Հայաստանի ֆուտբոլի 2012-2013թթ. առաջնությունում վերջին հորիզոնականը զբաղեցրեց Երեւանի «Բանանց»-ը, ինչի արդյունքում ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը որոշել է հրաժարական տալ:
Տեղեկանալով այդ մասին` ակումբի մի քանի ֆուտբոլիստներ բաց նամակ են ուղղել ակումբի հովանավոր Օլեգ Մկրտչյանին, թիմի անհաջողության համար մեղադրել են իրենց եւ խնդրել հաշվի առնել այն հանգամանքը, որ Սարգիս Իսրայելյանը «Բանանց»-ի հիմնադիրն է, եւ առանց նրա հնարավոր չէ պատկերացնել ակումբի հետագա զարգացումը:
«Ժողովուրդ»-ը դիմեց Սարգիս Իսրայելյանին՝ տեղեկանալու, թե երբ կքննարկվի նրա դիմումը:
-Դիմումն արդեն ներկայացված է, եւ մոտակա օրերին կլինի որոշումը:
-Ըստ Ձեզ` ավելի ճիշտ չի՞ լինի պարզապես ավելացնել ՀՀ առաջնության բարձրագույն խմբի թիմերի քանակը: Չէ՞ որ ժամանակին նման քայլ արվել է «Շիրակ»-ի նկատմամբ, եւ այդ թիմն այս տարի դարձավ առաջնության հաղթող: Իհարկե, ամեն դեպքում, դա չի արդարացնի թիմի` վերջին տեղը զբաղեցնելը:
-Դա արդեն ՀՖՖ գործկոմի որոշելիք խնդիրն է, եւ ես ոչինչ չեմ կարող ասել: Դուք ճիշտ նշեցիք «Շիրակ»-ի դեպքը: Այդ թիմին օգնել են, հիմա էլ թող «Բանանց»-ին օգնեն, եթե, իհարկե, ուզում են օգնել: Իսկ եթե չեն ուզում…
-Հենց Դուք եք 1992թ. թիմը ստեղծել, եւ Ձեր առաջարկությամբ այն անվանվել է Ձեր ծննդավայրի՝ Բանանցի անունով: Ակումբն այսօր ունի ակադեմիա, ահռելի աշխատանք է կատարվել… Իսկ առաջին խմբում թիմը պարզապես ինքնանպատակ մի ամբողջ տարի պետք է կորցնի:
-Տեսնենք, տեսնենք, թիմը դեռ արձակուրդում է, մոտ ժամանակներս կպարզվի իմ դիմումի ճակատագիրը: Իսկ «Բանանց»-ի` բարձրագույն խմբում մնալ-չմնալու հարցը, ինչպես նշեցի, ՀՖՖ գործկոմի որոշելիք է:
Հ.Գ. Նշենք, որ տարիների ընթացքում «Բանանց»-ի շրջանավարտներն ընդգրկվել են հանրապետության հավաքականի կազմում, տարբեր թիմերում: 2012թ. ակումբը ստեղծել է իր մանկապատանեկան ֆուտբոլի ակադեմիան, որտեղ փորձի փոխանակման նպատակով Հոլանդիայից հրավիրվել են ֆուտբոլի հայտնի մասնագետներ, ավարտվել է մարզաբազայի շինարարությունը, ստեղծվել են ֆուտբոլի զարգացմանն անհրաժեշտ բոլոր ենթակառույցները:
ԿՕԳՆԵ՞Ն «ԲԱՆԱՆՑ»-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ