդ մարդկանց օգտագործել, որպեսզի պարզապես մի մարդ, ասենք՝ պարոն Խաչիկյանը, հարստանա»: Այս ելույթից հետո շատերը մոտենում էին Վ. Հովհաննիսյանին ու հայտնում իրենց գոհունակությունը: